Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ 18-ի երեխաները կառավարության պատա՞նդ»

Օգոստոս 06,2010 00:00

Բաց նամակ՝ հատուկ դպրոցի լուծարման հարցով

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, «World Vision Armenia»-ն, ՀՀ քաղաքացի Մարիամ Սուխուդյանը, լրագրող Սյուզան Սիմոնյանը բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին՝ կապված Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նամակում մեջբերված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում  2010-ի մարտի 26-ին տեղի ունեցած երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստից. «Քննարկվեց թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը, քանի որ այն չի ծառայում իր նպատակին: Իրականում այնտեղ պիտի սովորեին հատուկ կարիք ունեցող եւ իրավախախտ երեխաները՝ ստանալով հատուկ կրթություն եւ դաստիարակություն: Ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է: Այն երեխաները, ովքեր դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ»: Մեջբերված է նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի խոսքը՝ «Հրապարակ» թերթից. «Մենք այդ դպրոցի տեսակն ենք լուծարում… Այդ տեսակի դպրոց այսօր մի հատ ունենք՝ Վարդաշենում, որի հարցը առանձին պետք է քննարկենք: Բայց թիվ 18 դպրոցում կան 3-րդ, 4-րդ, դասարանների լուսավոր, արեւոտ երեխաներ, որոնք չպետք է լինեն վարքային շեղումներ ունեցողների գիշերօթիկում: Իսկ շենք վերցնելու կարիք, ինչպես տնօրենն է տարածում, չկա: Այս 4 տարիների ընթացքում երեխաների թիվն այդ դպրոցում  չի ավելանում… Նախարարը լուծարման հրաման է տվել: Հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատել է նաեւ ընտանիքների հետ, եւ երեխաներին վերադարձնելու խնդիր է դրվել: Մենք մայրերին պետք է հասկացնենք, որ գիշերօթիկ հասկացությունն այս հանրապետությունից պետք է դուրս գա»:
Դպրոցի լուծարման էպոպեան շարունակվում է, բայց հանգուցալուծում չի ստանում: Դրա փակման հստակ դիրքորոշում կար 2009-ի ուսումնական տարին սկսելուց առաջ: («Փակում են հատուկ դպրոցը», https://www.a1plus.am/ am/society/2009/07/13/special-school), սակայն դպրոցը շարունակում է աշխատել: Օրենսդրության խախտումով դպրոցում գրանցված երեխաները  շարունակում են գրանցված մնալ, չնայած նրան, որ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ արել է: Առջեւում սեպտեմբերի 1-ն է՝ անթույլատրելի է, որ դպրոցը մնա նույն լուծարվող, սակայն չլուծարված կարգավիճակում, մանկավարժական կազմը շարունակի աշխատել, ամեն րոպե զգալով փողոցում հայտնվելու վտանգը, երեխաների մեծ մասը գրանցված մնա այնտեղ՝ օրենսդրության խախտումով:
Ելնելով վերոհիշյալից՝ պահանջում ենք՝ մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը վերջնական լուծում տալ թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցին:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հայաստանի մանկական ասոցիացիա
World Vision Armenia
ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆ
ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել