Թուրքիայի Թունջելիի նահանգի Փուլումուրի շրջանի ժանդարմերիայի հրամանատարության վրա հարձակում են գործել մի խումբ PKK-ի զինյալներ:
Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet» թերթը: Աղբյուրի փոխանցմամբ, մայիսի 3-ի ուշ երեկոյան քուրդ զինյալների խումբը տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակահերթի տակ է պահել Փուլումուրի շրջանի ժանդարմերիան: Վերջինիս անմիջապես օգնության են հասել ռազմական «Կոբրա» ուղղաթիռները, որոնք ռմբահարել են քուրդ զինյալների հավանական դիրքավորման վայրերը: «Sikorsky» ուղղաթիռներով արագ դեպքի վայր են նետվել նաեւ թուրքական հատուկ նշանակության զորաջոկատներ:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ զինված հարձակում էր տեղի ունեցել Թունջելիի նահանգի մեկ այլ շրջանի ժանդարմերիայի վրա: Այն ժամանակ քուրդ զինյալները սպանել էին 4 զինվորականի, այդ թվում՝ ժանդարմերիայի հրամանատարին:


















































