«Առհասարակ չէի ցանկանա մեկնաբանել ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ արձանագրությունների ստորագրումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վերին Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու որոշում է ընդունել, իսկ հետո էլ իր որոշումից հետ է կանգնել Թուրքիայի հրահանգով»։ News.am-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նշելով, որ ինքը չէր ցանկանա մտնել նման հարցի քննարկման մեջ՝ Բոզոյանը նկատեց. «Նմանատիպ հայտարարություններ միշտ կլինեն, բայց այդտեղ մեզ համար հետաքրքիր որեւէ բան չկա»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի՝ պատերազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարությունները «պոպուլիստական, PR քայլեր են»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին նկատեց, որ նման ապատեղեկատվությունն առավել ձեռնտու է Թուրքիային. «Սրանով նա ուզում է ցույց տալ, որ ինքը մեծ հեղինակություն ունի եւ կարող է ազդել Ադրբեջանի վրա. սա Թուրքիայի ձգտումն է՝ միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ այստեղ կա նաեւ Ադրբեջանի խաղը, որը վերջերս սկսել է ակնհայտորեն ճնշումներ գործադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միջնորդների վրա. «Սրանով Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ընդունակ է պատերազմական գործողություններ սկսել»,- ամփոփեց նա։


















































