Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարի կեսից ավելին արդեն կա

Հունիս 12,2010 00:00

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն իր ամենամյա ճաշկերույթով սկսել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերառուցմանն ուղղված՝ «Տորոնտոյից Շուշիին՝ աշխարհի ամենալավ քաղաքին, երկրորդ ամենալավ քաղաքից» կարգախոսով դրամահավաքը: Ճաշկերույթին ներկա է եղել նաեւ Ղարաբաղի նախկին նախագահ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:
Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման ծրագրի արժեքը մոտ $450 հազար է: Կենտրոնը կունենա 400 տեղանոց դահլիճ, կգործեն երաժշտական գործիքների, նկարչության, արվեստների եւ արհեստների, թատերական, հայկական պարերի եւ բալետի, տիկնիկային թատրոնի դասարաններ:
Ճաշկերույթի ընթացքում հավաքվել է 260 հազար դոլար: Հուզիչ էին Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտների հավաքագրած 3 500 դոլարի եւ նաեւ 13-ամյա աշակերտուհի Վիկտորիա Խաջավիի միայնակ հանգանակած 2 200 դոլարի նվիրատվությունները:
«Առավոտը» «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացած հաղորդագրության հիման վրա տեղեկացրել է, որ օտարալեզու՝ «Thank you Toronto» («Շնորհակալություն, Տորոնտո») պաստառով են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի՝ Տորոնտոյի հայ համայնքի օգնությամբ կառուցված դպրոցի մատույցներում մայիսի 7-ին դիմավորել Հիմնադրամի պատվիրակությանը:
Շուշիին նվիրված ճաշկերույթի մասնակիցները դիտել են այս կադրերը՝ տեսել են, որ հայը հային անգլերեն է ողջունում եւ ըստ «Հայաստան» հիմնադրամի՝ «տեսագրությունը ընդունվեց բուռն ծափահարություններով, հատկապես, երբ վերջին կադրերում գյուղի աշակերտներն իրենց երախտագիտությունն էին հայտնում «Շնորհակալություն, Տորոնտո» տառ առ տառ հավաքվող պաստառով»:
Տորոնտոյի հայերը հույս են հայտնել, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ Շուշիի երեխաներն ու պատանիները կհաճախեն նորոգ մշակույթի կենտրոն եւ կասեն. «Շնորհակալություն, Տորոնտո»: Հուսանք՝ այս անգամ՝ ոսկեղենիկ հայերենով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել