Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԿԱՍԵՑՈՒՄ

Օգոստոս 27,2010 00:00
\"\"Իսկ բուն մեղավորների մասին շարունակում են լռել

Դեռ երկու տարի առաջ տպագրված «Ոչ պետական բուհերը չափն անցել են» հոդվածում («Առավոտ», 07.09.2008) տեղեկացրել էինք, որ ոչ պետական բուհերում խայտառակ վիճակ է տիրում: Նշել էինք, որ այդ շրջանում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ընտրանքային ձեւով ուսումնասիրել էր ԿԳՆ 69 ոչ պետական բուհերից 30-ը, համարյա բոլոր կրթօջախներում գտել բազմաթիվ խախտումներ, անճշտություններ, բացթողումներ, գրեթե բոլոր բուհերում պլանները չէին համապատասխանել պետական կրթական չափորոշիչներին: Օրինակ՝ արձանագրվել էր, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը մասնագետներ է պատրաստում ՀՀ կառավարության կողմից հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկերով չնախատեսված «միջազգային իրավունք» մասնագիտության գծով եւ շրջանավարտներին էլ տալիս պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ իրավագետ-միջազգայնագետ որակավորմամբ, որի իրավունքը չուներ: Լիցենզավորման կարգի գլխավոր պահանջներից ելնելով՝ հիմնական հաստիքային դասախոսները պետք է կազմեին ընդհանուրի 50%-ը, եւ դասախոսների առնվազն 50%-ը պետք է ունենար գիտական աստիճան կամ պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական կոչում, մինչդեռ այլ պատկեր էր բուհերում: Գրանցվել էին դեպքեր, երբ դասախոսների բազային կրթությունը չէր համապատասխանում դասավանդվող առարկայի ուղղվածությանը. օրինակ, Ապրանքագիտության տեխնոլոգիաների համալսարանում բժշկական գիտությունների թեկնածուն դասավանդում էր հայ ժողովրդի պատմություն, Տնտեսաիրավագիտականում՝ խմբավարը՝ գեղագիտություն, բարոյագիտություն, «Մանց» համալսարանում կենսաբանական գիտությունների թեկնածուն պարապում էր կրոնի պատմություն եւ այլն, «Մանցում», «Հայբուսակում», «Գալիքում», «Վիլյամ Սարոյանում», «Անանիա Շիրակացիում» եւ այլ մասնավոր բուհերում ուսանողների փոխադրումը կուրսից կուրս՝ կատարվել էր «թռիչքային» եղանակով:

Պարզվել էր նաեւ, որ ուսումնական հաստատությունների հիմնական մասի զբաղեցրած ուսումնական տարածքները չեն համապատասխանում ՀՀ գործող շինարարական նորմերին. զբաղեցրած տարածքների ընդհանուր մակերեսը մեկ ուսանողին համապատասխանող 8.02 քմ նորմը չի բավարարում 30 բուհից 18-ում, իսկ մեկ ուսանողին համապատասխանող 2.2 քմ լսարանային մակերեսի նորմը՝ 30-ից 9-ում:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամեն բուհի հետեւում ինչ-որ ազդեցիկ անհատ կամ ուժ է կանգնած, եւ այնքան էլ հեշտ չէ նրանց «արժանապատվությունը» վիրավորելը: Լավ է, որ վերջապես համապատասխան կամք դրսեւորվեց. ԿԳ ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը, բնականաբար, ամենավերին «դաբրոյով» կարողացավ փակել մի շարք բուհեր:

Վերջերս «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը խոստովանել էր, թե «շատ ու շատ ստեղծված միավորներ, ուղղակի հռչակվում են համալսարան, չհամապատասխանելով համալսարանի ձեւակերպմանն ընդհանրապես»: Նա փաստել էր, որ գործող 72 ոչ պետական բուհերից այս անգամ ԿԳ նախարարությունը ստուգումներ է իրականացրել 28-ում, ու պարզել, որ նրանց մեծ մասում բացակայում են «Կրթության մասին» օրենքով սահմանված չափանիշները, ուսանողներին տրվող կրթությունը ցածրորակ է, դասախոսների գիտական աստիճանները՝ ուռճացված: Ավետիսյանը հայտարարել է, թե որոշ բուհերի սեփականության կամ վարձակալած տարածքի վերաբերյալ փաստաթղթերը չեն համապատասխանել օրենքով սահմանված չափանիշներին, իսկ ամենազավեշտալի դեպքերից մեկը եղել է այն, որ համալսարան կոչվածներից մեկը ունեցել է տարբեր մասնագիտությունների գծով 10 լիցենզիա եւ ոչ մի ուսանող: Փոխնախարարը բուհ դիմելուց առաջ ուսանողներին խորհուրդ է տվել ծանոթանալ տվյալ բուհի հավատարմագրերին, ըստ մասնագիտությունների համոզվել, որ այդ բուհը իսկապես ունի որակյալ կրթություն իրականացնելու հավաստագիր, հետո նոր միայն ընտրել բուհը եւ կոնկրետ մասնագիտությունը: Բայց դա այնքան էլ ուսանողի խնդիրը չէ, որը ուսման համար տարիներ շարունակ բարձր վարձեր է մուծում եւ ակնկալում համապատասխան գիտելիքներ: Եթե ամեն ինչ պիտի ուսանողը ստուգի ու հավաստիանա, այդ դեպքում ինչի՞ համար են հարկատուների փողերով ապրող համապատասխան պետական կառույցները:

Այսօր բոլորը սկսել են խոսել այն մասին, թե «սառույցը» վերջապես տեղից շարժվում է, ա՛յ այսքան անօրեն բուհ լիցենզազրկվեց: Բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ դրանց համար «կանաչ ճանապարհ» են բացել ու լիցենզիաներ տվել դաշնակցական ԿԳ նախարարները, հատկապես երիցս պաշտոնավարած Լեւոն Մկրտչյանը: Տարիներ շարունակ բազմաթիվ ուսանողների ճակատագրերի հետ խաղացած որեւէ պաշտոնյա առայսօր պատասխանատվություն չի կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել