Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Վերջերս նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: 1993թ. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից մայիսի 3-ը հռչակվեց որպես միջազգային հանրության կողմից բաց եւ ժողովրդավարական հաստատություններ ձեւավորելու ու դրանք պահպանելու հարցում լրատվամիջոցների ունեցած կենսական դերը նշանավորելու օր: Տեղեկատվության եւ գաղափարների ազատ հոսքը երկրների միջեւ ու միջազգային սահմաններով փոխըմբռնում ու դրական տեղաշարժեր ապահովող հզոր ուժ է:
Մամուլի ազատության համաշխարհային օրը մեզ նաեւ հնարավություն է տալիս արժանին մատուցել աշխարհի բոլոր լրագրողներին, ովքեր քաղաքացիներին իրազեկելու, նրանց մտահոգություններն արծարծելու կամ պաշտպանելու աշխատանքը կատարելիս հաճախ հանդիպում են բռնությունների ու ոտնձգությունների: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, 2009թ. ընթացքում սպանվել է 71 լրագրող: Հարյուրավոր լրագրողներ ձերբակալվել են, ենթարկվել հարձակումների եւ առեւանգվել: Այս խիզախ կանայք եւ տղամարդիկ, ովքեր հաճախ լավ չեն վարձատրվում, աշխատում են գերծանրաբեռնված, հասկանում են, որ թափանցիկության ու հաշվետվողականության մթնոլորտի ձեւավորման համար ազատ լրատվությունը էական է: Իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը պատասխանատվությունից զատ նաեւ վտանգ է նրանց համար:
Մենք, դատապարտելով լրագրողների նկատմամբ բռնությունները, գրաքննությունը եւ ոտնձգությունները, որոնք բոլորն էլ անկախ լրատվությունը ծնկի բերելու փորձեր են, պետք է ինքներս մեր առջեւ խնդիր ունենանք բարելավել այն միջավայրը, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում լրագրողները: Հայաստանը Ֆրիդոմ Հաուզի լրատվամիջոցների ամենամյա հետազոտության արդյունքներով կրկին գնահատվել է որպես «ոչ ազատ»: Զեկույցում հիշատակվող խնդիրները ներառում են բռնության միջադեպերը, վարչական եւ ֆինանսական ճնշումների վտանգը, ինքնագրաքննությունը, կողմնակալությունը եւ ընտրովի քաղաքական լուսաբանումը: Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ շտկել այս խնդիրներն ու նաեւ մանրակրկիտ կերպով հետաքննել ու քրեական հետապնդում իրականացնել լրագրողների նկատմամբ հարձակումների փաստերով: Այլապես անպատժելիության զգացումը խթան կհանդիսանա հետագա ոտնձգությունների համար:
Առաջիկայում հույս ենք հայտնում, որ պատասխանատու կերպով կյանքի կկոչվի զրպարտության մասին նոր օրենքը: Մենք նաեւ հուսով ենք, որ թվայնացման գործընթացը կիրականացվի բաց եւ թափանցիկ կերպով ու բացասաբար չի անդրադառնա մարզային ու տեղական ոչ մեծ ընկերությունների վրա, եւ որ նոր լիցենզիաները կտրամադրվեն թափանցիկ ու արդարացի գործընթացի միջոցով: Մենք ընդունում եւ գնահատում ենք կառավարության ակտիվ քայլերը՝ ուղղված էլեկտրոնային կառավարման համակարգի համապետական ներդրմանը: Սա նշանակալի առաջընթաց քայլ է պետական տեղեկատվությունն առավել դյուրին կերպով քաղաքացիներին հասանելի դարձնելու ուղղությամբ:
Այսօրվա արագ զարգացող համընդհանուր միջավայրում առաջ գնալու համար հասարակությունները պետք է օգտագործեն իրենց անդամների ստեղծագործ մոտեցումներն ու ձիրքերը: Սա նշանակում է՝ վստահել քաղաքացիներին, որ նրանք կարեւոր որոշումներ կայացնեն՝ հիմնվելով ամբողջական տեղեկատվության վրա: Մամուլի ազատության ապահովումը լավագույն ուղին է երաշխավորելու, որ քաղաքացիներն ունենան իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել