ԱԺ, ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցություններին
Մեծարգո երեսփոխաններ, օրերս առաջին ընթերցմամբ ընդունել եք «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Նախքան այդ նորացված օրինագծի վերջին քվեարկությունը, ուզում ենք ձեր ուշադրությունը սեւեռել նրա հատկապես մի դրույթի վրա, որը նախատեսում է փոփոխել Ոստիկանության ակադեմիայի ընդունելության կարգը, այսուհետեւ այդ ուսումնական հաստատություն կարող են դիմել միայն Ազգային բանակում ծառայած անձինք։
Մի՞թե կարելի է մայիս ամսին, երբ մինչեւ ընդունելության քննությունները հաշված օրեր են մնացել, գրչի մի հարվածով խաղալ մեկ տարի շարունակ Ակադեմիայի քննություններին պատրաստվող ութ հարյուր երիտասարդների ճակատագրերի հետ։ Այդ տղաներն օրենքի փոփոխությունից հետո դժվարանալու են մասնակցել նույնիսկ միասնական ավարտական քննությանը, որովհետեւ այն ընդգծված տարբեր է իրենց պարապածից, որեւէ այլ ուսումնական հաստատություն ընդունվելու մասին արդեն չենք խոսում։ Երիտասարդների մի ստվար մասը դեռ չի հասել անգամ զորակոչի տարիքի եւ դատապարտվելու է մեկ-երկու տարի անորոշության։ Մի՞թե հնարավոր չէր այս օրենքի մասին հայտարարել մի քանի ամիս առաջ։
Հարգարժան պատգամավորներ, Ձեզանից յուրաքանչյուրը ծնող է եւ, հավատացած ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է, թե այդ փոփոխությունն ինչ բարդ հետեւանքներ կարող է ունենալ մեր զավակների համար, թե ինչպես կարող է անդրադառնալ ութ հարյուր ընտանիքների վրա, խնդրում ենք վերանայել Ձեր տեսակետը օրենքի նախագծի այդ կետի շուրջ եւ նրա կիրարկումը հետաձգել մինչեւ հաջորդ տարի։


















































