Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում» միակ վերելակը

Հոկտեմբեր 12,2010 00:00

Նոյեմբերյանի հիվանդանոցը հիմնանորոգվել ու համալրվել է բուժտեխնիկայով

Նոյեմբերյանի հիվանդանոցը կրում է Նիկոլայ Նասիբյանի անունը: 35 տարեկանում մահացած գյուղական բժիշկը՝ նույնիսկ վատառողջ, սարեր-ձորերով գյուղեր էր գնում, մարդկանց օգնության հասնում ու այսպես էլ իր կյանքը զոհեց հիվանդին փրկելու համար: Հոկտեմբերի 10-ին նրա որդին՝ Միշա Նասիբյանը հուզված էր, հոր անունը կրող հիվանդանոցում հանդիսություն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 317 միլիոն դրամով հիմնանորոգված Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի եռահարկ շենքը նոր տեսքով ներկայացավ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչներին: Այս գումարը հավաքել են հիմնադրամի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիբանանի եւ Ավստրալիայի տեղական մարմինները: Իսկ երբ հիվանդանոցը համալրվի Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միության» նվիրաբերելիք սարքավորումներով, բուժանձնակազմը լիարժեքորեն գործի կդնի իր մասնագիտական ողջ ներուժը: Այժմ հիվանդանոցը գործում է խոնավ ու կիսագետնահարկ մասնաշենքում: Տարածաշրջանի միակ բուժհաստատության հիմնանորոգումից հետո այստեղ կարող է բուժում անցնել Նոյեմբերյանում եւ հարակից գյուղերում ապրող ավելի քան 30 000 մարդ: 30 հիվանդասենյակներով մասնաշենքում վերելակ էլ կա. նոյեմբերյանցիների խոսքերով՝ «միակ վերելակը տարածաշրջանում»: «Առաջ ինֆարկտ տարած հիվանդին ռիսկ չէինք անում աստիճաններով 3-րդ հարկ բարձրացնել. մինչեւ բարձրացնում էինք՝ վիճակն ավելի էր վատանում: Էս վերելակը շատ ճիշտ է մտածված»,- ասաց բուժաշխատողներից մեկը: Իսկ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ սարքավորումներով վերազինման գործընթացը կավարտվի 2011-ի գարնանը՝ հավանաբար մայիսին: Պարոն Գյոզալյանից տեղեկացանք նաեւ, որ մինչեւ այս տարեվերջ կավարտվի Նոյեմբերյանի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի միավորումը: Հիվանդանոցը կարիք ունի մասնագետների՝ վնասվածքաբանի, ուրոլոգի, անհրաժեշտության կա նոր լվացքատան եւ դիահերձարանի:
Կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով նվիրատուները ՀՀ տարածքային կառավարման, առողջապահության նախարարների, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի, Տավուշի մարզպետի ուղեկցությամբ Նոյեմբերյան էին գնացել: Ինչպես նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, այս գործին, գերմանահայերից բացի, գումարներ են նվիրաբերել նաեւ գերմանացիներ՝ տեր եւ տիկին Վայդեմանները:
«Հայաստան» հիմնադրամի Լիբանանի տեղական մարմնի ներկայացուցիչն էլ պատմեց, թե ինչ ոգեւորությամբ են տարեց ու մանուկ լիբանանահայերը մասնակցել դրամահավաքին. «Յուրաքանչյուր տարի, երբ դրամահավաք ենք կազմակերպում, անհանգստանում ենք, որ, միգուցե, չկարողանանք նախորդ տարվա չափ հավաքել: Սակայն, ի պատիվ լիբանանահայության, ինչպես ամեն տարի, այս տարի եւս գերազանցեցինք  ինքներս մեզ»:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին էլ է Նոյեմբերյանի հիվանդանոցին $100 հազար նվիրաբերել: Հարիրի ընտանիքի հետ բարեկամական եւ աշխատանքային սերտ կապեր ունեցող, նախ վարչապետ Ռաֆիկ, ապա նրա որդի Սաադ Հարիրիի օգնական Արա Սիրերյանը ասաց, որ Հարիրիները ծանոթ են հայերին ու Հայաստանին եւ 88-ի երկրաշարժից սկսած՝ օժանդակել ու շարունակում են օգնել: «2008 թվականի ռադիոթոնի ժամանակ վարչապետին հիշեցրի դրամահավաքի մասին, ընդառաջեց եւ $100 000 օժանդակեց Նոյեմբերյանի հիվանդանոցին: Իսկ 2009-ի դրամահավաքի ժամանակ նույնքան գումարով մասնակցեց նաեւ Գորիսի սրտաբանականի վերակառուցմանը»,- «Առավոտին» ասաց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի օգնական Արա Սիրերյանը: Գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքերով՝ իրենք փորձում են հնարավորության սահմաններում ծրագրեր իրականացնել ամենածանր վիճակում գտնվող համայնքներում: Ըստ Արա Վարդանյանի՝ մյուս տարի լուրջ աշխատանքներ են նախատեսում Շիրակի մարզի Աշոցքի շրջանի որոշ սահմանամերձ գյուղերում. «Իհարկե, բոլոր խնդիրները լուծել չենք կարող, բայց կփորձենք ամեն գյուղում ինչ-որ բան անել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենց չեն մոռացել, իրենց մասին մտածում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել