Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՋԻԿՍ ԵՐԴՎԵԼ Է ԻՄ ԱՐՅՈՒՆՈՎ ԼՎԱՑՎԵԼ»

Հուլիս 07,2010 00:00

Մայրը վստահեցնում է, որ իր հարազատ աղջիկը սատանայապաշտ դառնալուց հետո աղանդավորական կազմակերպությանը նման խոստում է տվել:

\"\"

«Ընդամենը մի քանի տարի առաջ ես համերաշխ ընտանիք ունեի, ապրում էի աղջկաս հետ, պատրաստ էի կյանքս տալ նրա ու նրա ապագայի համար, սակայն սատանայապաշտները տունս քանդեցին, մեր խաղաղ ու համերաշխ ընտանիքում կռիվ գցեցին»,- արցունքները սրբելով՝ պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած 60-ամյա Էդմիլա Միխայելյանը:
«Առավոտը» հաճախ է անդրադառնում այս կամ այն աղանդավորական կազմակերպության հոգեորսությանը: Մենք բազմիցս հրապարակել ենք, թե «Եհովայի վկաների», «Մորմոնների», «Կյանքի խոսք» եւ մյուս կազմակերպությունների քարոզչությունն ու տարածած գաղափարախոսությունը մարդկանց վրա ինչ հոգեբանական խնդիրներ ու շեղումներ են առաջացնում, սակայն տիկին Էդմիլայի պատմությունը տիպիկ օրինակ է, թե ինչպես կարող է նորմալ, բարձրագույն կրթությամբ, բանիմաց ու խելացի դաստիարակված մարդը աղանդավորական կազմակերպության ազդեցության տակ կտրուկ վերափոխվել ու այնքան ագրեսիվանալ, որ հարազատ մորը ստիպի ինքնասպանության դիմել:
«Ես աղջկաս ամուսնացրի, խնամիներիս հետ շատ լավ հարաբերություններ ունեի, մի օր թոռս պատահական ինձ ասաց՝ տատա՛, մեր տուն անընդհատ գրքերով մարդիկ են գալիս, այն ժամանակ չէի հասկանում, թե ինչից է անհանգստանում երեխան: Հետո աղջկաս վերաբերմունքը իմ, մարդկանց նկատմամբ սկսեց փոխվել: Փեսաս ու նա համոզեցին Գայդարի փողոցում գտնվող բնակարանս վաճառել ու Նորքում տուն առնել: Քանի որ նա միակ աղջիկս է, ուրիշ երեխա չունեմ, ուզեցի աղջկաս ու թոռներիս մոտ գտնվեմ, բնակարանս ծախեցի ու ընկա կրակը»: Էդմիլայի պատմելով՝ աղջկա ընտանիքը պարտքեր է ունեցել, աղանդավորական կազմակերպությունը խոստացել է պարտքերը մարել ու նրանց ներգրավել է այդ ցանցի մեջ. «Ես ճշտեցի, որ երբ այդ կազմակերպության անդամ ես դառնում՝ պետք է մի բան զոհես ու երդվես: Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել ու այդ օրվանից ինձ հանգիստ չի տալիս, անընդհատ գալիս է իմ տուն, բանալիներն ունի, տեղի-անտեղի վիրավորում է, զանգում է ու ցուցումներ տալիս, որ իր նկարներն ընտանեկան ալբոմից հանեմ առանձնացնեմ ու վերադարձնեմ իրեն: Նա շատ կիրթ է, բժշկական կրթություն ունի, ես նախկինում երբեք նրանից վատ, կեղտոտ բառեր չեմ լսել, իսկ այդ կազմակերպության անդամ դառնալուց հետո նա հարձակվում է վրաս, կոկորդիցս բռնում ու ասում՝ տակա՛նք, 60 տարի ապրել ես, չե՞ս ուզում մեռնել…»: Երբ կնոջը հարցրինք, թե ինչու այդ սպառնալիքներից հետո ոստիկանություն չի դիմել, կինը հեկեկալով պատասխանեց. «Ես քրիստոնյա եմ, հո իմ աղջկան միլիցու դուռը չէ՞ի գցելու»:
Էդմիլա Միխայելյանը աղջկա վերաբերմունքը փոխելու համար դիմել է եկեղեցուն. «Խոսեցի տեր Շահենի հետ, նա ասաց, որ դա սատանայապաշտների ձեռագիրն է, բայց ինձ օգնել չկարողացան: Ես հասկանում եմ, որ դա հզոր կազմակերպություն է, բայց մի՞թե որեւէ կերպ հնարավոր չէ նրանց դեմն առնել: Ես մենակս պատրաստ եմ պայքարել, բայց ոչ մեկին չեմ ճանաչում: Որպեսզի աղջկաս փրկեմ այդ կազմակերպության հիպնոսից, ծանոթների միջոցով մի կերպ կարողացա Խարբերդից Վրեժ Ղուկասյանին գտնել, որը մորմոններին, մասոններին ու սատանայապաշտներին լավ գիտի, ուսումնասիրել է նրանց գաղափարախոսությունները: Նա էլ ինձ ասաց, որ «իՏսՏՑՏռ Աշոտին» պետք է գտնես, բայց մենակդ նրանց հետ գործ մի ունեցիր, չես կարող…»:
Տիկին Էդմիլան համոզված է, որ աղջիկը պարզապես զենք է դարձել այդ կազմակերպության ձեռքին, ուստի աշխատում է չվիրավորվել, երբ աղջիկը իրեն պարբերաբար վիրավորում է ու նեղացնում. «Նա սկեսուր-սկեսրայրի տեր է, նրան ստիպել են, որ մտնի այդ կազմակերպության մեջ, աղջիկս մեղավոր չէ: Ես դա գիտակցում եմ, բայց չեք պատկերացնի՝ մոր համար ինչ մեծ ցավ է, երբ իր ծնած, մեծացրած, ձեռքերիս մեջ քնած երեխան ասում է, թե քեզ գժանոց ենք գցելու, թե ուզում է մեռնեմ: Ես նրա համար եմ ապրում, ուրիշ հարազատ չունեմ, ու արդեն ինքս էլ հիասթափվել եմ, հոգնել եմ ամեն ինչից: Աղջկաս ասում եմ՝ բալե՛ս, ամուսինդ մեքենա ունի, եթե էդքան շատ ես ուզում իմ մահը, մի օր պատահաբար ինձ մեքենայի տակ գցեք՝ պրծեք: Նա պատասխանեց՝ ինձ պետք է, որ դու ինքդ դրան գնաս, ինքդ քո կյանքին վերջ տուր: Ես հասկացել եմ, որ նրան այդպիսի առաջադրանք են տվել»:
Նշենք, որ Էդմիլա Միխայելյանը «Առավոտի» խմբագրությունում հոգեկան հիվանդի տպավորություն չթողեց: Նա երկար տարիներ աշխատել է Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ որպես գիտաշխատող, հիմա էլ դաշնամուրի մասնավոր դասեր է տալիս:
Էդմիլան կատակում էր, որ երեւի սատանայապաշտները զարմացել են, որ իրեն պատճառած այդքան հոգեկան տառապանքներից հետո կինը նույնիսկ սրտի հանգստացնող կաթիլներ չի ընդունում:
Հոգեբանները վստահեցնում են, որ աղանդավորական կազմակերպությունների պատճառած հոգեկան խնդիրները շատ լուրջ են: Աղանդի ներսում ինչ որոշում կայացվում է՝ դա բոլոր անդամների համար օրենք է: Եթե մարդկանց հրահանգեն, որ պետք է ինքնասպան լինեն՝ ապա նրանք կգնան ու իրենց, օրինակ, պատուհանից կգցեն:
Աղանդները վտանգավոր են նրանով, որ աղանդի մեջ մտած մարդկանց եւ նրանց հարազատների հետ կապը խզվում է, աղանդավորի համար մի հեղինակություն է լինում՝ իր աղանդը եւ այդտեղ գործող օրենքները: Ուստի զարմանալի չէ, որ հայ ընտանիքներում հնարավոր է աղջիկը մորը «տականք», «լկտի» կոչի, ցանկանա սպանել նրան, իրեն պահած-մեծացրած կնոջը հասցնի հոգեկան անհավասարակշռության:
Աղջկա պատճառով Էդմիլան վաճառել է Նորքի տունն էլ եւ մեկ ուրիշ տուն է գնել Արտաշատի Մասիս գյուղում: Երբ խնդրեցինք, որ Էդմիլան աղջկա՝ Վեոլորա Խոսրովյանի կոորդինատները տա, որպեսզի զրուցենք նրա հետ նույնպես՝ կինն ասաց, որ ջնջել է նրան իր կյանքից եւ որեւէ կապ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել