Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԱՆԻԿՅԱՆԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"«Խնդիր. ո՞ր մոծակը սատկացնել»

ԱՄՆ քաղաքացի, նկարիչ, ազգայնական Հրայր Ագանիկյանի նկատմամբ դեռ 5 տարի առաջ հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով: 2006թ. մարտի 28-ին ընտրվել էր խափանման միջոց՝ կալանքը: 2007թ. հուլիսի 11-ին Ագանիկյանի խափանման միջոցը փոխվեց, եւ նա ազատության մեջ է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարություններին մշտապես ներկա էին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները: Սակայն նրանք, ի վերջո, հավանաբար, հոգնեցին: Էլ չենք խոսում, որ հիմա նրանք պիտի հետեւեն մեկ այլ դատավարությանը: Նոր մեղադրանքով քրեական գործի դատաքննությունները հիմա էլ ընթանում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Անցյալ տարվա օգոստոսի 28-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ս. Հարությունյանը որոշում կայացրեց Ագանիկյանի նկատմամբ մեղադրանքը փոփոխելու եւ նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին: Ըստ նոր մեղադրանքի, Ագանիկյանը 2001թ. մայիսի 4-23-ն ընկած ժամանակահատվածում 25.000 դոլարի փոխառության պայմանագիր է կնքել Ժ. Էլբակյանի հետ եւ յուրացրել է այդ գումարները:
Ագանիկյանի մեկ այլ «գործարք» էլ կապված է 1998թ. օգոստոսի 29-ին եւ 1999թ. մայիսի 2-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակչի հետ կնքած փոխառության մեկ այլ պայմանագրի հետ: Մեղադրական եզրակացության համաձայն, Ագանիկյանի պարտքը մարել է նշված գյուղի բնակիչը, սակայն Ագանիկյանը ձեռք է բերել նշված բնակչի տունը՝ նրանում առկա գույքով:
«Ամենակարող» նկարիչը, մեկ այլ դրվագի համաձայն, Էջմիածնում ապրող փաստաբան Ալիսա Մարգարյանի որդու՝ Տիգրանի նկատմամբ բռնության սպառնալիք է գործադրում: Ըստ մեղադրականի, փաստաբանը Ագանիկյանին պարտավորվում է տալ 1000 դոլար «պարտքը»: Սակայն որտեղից որտեղ պարտավորագրի վրա ավելանում է մեկ «0», եւ 10 000 դոլարի պահանջով Ագանիկյանը դիմում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Շահում է դատը: Իսկ բռնագանձումը տարածվում է Էջմիածնի Նալբանդյան փողոցի տներից մեկի վրա:
Ագանիկյանին մեղադրում են նաեւ տոկոսով գումարներ տալու՝ վաշխառության համար: Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Ագանիկյանն իր մեղքը չի ընդունում: Նա ասում է, որ ցանկացել է հայրենիքում մշակութային համայնք ստեղծել, ցանկացել է օգնել հայ ընտանիքներին ոտքի կանգնելու, տուն կառուցելու, հոգեկրթվելու համար:
Ի դեպ, գործի նյութերում դրվել է Ագանիկյանի բնակարանից առգրավված նարնջագույն կազմով, 34 էջանոց տետրը եւ արծվի պատկերով զինանշանով 28 էջից բաղկացած ծոցատետրը: Այնտեղ, ըստ Ագանիկյանի, իր անձնական գրառումներն են, օրագրությունները, խոհերը: «Ինչ ասել է ԱԶԳ» վերնագրով հոդվածաշար է, որտեղ խոսք կա կրոնի, հոգու, հաղթանակի, ասույթներ՝ տառապանքի, երեխայի ծննդի, հանճարների, հոգու հավերժության, հայրենասիրության մասին: Ուշադրության արժանի է այն, որ «Զննություն կատարելու մասին արձանագրությունը» վերածվել է գրախոսության: Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի քննիչի կողմից կազմված զննության արձանագրության մեջ կարդում ենք. «Գրառման հաջորդ մտքերում «հեղինակի» հոգում, անկախ իր կամքից, ծնվել է «Երկիր Նաիրի» իդեալը ու նա «այսօր ապրում է իբրեւ այդ երկրի քաղաքացի… փափագում է արեւաշող ու փառապանծ Տաճարը»: Քննիչը գրախոսական-արձանագրության մեջ վերջապես հասնում է «Քանի հոգու եմ դատի տվել քաղհայցով» վերնագրով 17-րդ էջին: 16 անուն-մականունների դիմաց դրված են շահած դատերը: 14-ի անունների դիմաց կա գումարման նշան:
Ագանիկյանի «կրիմինալ» մտքերը, ըստ զննության արձանագրության, առկա են 21-22 էջերում՝ «Հեթանոս խոսքեր» խորագրի ներքո: Մասնավորապես. «Քո իմացած արդարության համար պիտի կռվել, հաղթանակի համար պետք է զոհաբերել, ի պահանջյալ մեղքի տակ ընկնել, կաշառել, Աստված քո արդարության համարժեք քեզ միջոց տալիս է»:
Ծոցատետրում կան գրառումներ հավաքներ կազմակերպելու, դասախոսություններ կարդալու մասին: Ոստիկանության քննիչի աչքից չի վրիպել ծոցատետրի այս հանելուկը եւս. «Երկու մոծակ կանգնած են կողք կողքի: Մեկը՝ սատկացնելու համար կանգնած է շատ հարմար տեղում, մյուսը՝ քիչ հավանական: Խնդիր. ո՞ր մեկին փորձես սատկացնել»: «Անձնական գրառումներս փորձել են օգտագործել իմ դեմ»,- ասում է Ագանիկյանը: «Մի բան զգում եմ, վերջին ժամանակներս, 1,5 տարի, ես հոգեբարոյապես աճել եմ… որ ինքնզինքս իսկապես մոտ եմ զգում նման մի առաքյալի: Աստված իմ, իմ միջոցով ինչ տիպի հրաշագործություններ դու կարող ես իրագործել… ահա եւ ես՝ փրկարարը, այլեւս վախենալու բան չունենք, սկսված է ազգափրկության ծրագիրը, աշխուժացեք, փող՝ ուզածի չափ կա…», արձանագրվել էր այս տեքստը նույնպես:
Այսօր դատական նիստը կշարունակվի: Դատարանը բերման որոշում է կայացրել ԱԺ անվտանգության աշխատակցի նկատմամբ, որը այս գործի շրջանակներում մի քանի անգամ կանչվել է դատարան, բայց չի ներկայացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել