Լրահոս
Օրվա լրահոսը

«WikiLeaks»-ը նոր փաստաթղթեր է հրապարակում

Օգոստոս 26,2010 00:00

\"\"«WikiLeaks» սկանդալային կայքէջը չորեքշաբթի օրը պատրաստվում էր հրապարակել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի մի նոր «խմբաքանակ»: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Սպասվում է, որ կայքը հրապարակելու է աֆղանական պատերազմի մասին գաղտնի տեղեկություններ պարունակող եւս 15 հազար փաստաթուղթ: Ավելի վաղ կայքում արդեն հրապարակվել է 76 հազար փաստաթուղթ, որոնց առնչությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կայքից պահանջել էր վերադարձնել Պենտագոնին պատկանող նյութերն ու ոչնչացնել դրանց կրկնօրինակները: Աֆղանստանի իշխանությունները եւս դժգոհություն էին հայտնել տեղեկատվության արտահոսքի առնչությամբ:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նոր հրապարակվելիք փաստաթղթերը հանրության դատին կհանձնվեն կայքի հիմնադիր Ջուլիան Էսսանջին (նկարում) բռնաբարության մեղադրանք առաջադրելուց հինգ օր անց: Այդ մեղադրանքը հիմնված է եղել օգոստոսի 20-ին, Շվեդիայի երկու քաղաքացուհիների կողմից ոստիկանությանը տված հայտարարությունների վրա: Սակայն օգոստոսի 21-ին արդեն այդ երկրի դատախազությունը չեղյալ էր համարել Էսսանջի ձերբակալության թույլտվությունն ու հայտարարել, որ նրան բռնաբարության մեջ մեղադրելու ոչ մի հիմք չկա:
Էսսանջը երկու շաբաթ գտնվում էր Շվեդիայում՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթերը կայքին փոխանցած անձանցից մեկին այդ երկրում քաղաքական ապաստան ապահովելու նպատակով: Էսսանջն իրեն ուղղված մեղադրանքը «կեղտոտ հնարք» է որակել, որը, նրա ասելով, կայքում եղած հրապարակումներից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ է: Twitter-ում նա գրել է. «Իմ դեմ հարուցված մեղադրանքները որեւէ հիմք չունեն, եւ այն, որ դրանք ի հայտ են եկել հիմա, անհանգստացնող է»:  Al-Jazeera-ին տված հարցազրույցում կայքի հիմնադիրը խոստովանել է, որ Ավստրալիայի (նա այդ երկրի քաղաքացի է) հետախուզությունն իրեն զգուշացրել է «WikiLeaks»-ի դեմ կայքում եղած հրապարակումներից տուժածների կողմից ընկերությանը վարկաբեկելու արշավ սկսելու՝ դրանով նաեւ հետագա հրապարակումները կանխելու հնարավոր փորձի մասին:
Ընդսմին, «WikiLeaks»-ի պաշտոնական բլոգում հայտարարություն է հրապարակվել, որով ընկերությունը ազդարարել է, թե «շարունակելու է իր պարբերական գործունեությունը», ու այն մարդիկ, ովքեր աշխատում են կայքում, «մեծ հարգանքով են վերաբերվում Ջուլիանին եւ նրան համակողմանի աջակցություն են խոստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել