Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքները՝ ԼՂՀ անվտանգության միակ իրական երաշխիք

Հուլիս 01,2010 00:00

Վստահ է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը օրերս է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Եվրանեստ Խորհրդարանական Վեհաժողովի Բյուրոյի ընդլայնված նիստին: Ըստ ամենայնի, այս կառույցն իր աշխատանքները կսկսի արդեն աշնանը, բայց մինչ այդ բավականին ակտիվ քննարկումներ են ընթանում Բելառուսի անդամության շուրջ: Եվրանեստի նախաձեռնողները համառորեն չեն ընդունում Բելառուսի անդամությունը, քանի որ չեն ընդունում այս երկրում անցկացված ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը, իսկ անդամ մյուս երկրները, այդ թվում եւ Հայաստանը, փորձում են հավասար գործընկերային պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար. «Որոշվեց Բելառուսի խնդիրը թողնել բաց, իսկ Եվրանեստի աշխատանքներն առայժմ սկսել առանց Բելառուսի՝ հարցը հընթացս քննարկելով»։
Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում երեկ պատմեց այս ամենի մասին եւ ապա, ավելի ուշ, պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերի: Ըստ պատգամավորի, համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ քաղաքականությունը եւ դիվանագիտությունը նման են հեծանիվի, որը պետք է անընդհատ աշխատեցնել, հակառակ դեպքում այն շուռ է գալիս. «Այս պարագայում մենք տեսնում ենք նաեւ դրական կողմեր եռանախագահների այդ հայտարարության մեջ: Եթե տեղյակ եք, Ադրբեջանն այսօր արդեն արձագանքել է այդ հայտարարությանը, իհարկե, փորձելով իր համար շահեկան մեկնաբանություններ գտնել, նշելով «օկուպացված տարածքներ» արտահայտությունը: Այնինչ, եթե խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք ազատագրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից եւ հանդիսանում են տարածաշրջանում միակ իրական երաշխիքը՝ երկարատեւ կայունություն, խաղաղություն ապահովելու համար, եւ եթե այդ տարածքների մասին է խոսքը, ապա այդ տարածքների քննարկման խնդրի ճանապարհը նույն հայտարարության մեջ հստակ մատնանշված է. դա ԼՂ ժողովրդի կամարտահայտության միջոցով կարգավիճակի հստակեցումն է, որը հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքները իր վերահսկողության տակ պահող սուբյեկտին, այսինքն՝ ԼՂՀ-ին, վերադառնալ բանակցային գործընթաց, արդեն իսկ հաջորդական քայլերում բանակցություններ վարել տարածքների հետագա ճակատագրի հետ կապված: Հայաստանը որեւէ իրավասություն չունի այն տարածքների նկատմամբ, որոնք հանդիսանում են ԼՂՀ բնակչության անվտանգության միակ իրական երաշխիքը»: Ըստ պատգամավորի, փոխզիջում ասածը պետք չէ դիտել առարկայական հիմքի վրա. «Փոխզիջումը դիրքորոշումների ավելի կարծրացված հատվածի մեղմացումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել