Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԳԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԱԼԸ ԵՎ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Մայիս 07,2010 00:00

Իդեալի կործանարար ազդեցության մասին

1. ՀՀ արտաքին քաղաքականության առաջին հիմնարար սխալը

\"\"Ամեն մի գործում, իհարկե, հնարավոր են փոքր ու մեծ սխալներ: Սակայն կա սխալի մի տեսակ, որ հիմնիվեր աղճատում եւ նենգափոխում է գործը եւ անհնարին դարձնում նրա իրականացումը: Արցախի հիմնախնդրում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այդօրինակ հիմնարար սխալ է կատարված. Արցախը չի մասնակցում խնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին: Իշխանություններն եւ քարոզչության եռանդագին հավաստիացումները առ այն, որ մշտապես խորհրդակցություններ են տեղի ունենում Արցախի իշխանությունների հետ՝ կարող են համոզիչ լինել միայն քաղաքականությունից անտեղյակ բնակչության համար, այնինչ, իրականում կոնֆլկտի բնույթը միջազգային հանրությունը ընկալում է հենց պաշտոնապես բանակցող կողմերի կազմով՝ որպես կոնֆլիկտագոյացնող բաղադրիչների: Ըստ այդմ՝ Արցախի հիմնահարցը օբյեկտիվորեն-առարկայապես դրված է որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճարկելի տարածքային պատկանելության հարց: Ինչպե՞ս էր հնարավոր խնդրի այդպիսի նենգափոխում: Մի կողմ թողնելով այդ թեմային վերաբերող բազմաթիվ տեսական եւ փաստական արծարծումները՝ անդրադառնամ իմ մի անհատական դիտարկմանը:

2001 թե 2002 թվականին էր, ՀՀ նախագահ Քոչարյանը հանդիպում էր Երեւանի պետական բժշկական համալսարանի կոլեկտիվի հետ: Դահլիճից հարց հնչեց. «Չե՞ք կարծում, որ բանակցային գործընթացից Արցախի դուրս մնալը ՀՀ արտաքին քաղաքականության լուրջ պարտությունն է»: Նախագահ Քոչարյանը քամահրալից ժպտաց եւ ասաց. «Չե՞ք կարծում, որ ես ամենից արդյունավետ կարող եմ ներկայացնել Ղարաբաղի շահերը: Եվ հետո, ի նկատի առեք, որ Ղարաբաղը փոքր, աշխարհում չճանաչված երկրամաս է, այնինչ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ ինքնուրույն պետություն է, եւ նրա ղեկավարի խոսքը միջազգային կշիռ եւ հնչողություն ունի»: Մտքովս անցավ, որ այս մարդը ինչքան որ հաջողակ է եղել մարտի դաշտում, այդքան էլ անպատեհ է քաղաքականության մեջ: Չէ՞ որ ակնհայտ է՝ բանը բացարձակապես չի վերաբերում այն բանին, թե դու որտեղացի ես կամ ինչքանով Արցախի շահերը քեզ ծանոթ եւ հոգեհարազատ են, այլ նրան, որ դու Հայաստանն ես ներկայացնում, ուրեմն եւ՝ Ադրբեջանի նախագահի հետ բանակցելով՝ իրավաբանորեն ձեւագոյացնում ես կոնֆլիկտի միջազգայնորեն ընկալելի բնույթը: Նաեւ ենթադրեցի, որ հավանաբար այդ միտքը Քոչարյանին ներշնչել է ծեր եւ իմաստուն գորշ գայլ Հեյդար Ալիեւը՝ հեռատեսորեն շահարկելով երիտասարդ եւ անփորձ քաղաքական գործչի ինքնաբավ եւ անձնապաստան կեցվածքը՝ դրանով իսկ հիմնավորապես շահելով դիվանագիտական ճակատամարտը: Հետո միայն անդրադարձա, որ այդ մտայնությունը ընդհանրական է արցախյան ծագումի հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական գործիչներին՝ Արցախի խնդիրները Արցախին չթողնել, այլ լուծել Հայաստանի ուժերով: Այդ մտայնությունը բոլոր առումներով կարող է ընդունելի համարվել՝ բացի քաղաքականից: Եթե ի լուր աշխարհի ազդարարում ես, որ հասուն ես քաղաքական ինքնուրույն գոյության համար, ապա եւ բարի եղիր չթաքնվել ծնողիդ թիկունքում (փեշերի տակ), այլապես, եթե քո այդօրինակ պահվածքը միջազգային հանրությունը կորակի որպես քաղաքական ինֆանտիլություն (երեխայամտություն), ապա քո ծնող Հայաստանի պահվածքը՝ երեխայի ինքնորոշումը հովանավորելուն միտված, ստույգ որակում է որպես ծավալապաշտություն եւ ագրեսիա:

2. Հեգելը եւ արտաքին քաղաքականության երկրորդ հիմնարար սխալը

Դա կարող է շատ անսպասելի եւ ոչ ակնհայտ թվալ. հայոց դիվանագիտության հիմնարար սխալ եմ առաջարկում գնահատել այն, ինչը քաղաքական իշխանությունը եւ պաշտոնական քարոզչությունը տարփողում են որպես դիվանագիտական հաղթանակ՝ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները որպես արցախյան հիմնահարցի լուծման եղանակ առաջադրմանը ՀՀ համաձայնություն: Որպեսզի հասկանալի դառնա իմ դիրքորոշումը, ստիպված եմ «հեռվից» գալ՝ քաղաքական փիլիսոփայությունից եւ քաղաքական մտածողության մեթոդաբանությունից:

Մեկ անգամ ես արդեն առիթ ունեցել եմ այդ մասին գրելու («Ազգ», 1.11.2008թ.): Հեգելն, ուրեմն, ի տարբերություն Արիստոտելից սկիզբ առած ավանդույթի, համաձայն որի, հակասությունը մտքի ոչ կոռեկտության արտահայտություն է, պնդում է, որ հակասությունը ոչ միայն օբյեկտիվ-առարկայական գոյակարգ ունի, այլեւ ամենայն մի երեւույթի կենսունակության եւ ինքնազարգացման հիմքն է ու հնարավորությունը: Չկրկնելով այդ հարցին վերաբերող նրա քրեստոմատիական մտքերը (որ ամեն մի համալսարանականի պետք է որ ծանոթ լինեն)՝ անդրադառնանք նրա ոչ- քրեստոմատիական պնդումներին: Հակասության էվոլյուցիան, որ նրա «Ոգու ֆենոմենոլոգիայի» գլխավոր լեյտմոտիվն է, արձանագրում է հակասության լինելիության երկու՝ որակապես տարբեր status-ներ՝ հակասությունը որպես երկհակադրությունների անհաշտելի պայքար, որը աննահանջ կերպով միտում է լուծման եւ հանգստի, եւ երկրորդ՝ հակադրությունների միջնորդավորումը եւ հաշտեցում-խաղաղեցում երեւույթի հիմքում եւ էության մեջ, որ նախընթաց գոյակարգի՝ հակադրությունների անհաշտ պայքարի արդյունքն է միայն: Ըստ Հեգելի, հակադրությունների միջնորդավորում-հաշտեցումը բնորոշ է միայն երեւույթի էյդոսին, իդեային, այնինչ, երեւույթի ամեն մի վերջավոր-անկատար վիճակ բնորոշում է հակամարտություններով եւ «դժբախտ գիտակցությամբ»: Այսպես, ուրեմն, դրանից հետո իր իրավունքի փիլիսոփայության մեջ Հեգելը, արձանագրելով, որ իր ժամանակակից պրուսական միապետության մեջ առկա են հակասություններ տարբեր դասերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ պետության միջեւ պնդում է, որ այդ հակասությունները հարկ է միջնորդավորել-հաշտեցնել՝ ինչը որ հարիր կլիներ բացարձակ իդեայի առարկայացմանը հավակնող գերմանական քաղաքակրթությանը: Ի նկատի առեք՝ հակասությունը ոչ թե լուծել, այլ հենց միջնորդավորել-հաշտեցնել: Ինչը եւ հարուցում է երիտասարդ Մարքսի բուռն զայրույթը եւ եռանդուն գնահատումները: Նա որպես Հեգելի գլխավոր սխալ է գնահատում առարկայի էության (իդեալական վիճակի) եւ գոյության (անկատար-ընթացիկ վիճակի) կարգավիճակների շփոթումը եւ իդեալական վիճակի համընդհանրացում-բացարձակացումը (ԾՈՐՍր Խ., նվչպսՖր Ղ., հՏփ. 2-պ ՌջՊ. Ց. 1 ր. 324)

Ուրեմն՝ արդիական փիլիսոփայական եզրաբանությամբ արտահայտած՝ Հեգելի գլխավոր սխալը ըստ Մարքսի (եւ ըստ իս՝ Ֆ. Կ.) այն է, որ նա գոյաբանական (էկզիստենցիալ) հակասականությունը, որը տրիադիկ փուլայնությամբ լուծման է միտում, ներկայացնում է որպես էաբանական (էսսենցիալ) երկահակադրա միասնություն, որ երկբանյա միջնորդավորմամբ ներդաշնակ հաշտեցման եւ անվրդովության է միտում: Essentia pro existentia (էությունը՝ անկատար գոյավորի փոխարեն)- ահա այդ նենգափոխման լատինատառ ֆորմուլան:

Հետագայում, իրենց Մարքսին հետեւորդներ հորջորջած էպիգոնները Հեգելի այդ սխալը որակեցին որպես հետադիմություն, պահպանողականություն, կայսերապաշտություն եւ այլն, չնկատելով, որ նույնիսկ այդ սխալի մեջ տրոփում է մի հանճարեղ գաղափար, որ 20-րդ դարում կոչվեց կոմպլեմենտարություն…

Այժմ՝ pro domo mea, կամ ֆրանսիացիների ասած՝ վերադառնանք մեր ոչխարներին: Ի՞նչ կապ ունի Հեգելի այդ գերիմաստնությունը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հետ:

Ուղղակի եւ էական՝ կարդացածը հասկանալու խնդիր կա միայն: Հիրավի՝ ի՞նչ են այդ «Մադրիդյան սկզբունքներ» կոչեցյալ եռա-նորմերը, եթե ոչ միջազգային իրավունքի Հելսինկյան հիմնական նորմերը՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման վերաբերյալ: Իսկ ի՞նչ են վերջիններս, եթե ոչ պետությունների իդեալական-կատարյալ եւ ներդաշնակ վիճակի նկարագրություններ (Հեգելի ասած՝ երեւույթի էյդոսային-իդեալական վիճակը, որտեղ հակադրությունները միմյանց չեն հակասում, այլ միմյանց միջնորդավորում-փոխլրացնում են): Իսկ ի՞նչ է Արցախի հիմնահարցը՝ արմատական հակամարտ անհաշտություն, որ նաեւ ռազմական կոնֆլիկտով ժամանակավոր հանգուցալուծում է գտել: Հիմա դրա (դեռեւս թեժ, շարունակվող հակամարտության իրավիճակում) նկատմամբ առաջադրվում է ոչ թե կոնֆլիկտի լուծման բանալին (հակասության լուծման եղանակը), այլ կողմերի իդեալական-ներդաշնակ վիճակն արձանագրող պիտոյական նորմեր, որն ըստ էության կոնֆլիկտը վերադարձնում է իր ելակետին՝ ինքնորոշումը միայն տարածքային ամբողջականության համատեքստում:

Կարգավորման Մադրիդյան սկզբունքների ողջ թաքնված վտանգը հենց սա է՝ հավակնելով լինել կոնֆլիկտալույծ բանալի՝ այն ըստ էության անտեսում-վերացարկում է բուն կոնֆլիկտը՝ այն ակամա դիտարկելով որպես անոմալիա: Այնինչ, բուն կոնֆլիկտոլոգիական հարցադրումը մեկը կարող էր լինել՝ ինչքանո՞վ է հիմնավորված Արցախի քաղաքական ինքնորոշման ձգտումը եւ ինչպե՞ս են առնչվում արդի քաղաքական ռեալությունները այդ խնդրին:

Քաղաքական մտածողության մեթոդաբանության մեկնակետով Մադրիդյան սկզբունքները իրենց կոնֆլիկտալույծ կոչման մեջ վերացական-իդեալիստական են (Հեգելի գլխավոր սխալի հանգի), եւ ինչպես ամենայն մի վերացականություն՝ թշնամի կյանքի ռեալ ընթացքին ու հակաարդյունավետ: Միակ շահառուն այս պարագայում Ադրբեջանն է՝ ելակետային ststus guo-ին վերադառնալուն իր հասկանալի խնդրառությամբ: Բայց որ Հայաստանն է դա իր դիվանագիտական հաղթանակը սեպում՝ դա արդեն աբսուրդի, տարրական անըմբռնողականության կամ երջանիկ անգիտության արտահայտություն է…

ՀՀ դիվանագիտության այս երկրորդ՝ արմատական սխալը էապես բխում է առաջինից եւ ամբողջացնում-լրիվացնում է այն. Արցախի ազատագրման հաղթական իրականությունը դատապարտելով անխուսափելի միջազգային իրավական բռնաճնշումների:

3. Սատկացրած շունը քարշ տալու նզովքը

«Շունը սատկացնողին են քարշ տալիս»՝ ասում է ժողովրդական իմաստությունը: Վերջին տասը տարիներին Հայաստանում մի շուն էին սատկացնում, անունը՝ կոմպլեմենտար քաղաքականություն: Բանիմաց, օբյեկտիվ դիտորդի համար աներկբա էր, որ այդ մոդեռն, շատերի համար անհասկանալի բառով նշանակվում է ոչ հետեւողական, էկլեկտիկ, պատեհապաշտ, ամենակեր մի քաղաքականություն: Ոչ մի լուրջ քաղաքագիտական հետազոտություն, քաղաքական պատասխանատու պաշտոնյաների հույժ տարակուսելի, նաեւ զվարթ անտեղյակություն այդ խնդրի վերաբերյալ՝ երկրի ներսում, բացահայտ կամայական մեկնաբանություններ, քաղաքական անկանխատեսելիություն, այդ քաղաքականության մեկնաբանությունը որպես ճարպկորդություն, պստիկ երկրի ճստիկ քաղաքականության գնահատում՝ երկրից դուրս՝ ահա այդ քաղաքականության ամփոփ պատկերը:

Եվ ահա՝ մեր ազգային-պետական կարեւորագույն խնդրի վերաբերյալ միջազգային հանրությունը մեզ «դեմ է անում» հարցի ստույգ կոմպլեմենտարիստական լուծումը, որը բացարձակ անպատեհ է առաջադրված խնդրին, եւ մենք, փոխանակ այդ հանգամանքը ի ցույց դնելու եւ անվերապահ մերժելու՝ անտեղյակի ուրախությամբ (թրքի ասած՝ «բեխաբարությամբ») դա ընկալում ենք որպես փրկության փարոս: Քանզի իսպառ անտեղյակ ենք, թե ինչ ասել է հենց կոմպլեմենտարություն, որն է դրա քաղաքական իրավազորության ինտերվալը եւ այն կիրարկելի՞ է, արդյոք, կոնֆլիկտների լուծման պարագայում: Հիրավի՝ շունը սատկացրե՞լ ես, բարի եղիր քարշ տալ այն՝ գնա եւ խնդրիդ երկու հակադիր կողմերը փոխլրացչաբար միավորիր՝ իմա՝ ինքնորոշվիր տարածքային ամբողջականության համատեքստում:

Մեկ անգամ եւս՝ կրկնաբար եւ ընդգծումով ձեւակերպեմ հոդվածի գլխավոր թեզը: Մադրիդյան սկզբունքները, որոնք Հելսինկյան սկզբունքների պարզ վերարտադրությունն են, ոչ ադեկվատ եւ անպատեհ են որպես Արցախի հիմնահարցի լուծման նորմատիվ բազա, քանզի դրանք ձեւակերպված են այլ խնդրի եւ նպատակի համար՝ լինել պետությունների միջեւ եւ բազմաթղնիկ պետությունների մեջ իդեալական, ներդաշնակ, փոխպայմանավորող-փոխլրացնող հակադրամիասնական հարաբերությունների երաշխավոր: Այդ իդեալական ներդաշնակության առարկայական խախտման (կոնֆլիկտային իրադրության) համար հարկ է որպես կարգավորման նորմա ընտրել «խռովածին» կողմի հիմնավորվածությունը՝ թե ինչքանով է օրինականորեն հիմնավորված ազգերի ինքնորոշման նորմի տվյալ կոնկրետ առաջադրումը Արցախի կողմից: Այլապես իրադրությունը էապես համանման է այն բանին, որ ամուսիններից մեկը, օգտագործելով իր օրինական իրավունքը, ամուսնալուծման հայցով դիմում է դատարան, իսկ դատարանը ի պատասխան դրա, նրան «դեմ է անում» ընտանիքի ամրության եւ ներդաշնակության մասին օրենքի ներածություն-պրեզումպցիան: Լավագույնը լավի թշնամին է՝ ասում է անգլիական իմաստությունը: Ոչ իր տեղում հայտնված լավագույն իդեալականը պարզապես կործանարար է եւ հակակառուցիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել