ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ ապրիլի 30-ին կայացել է նախարարության ատյանի հերթական նիստը, ուր հաշվի առնելով, որ հայ ժողովրդի նվիրյալների անդաստանում իրենց ուրույն տեղն ունեն հայ ազգային բարերարները, որոշվել է հիմնել «Հայ ազգային բարերարների ճեմուղի»՝ ի նշան ազգի նվիրյալների հանդեպ ունեցած հարգանքի եւ երախտիքի, որպես մեր ներկա եւ ապագա սերունդներին հայ բարերարների օրինակով դաստիարակելու միջոց:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Երեւան քաղաքում հատկացնել հատուկ բացօթյա տարածք (այգի), որտեղ կզետեղվեն ընտրված բարերարների անուններով եւ նրանց վերաբերյալ հակիրճ տվյալներով հուշարձաններ (կիսանդրի, հուշատախտակ, արձան եւ այլն):
Գովելի է ինչպես ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, այնպես էլ զգուշավորությունն ու հեռատեսությունը՝ բավարարվել միայն հուշատախտակներով, առանց ծառերի: Այսօր Երեւանում չկա մի այգի, որտեղ ծառեր չեն հատվել, առանձին դեպքում՝ զանգվածաբար են հատվել՝ Երեւանի իշխանությունների թույլտվությամբ կամ լուռ համաձայնությամբ: Ի տարբերություն ծառի, կիսանդրին կամ հուշատախտակը չեն հատի:


















































