Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ FACEBOOK-ՈՒՄ ՄԱՏՆԱՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Օգոստոս 26,2010 00:00

Կոլումբիայի ոստիկանությունը հետաքննում է Facebook սոցիալական ցանցում հրապարակված ցուցակում մատնանշված երեք երիտասարդների սպանության հանգամանքները: Ցանցում հայտնված ցուցակում տասնյակ պատանիների, որոնք ապրում են Կոլումբիայի հարավում գտնվող Պուերտո-Ասիս քաղաքում, նախազգուշացվել էր, որ եթե նրանք քաղաքից չգնան՝ կսպանվեն: Այդ ցուցակում ընդգրկված երկու երիտասարդ օգոստոսի 15-ին գնդակահարվել էր, եւս մեկը սպանվել էր դրանից հինգ օր անց: Հիմա Կոլումբիայի ոստիկանությունը, որը միայն երրորդ սպանությունից հետո է հասկացել, որ սպառնալիքը ոչ թե կատակ, այլ լուրջ վտանգ է ներկայացնում, սկսել է դրանով լրջորեն զբաղվել ու ինտերնետ-փորձագետների օգնությամբ փորձում է պարզել, թե ով է կանգնած այդ սպառնալիքների թիկունքում:
Կոլումբիայի օմբուդսմեն Վոլմար Պերեզ Օրտիզի ասելով, ցուցակում ընդգրկված է 69 անուն: Սպառնալիքները միայն համացանցում արված հայտարարություններով չեն սահմանափակվում: Ցուցակում ընդգրկված երիտասարդների ընտանիքները սկսել են իրենց ավտոմեքենաների վրայից սպառնալի թռուցիկներ հավաքել, որտեղ նրանց խորհուրդ է տրվում համոզել իրենց երեխաներին հեռանալ քաղաքից, հակառակ դեպքում՝ նրանք եւս կսպանվեն: Օգոստոսի 23-ին համացանցում հրապարակված ցուցակում հայտնվել է քաղաքաբնակ աղջիկների՝ նոր 31 անուն: BBC-ի մատուցմամբ, տեղի իշխանությունները փաստում են, որ քաղաքում իսկական խուճապ է առաջացել, բնակիչներից ոմանք նախընտրել են հեռանալ քաղաքից:
Ոստիկանությունն առայժմ որեւէ վարկած չունի, բայց, օմբուդսմենի կարծիքով, սպառնալիքները կարող են քաղաքում իրենց ազդեցության ոլորտը ընդլայնելուն ձգտող բանդաներից մեկի ձեռքի գործը լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել