Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետարանն արձագանքում է

Մայիս 05,2010 00:00 Share

«Առավոտում» (16.04.2010) տպագրված «Դպրոցի տնօրենին խախտումո՞վ են ընտրել, թե՞ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի պայմանագիրը չստորագրելը մարզպետի կամայականությունն է» խորագրով հոդվածն ընթերցելուց հետո անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ արձագանքել այդ հրապարակմանը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ հիշյալ թեմայի իրողությունն ամբողջությամբ չի յուրացվել մի շարք մարդկանց կողմից եւ ապակողմնորոշելու հիմք է հանդիսանում։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռեւս 2009 թվականի հուլիս ամսին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը ենթադրում էր տնօրենների ընտրության նոր կարգի զաղափարը՝ Կոտայքի մարզպետարանը դիմել է ՀՀ ԿԳ նախարարություն ու պարզաբանում խնդրել գործընթացի կարգավորման վերաբերյալ։ Ստացված պարզաբանման մեջ Կոտայքի մարզպետարանին առաջարկվել է ձեռնպահ մնալ հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ անցկացնելու գործընթացից, մինչեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի բաց մրցույթի, ընտրության /նշանակման/» նոր կարգի հաստատումը։ Այդ մասին տեղեկացվել են ինչպես մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն ունեցող հանրակրթական այլ հաստատությունների, այնպես էլ, բնականաբար, Պռոշյան համայնքի Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի կառավարման խորհուրդները։
Հարկ է նշել նաեւ, որ վերոհիշյալ դպրոցի կառավարման խորհուրդը խախտել է անգամ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տնօրենի) մրցույթի, ընտրության եւ նշանակման նախկին կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները եւ իր կողմից «որոշված» մրցույթին մասնակցելու նպատակով հրավիրել ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ, խորհուրդն իրականացրել է մի գործառույթ, որը, ըստ մեջբերված նախկին կարգի, բացառապես վերապահված է տարածքային կառավարման մարմնին։
Հիշյալ ընթացակարգն արդեն իսկ մեկ անգամ շրջանցած խորհուրդն իր հեղինակած մրցույթում թույլ է տվել նաեւ նույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետի պահանջների խախտումներ, որոնք եւ հետագայում մաս են կազմել մրցույթի արդյունքները վերանայելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրություններին։
Այդ ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել են մեր կողմից բերված փաստարկները եւ հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն՝ համապատասխան եզրակացությամբ, որն էլ հիմք է հանդիսացել Մարիամ Պետրոսյանի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար։ Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ պահանջվող բոլոր փաստաթղթերով եւ իրավական անհրաժեշտ հիմնավորումներով հաստատվող այս իրողությունը դեռեւս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում անընդհատ շահարկումների թեմաներ փնտրողների համար։
Հրապարակման մեջ ներառված մեկ այլ խնդրի անդրադառնալով, եւս պետք է նշել, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար նախատեսված եռամսյա ժամկետ հասկացությունը դարձյալ երեւակայություն է, որին պատգամավորական վերլուծականում անգամ չի հաջորդում որեւէ իրավական հիմնավորում։
Ի դեպ,  արդեն իսկ հաստատվել է մրցույթների անցկացման նոր կարգը եւ պաշտոնական հրապարակումից հետո կստանա իրավական ուժ, կկանոնակարգվեն համանման գործընթացները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել