Արդեն մի քանի օր է, «Հայփոստի» բաժանմունքները հրաժարվում են քաղաքացիներին վճարել ՀԴՄ կտրոնների եռամսյակային բոնուսներն ու շահումները: «Առավոտին» դիմած Մարիաննա Հակոբյանի խոսքերով՝ դիմել է Արաբկիրի «Հայփոստի» մի քանի բաժանմունքներ՝ ե՛ւ չշահած կտրոնների բոնուսային վճարները, ե՛ւ շահած կտրոնների վճարները ստանալու համար, սակայն առանց որեւէ բացատրության նրան մերժել են: Բոլոր հարցերին՝ թե ինչո՞ւ, ե՞րբ, որտեղի՞ց պետք է ստանա, «Հայփոստի» աշխատակիցները ոչինչ չեն ասել. «Ի՞նչ խաղեր են տալիս: Մի քանի օր է մնացել, որպեսզի շահած կտրոնի համար մարդիկ իրենց վճարները ստանան, այն էլ երեւի ձգձգում են, որպեսզի ամիսը լրանա, ու էլ ընդհանրապես չվճարեն: Իսկ չշահած կտրոնների բոնուսների համար էլ գոնե 2 ամիս ժամանակ կա, բայց եթե այս ամիս չեն վճարում, ուրեմն մյուս ամիս սարսափելի հերթեր կկուտակվեն: Երեւի շատերն էլ 2-3 հազար դրամի համար հավես չեն ունենա այդքան հերթ կանգնել: Ամոթ էլ է, այնքան մեծահասակ մարդիկ են գնում-գալիս, էդ խեղճերին տանում-բերում են, գոնե կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կվերսկսեն շահումները տալ»:
Ըստ որոշ տեղեկությունների, մի քանի քաղաքացիներ մեծ քանակությամբ կտրոններ են ներկայացրել, որպեսզի բոնուսներ ստանան: Իսկ այդ բոնուսներն էլ, բնականաբար, կրկին մեծ թվեր են, ուստի համապատասխան մարմինները միառժամանակ դադարեցրել են ՀԴՄ կտրոնների համար նախատեսված վճարները, մինչեւ ուսումնասիրեն եւ պարզեն՝ արդյո՞ք դրանք կեղծ չեն:
Այս առնչությամբ երեկ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում խնդրեցինք: ՊԵԿ-ը խոստացավ մինչեւ աշխատանքային օրվա վերջ պատասխանել, սակայն այդպես էլ ոչինչ չասացին: