Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԴ-ԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Եթե Սերբիան Եվրամիության հետ համատեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Կոսովոյի վերաբերյալ բանաձեւ ներկայացնի, որում խախտված լինեն երկրամասի սերբ բնակչության իրավունքները, ապա Կոսովոյի սերբերը Ռուսաստանին կխնդրեն իրենց ՌԴ քաղաքացիություն տրամադրել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կոսովոյի սերբական ազգային խորհրդի նախագահ Միլան Իվանովիչը (նկարում): Վերջինիս ելույթը հնչում է հենց այն պահին, երբ Սերբիան եւ Եվրամիությունը փորձում են Կոսովոյի բանաձեւի բովանդակության շուրջ փոխզիջումներ գտնել: Բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս ամռանը ներկայացրել էր Բելգրադը: Փաստաթղթի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 9-ին:
«Եթե այդպիսի (Կոսովոյի սերբերի իրավունքները ոտնահարող) բանաձեւն ընդունվի Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի աջակցությամբ եւ առանց Ռուսաստանի համաձայնության, ապա մենք հանդես կգանք Կոսովոյի եւ Մետոխիի սերբերին ռուսական քաղաքացիություն տրամադրելու նախաձեռնությամբ»,- հայտարարել է Իվանովիչը՝ հավելելով, թե Ռուսաստանը կարողանում է պաշտպանել իր քաղաքացիներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Սերբ քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, թե Սերբիայի եւ ԵՄ միջեւ փոխզիջումային համաձայնության դեպքում, Կոսովոյի սերբերն անվստահություն կհայտնեն Բելգրադի իշխանություններին եւ Կոսովոն եւ Մետոխին կպաշտպանեն բոլոր քաղաքական եւ ժողովրդավարական միջոցներով: Կոսովոյի եւ Մետոխիի սերբական համայնքների պատվիրակները դեռ երեքշաբթի ընդլայնված նիստում հռչակագիր են ընդունել Կոսովոյի եւ Մետոխիի՝ որպես Սերբիայի անքակտելի մաս, պաշտպանության մասին:
Հռչակագրում մասնավորապես ասվում է, թե ոչ ոք իրավունք չունի մշակել մի փաստաթուղթ, որտեղ ուղղակի կամ անուղղակի սպառնալիքի տակ են դրվում Սերբիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել