Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ արվեստի վրա ենք կրթվել»

Օգոստոս 10,2010 00:00

Ըստ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոսներ Լալա Մնացականյանի ու Աննա Հեքեքյանի՝ միջակ դերասանները շատ են:

Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ՝ սերիալները հիմնականում երիտասարդ միջակ դերասանների համար փող վաստակելու լավ միջոց են: «Մի քանի շնորհալիների տեսնում ենք, բայց միջակությունն ավելի շատ է ու անարգել ներս է մտնում: Հետաքրքիրն այն է, որ թատրոնում դերասանը տարիներով աշխատում է, ու նրան շատերը չեն ճանաչում, բայց հենց մի անգամ մի էժանագին սերիալում երեւաց՝ դառնում է հանրաճանաչ»,- երեկվա ասուլիսում նկատեց դերասանուհին: Ռեժիսոր Աննա Հեքեքյանն էլ անկեղծացավ. «Երդվում եմ, ոչ մի սերիալ երբեք  չեմ նայել, բայց ես կարծում եմ, որ եթե մարդն ուզում է այս խոտն ուտել, ես ի՞նչ իրավունք ունեմ ասելու՝ հանեք այդ խոտը»: Լալա Մնացականյանն էլ հավելեց. «Իհարկե, եթե այդ խոտը մարդուն շատ են հրամցնում, ինքը էլ ուրիշ տարբերակ չի ունենում…»:  Ռեժիսորի կարծիքով, էժանագին սերիալները սկսնակ, բայց տաղանդավոր  դերասանի  համար նաեւ օգտակար կարող են լինել. «Իրականում, թատրոններում աշխատավարձերը շատ ցածր են, որպեսզի  տաղանդավոր ուսանողները կարողանան թատրոնում գոյատեւել, հետագայում այնտեղ ստեղծագործել, պետք է նկարվեն այս սերիալներում: Բայց պետք է նկատեմ, որ վերջին տասնամյակում հասարակության նշաձողը լավ իջեցրել են խոտաբույսային սերիալներով: Ինչո՞ւ մեր հարեւան մյուս հանրապետությունները, որ առաջ մեզնից ավելի խոտակեր էին, հիմա  դարձան մեզնից ավելի բարձր, գուցե մե՞նք էլ մի քիչ ավելի բարձր որակի հոգեւոր սնունդ մատուցենք մեր հանդիսատեսին»: Լալա Մնացականյանն էլ նկատեց, որ լավ դերասաններն արդեն քանի տարի է՝ պարապուրդի մեջ են. «Լավագույն մասնագետները հայտնվեցին հետին պլանում, նրանք էլ չկան, ասպարեզում մնացած մի քանի հոգին էլ դաշտ չեն կարող ստեղծել: Ֆիլմեր կան, որոնք դիտելիս մտածում եմ, եթե սրանք ռեժիսորն են, ուրեմն ես գնամ ու չինարեն դասավանդեմ, ասպարեզը լցվեց համատարած տգետներով ու գործից անտեղյակ միջակ մասնագետներով, լավերը հեռացան, եկան ֆլիկը, ֆստիկը, պստիկը: (Հավանաբար, Լ.Մնացականյանը մի պահ մոռացավ, որ ինքը ներկայումս համագործակցում է, իր խոսքերով ասած, ֆլիկի, ֆստիկի, պստիկի հետ՝ նկարահանվելով «Մեր բակը» սերիալում: – Ա. Ս)»:  Դերասանուհուն զարմացնում է նաեւ այն, որ վերջին շրջանում բեմում՝ բժիշկ-դերասան-երգիչ, բոլորն իրար են խառնվել. «Չես իմանում ինչու, բայց երգիչները որոշել են, որ այնքան մեծ դերասանական շնորհք ունեն, որ կարող են հանգիստ խաղալ ու արդեն դերասանների տեղն են զբաղեցնում: Աշխարհի ամենադժվար մասնագիտությունը՝ դերասանությունը, սարքեցին  ջրի գին, երգիչները դեռ, փառք Աստծո, գոնե բեմում շարժվել գիտեն, բա որ փողոցից կամ  ծանոթ-բարեկամներին  բերեցին բեմ՝  նկարահանելու: Հիմա, փաստորեն, ով ինքն իրեն երկու անգամ լավ խաղալ կամ բնական խոսել գիտի, հայտնվում է էկրանին, ինչի հետեւանքով  բոլորը, բացի դերասաններից՝  հայտնվեցին ասպարեզում»: Տիկին Մնացականյանը նաեւ հավելեց. «Հանճարեղ գործ ստեղծելու համար պետք է անպայման հանճարեղ բան տեսած, լսած, կարդացած լինես: Դու չես կարող լսես ինչ-որ ձյաձյայի ոռնոց կամ էժանագին երաժշտություն եւ ինչ-որ լավ բան ստեղծես: Խորհրդային միությունը, լինելով շատ վատ երկիր, վատ կամ էժանագին ֆիլմ չէր բերում մեր երկիր, մեզ էին մատուցում համաշխարհային գոհարները, ես եւ Աննա Հեքեքյանը լավ արվեստի վրա ենք կրթվել: Ես վերլուծում եմ մեր ֆիլմերի ու սերիալների կին-տղամարդ հարաբերությունը, ինչպե՞ս կարելի է անընդհատ ցուցադրել, թե ինչպես է տղամարդը կնոջը ապտակում, անպատվում, ստորացնում, չէ՞ որ սա մնում է երեխայի ենթագիտակցության մեջ»:
Տիկին Հեքեքյանին էլ ուրախացնում է այն, որ ամեն տարի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում գոնե մեկ-երկու վառ անհատականությունների է հանդիպում. «Ուրեմն դեռ հույս կա»: Չնայած սրան, նրա խոսքով,  շատ ուսանողներ կարմիր դիպլոմով ավարտում են բուհը, բայց ուսանողական նշաձողից չեն բարձրանում եւ որպես դերասան բեմում երբեք չեն բացվում: Տիկին Մնացականյանի կարծիքով էլ, ասպարեզում հայտնվելու համար տաղանդից ավելի կարեւոր բաներ կան. «Տաղանդը կարեւոր գործոն է, բայց դերասանի համար առաջին հերթին պետք է դերասանին հատուկ՝ ուրիշ  բնավորություն ունենալ. դա ընկնել-չվհատվելն է, երեսիդ կաշին հաստացնելն է, զիջելն ու ինչ-որ տեղ անձնական կյանքը մի կողմ դնելն է: Դերասանն ինձ համար ուրիշ տեսակի մարդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել