Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ խանգարողներ գտնվեցին»

Մայիս 22,2010 00:00

Ռեժիսոր Գոհար Հարությունյանը պետպատվերով արված բեմադրությունը ներկայացնելու տեղ չունի:

\"\"«Տղամարդիկ սեփականաշնորհել են ռեժիսորի մասնագիտությունը»,- ասում է ռեժիսոր Գոհար Հարությունյանը:
Դեռեւս երեք ամիս առաջ նա նախաձեռնեց ըստ Ջ. Սելինջերի պիեսի՝ «Մի լքիր ինձ» հոգեբանական ներկայացումը: Մայիսի 8-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում կայացավ բեմադրության հանձնումը: Սակայն պրեմիերա այդպես էլ չեղավ՝ բեմ չունենալու պատճառով:
«Տարիներ առաջ ես Պարոնյան թատրոնը, որտեղ հայտնվել էի Ղազանչյանի հրավերով, լքեցի զուտ մարդկային գործոնի պատճառով: Ընդհանրապես թափառաշրջիկ ռեժիսոր եմ: Ոչ մի տեղ երկար չեմ մնում: Եվ պատճառն այն չէ, թե ուզում եմ օրիգինալ լինել… Մինչեւ Պարոնյանը, բեմադրություններ եմ դրել Պատանի հանդիսատեսի թատրոնում, Մետրո թատրոնում: Իսկ Պարոնյանում արդեն իմ հասուն, կայացած ներկայացումները դրեցի, ինչպիսին «Եզոպոսն» էր: Բայց չհարմարվեցի: Ինձ համար այդ թեման շատ ցավոտ է… Մարդիկ կան՝ կարող են քեզ այնքան սիրել եւ այնքան չսիրել, որ երկուսն էլ հավասար քեզ խանգարի ապրել: Բայց այդքանով հանդերձ, ես շնորհակալ եմ Ղազանչյանին ե՛ւ լավի, ե՛ւ վատի, ե՛ւ սիրո, ե՛ւ ատելության… եւ ամեն ինչի համար»,- պատմեց Գ. Հարությունյանը:
Թափառաշրջիկ եւ համառ ռեժիսորը, ինչպես ինքն է իրեն անվանում, ամեն մեծ բեմադրությունից հետո դժվարություններ է ունենում՝ բեմի հետ կապված. «Ռեժիսորի հաստիքն այսօր դուրս է եկել թատրոնից. ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով այն մարդիկ, ովքեր ստեղծագործելու, արարելու ցանկություն ունեն, օտարվել են թատրոնից: Այսօր այն մնացել է միայն գեղարվեստական ղեկավարների ձեռքին: Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց կա մի գործոն, որ պայմանավորված է սուբյեկտիվ մտածելակերպով՝ չեն սիրում, չեն հրավիրում»:
Գ. Հարությունյանը կարեւորում է արվեստագետի ազատ լինելու գաղափարը. «Ցավոք, շատ արվեստագետներ ազատությունն իրենց քիմքին չեն զգում, որովհետեւ հարմարվող են: Ոմանք հարմարվելու պատճառով անգամ խորտակվում են որպես արվեստագետ, որովհետեւ, եթե արվեստի մարդը հարմարվեց, ուրեմն կորած է: Եթե իրեն թելադրվում է մեկ ուրիշի  գեղագիտական ճաշակը, ուրեմն ինքը տեղ եւ ասելիք չունի արվեստում…»:
Հետաքրքրվեցինք՝ համառությո՞ւնն է պատճառը, որ իրեն տարածք չի տրամադրվում: «Այսօր կա բիզնես- ոլորտ, դահլիճները, բեմերը տալիս են վարձով: Վերջին ներկայացումը, որ ես արեցի, պետպատվեր էր: Այժմ տեղ չունեմ պրեմիերա անելու, բայց հույս ունեմ, որ մշակույթի  նախարարությունը կլուծի այդ հարցը»:
Գ. Հարությունյանը այլ հարցերի էլ անդրադարձավ. «Մի ժամանակ պարտադրված թեմաներ կային, հիմա՝ ոչ: Այսօր թատրոններում մի քիչ զգացմունքների պակաս կա, դրա փոխարեն կա զարմացնելու ձգտում, ինչն անընդունելի է… Զարմանքը պիտի քո ներսում լինի: Արվեստագետն իրավունք չունի զարմացնելու, նա ընդամենը պետք է իր հոգու ներսինը ցույց տա, փորձի երկխոսության մեջ մտնել հանդիսատեսի հետ»:
Կրկին դառնալով իր «Մի լքիր ինձ» ներկայացմանը, ռեժիսորը նշեց. «Ուզում էի այս պիեսը սուր անկյուններ ունենար, մտածելու, խորհելու տեղիք տար մարդկանց՝ որտե՞ղ են իրենք վրիպում, որտե՞ղ սերը կորցնում, ո՞րն այն խաչմերուկը, որտեղ չլքելու գաղափարն է դրված: Այս ներկայացումը բացարձակ զգացմունքային է: Գուցե ասեն՝ կանացի ներկայացում է, ես կհամաձայնեմ, որովհետեւ բեմում եռանկյունի է՝ կին եւ երկու տղամարդ: Բարդ եւ մարդկային խոսակցություն է գնում՝ սիրո, ընկերության, դավաճանության թեմայով, որտեղ  մարդը չի ասում այն բառը, որ պիտի ասեր ժամանակին»:
Նա նաեւ հավելեց. «Թե որտեղ ենք անելու պրեմիերան, հայտնի չէ: Ինձ նման մարդկանց՝ թատրոնից օտարված ռեժիսորների, մի քիչ կարիք կա օգնելու: Պետք է գոնե մի թատրոն տրամադրել, որ ցանկացողներն այնտեղ ազատ կարողանան ներկայանալ:  21-րդ դարում ենք, բայց մեր թատրոնը մնացել է 30-ական թվականների մակարդակին: Գավառամտությունը մեր թատրոններում այսօր գերիշխող է. մտածում են՝ իմն է, ուրիշին  մոտ չեմ թողնի… Բայց ես իրավունք ունեմ պետական որեւէ թատրոնում անել պրեմիերա: …Ցավոք, բոլորը ցանկանում են իրենց դերասաններով դնել ներկայացումը: Ինձ շատ խանգարողներ էլ գտնվեցին…»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել