Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Մարտի 18-ի ՀՀ կառավարության թիվ 321-Ն որոշմամբ հաստատվեց 2010/2011 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար նախատեսված տեղերի քանակը: Որոշման արդյունքում տեղերի քանակը գրեթե կիսով չափ կրճատվել է: Ինչպես հայտնի է, 21-րդ դարի գիտությունը կենսագիտությունն է, եւ ՀՀ կառավարության կողմից քննարկվող ՀՀ գիտության զարգացման ռազմավարության մեջ նշված քայլերը նպատակ ունեն զարգացնել եւ երիտասարդացնել գիտությունը ՀՀ-ում, սակայն ասպիրանտուրայի՝ տարկետման իրավունքով տեղերի քանակի կտրուկ կրճատումը լիովին հակասում է ռազմավարության մեջ նախատեսված քայլերին: Ձեր՝ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ (Սիլիկոնային հովիտ) Դուք նշեցիք, որ անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել IT եւ կենսատեխնոլոգիաները, որոնք պետք է մեր տնտեսության արդիականացման հիմքը հանդիսանան։ Մենք վստահ ենք, որ Դուք քաջ գիտակցում եք, որ Հայաստանի նման փոքր եւ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացման ամենաճիշտ ուղին գիտության վրա հիմնված արդի տնտեսության ստեղծումն է։ Բավական է նշել Սինգապուրի եւ Իսրայելի օրինակները, որոնց ՀՆԱ-ի 30%-ից ավելին ձեւավորվում է տնտեսության ինովացիոն ճյուղերից։
Եթե ՀՀ-ն նպատակ է հետապնդում ստեղծելու նմանատիպ տնտեսություն, ապա խնդիր է առաջանում Հայաստանում ապահովել որակյալ նոր կադրերի եւ երիտասարդ գիտնականների աճեցումը։ «Լույս» հիմնադրամի ստեղծումը մի փոքրիկ քայլ է, սակայն անհնար է խելացի, ճկուն եւ ստեղծագործական միտք ունեցող, գիտությամբ զբաղվող բոլոր երիտասարդներին ուղեւորել արտասահմանյան բուհեր եւ ինստիտուտներ։ Անհրաժեշտ է ստեղծել նորմալ գիտակրթական պայմաններ Հայաստանում ուսանելու եւ աշխատելու համար, անհրաժեշտ է պետական ծրագիր, որով շնորհալի երիտասարդներին կտրվեն մեծ առավելություններ, կապահովվի նրանց ուսուցման շարունակականության սկզբունքը, որն առանցքային նշանակություն ունի երիտասարդ գիտնականի կայացման համար եւ կխրախուսվի նրանց մտավոր աշխատանքը։
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան», գիտակցելով խնդրի լրջությունը եւ մտահոգված լինելով կենսագիտության ապագայով ՀՀ-ում, խնդրում է Ձեզ հաշվի առնել կրթության շարունակականության սկզբունքը եւ հնարավորություն տալ կենսագիտության մի շարք ուղղություններով մասնագիտացած մագիստրոսներին ուսանել ասպիրանտուրայում: ՀՀ կառավարության որոշման արդյունքում անտեսվել են մի շարք կարեւոր ուղղություններ: Մասնավորապես բացակայում են հատկացումները կենսաբազմազանության հետազոտության ոլորտում (բուսաբանության, կենդանաբանության): ՄԱԿ-ի կողմից 2010թ. հայտարարվել է Կենսաբազմազանության պահպանման տարի, եւ ողջ աշխարհում գիտական հանրությունը եւ հասարակությունը փորձում են իրենց ներդրումն ունենալ կենսաբազմազանության պահպանման գործում: Այդ միջոցառումներից է նաեւ երիտասարդ գիտնականների համար հավելյալ գիտակրթական հնարավորությունների ստեղծումը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ նաեւ այն, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության «թեժ կետ» եւ անհրաժեշտություն կա պահպանել ու հետազոտել մեր բնությունը, մենք առաջարկում ենք Ձեզ ավելացնել 2010/2011 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ ՀՀ ԳԱԱ բնագիտական՝ հատկապես կենսաբանական ուղղվածություն ունեցող (կենդանաբանություն, բուսաբանություն, մանրէաբանություն եւ այլն) ինստիտուտներում։


















































