Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Կապանի ավագանին որոշել է համայնքային բյուջեի հաշվին որոշակի արտոնություններ եւ ֆինանսական աջակցություն տրամադրել կապանցի վետերաններին: Կապանում այսօր Հայրենական մեծ պատերազմի 73 վետերան է ապրում, որից 7-ը կին է: Ըստ հաստատված որոշման՝ վետերաններն ազատվում են գույքահարկի եւ հողի հարկի գծով՝ ապրիլի 1-ի դրությամբ գրանցված բոլոր պարտավորություններից: Աղբահանության ծառայությունների վճարների կուտակված պարտավորությունների զիջում եւ 100% արտոնություններ է սահմանվել նրանց համար: Բացի այդ, որոշվել է փոխհատուցել բազմաբնակարան շենքերում բնակվող եւ համատիրության անդամ վետերան-սեփականատերերին 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սպասարկման վճարները, փոխհատուցել հանրապետութան տարածքում միջքաղաքային ավտոփոխադրումներով՝ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, տոմսերի արժեքը, ինչպես նաեւ ապահովել ընդհանուր օգտագործման տրանսպորտով համայնքի տարածքում վետերանների անվճար երթեւեկությունը: Ավագանու որոշմամբ կապանցի բոլոր վետերաններին տրամադրվելու է նաեւ 15 հազարական դրամ:


















































