Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ հետ ենք գնում»

Նոյեմբեր 03,2010 00:00

«Հայաստանը տեղեկատվական եւ հաղորդակցական բնագավառի տարածաշրջանային մրցապայքարում հետ է մնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Որպես ասվածի ապացույց՝ նա բերեց Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա հրապարակած տվյալները, որտեղ Հայաստանը ցանցային պատրաստվածության մակարդակով 133 երկրների շարքում 101-րդն է, անհատների պատրաստվածության բաղադրիչով մեր երկիրն այդ շարքում 52-րդն է, բիզնեսի պատրաստվածության տեսանկյունից՝ 120-րդը, իսկ կառավարության պատրաստվածության առումով՝ 111-րդը: Ըստ Մ. Հերգնյանի, սա նշանակում է, որ հայ անհատները տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու առումով ավելի պատրաստ են, քան բիզնեսն ու կառավարությունը: Պատկերը էականորեն չի տարբերվում նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հրապարակված ինդեքսով, որտեղ 88-րդ տեղում գտնվող Հայաստանն Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ երկրների շարքում առաջ է միայն Ղրղըզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Թուրքմենստանից: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման մասով Հայաստանը միջին դիրք է զբաղեցնում, բայց համեմատած հարեւան Ադրբեջանի դիրքի՝ լուրջ ճնշման առջեւ ենք կանգնած:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն էլ կարծում է, որ զեկույցների օբյեկտիվությանը կասկածելու հիմքեր չպետք է ունենանք, ըստ նրա, դրանք ստիպում են, որպեսզի անընդհատ դեկլարատիվ բնույթի հայտարարությունների ականատես չլինենք: Հ. Մուսայելյանի կարծիքով՝ ՏՏ ոլորտում հայերի առավելությունը ոչ թե գենետիկ ծրագրավորող լինելու հանգամանքն է, այլ տարբեր իրավիճակներում շուտ հարմարվելու ունակությունը: «Արդեն 10 տարի է՝ այս ոլորտը կառավարության կողմից հայտարարվել է գերակա ուղղություն, մեր հարեւանների կողմից ՏՏ-ն գերակա ուղղություն չի հայտարարվել, բայց մենք անընդհատ հետ ենք գնում: Իրավունք չունենք այս տեմպերով առաջ գնալու, որովհետեւ աշխարհաքաղաքական խնդիրներ, մարտահրավերներ կան, եւ մեր հավակնությունները պետք է ուրիշ լինեն: 10 տարի է՝ բարձրացնում ենք հարկային եւ մաքսային արտոնությունների հարցը, պատասխանում էին՝ չենք ուզում ստեղծել ջերմոցային պայմաններ որեւէ ոլորտի նկատմամբ, եթե չեք ուզում, ինչո՞ւ եք հայտարարություններ անում»,- նշեց Հ. Մուսայելյանը: Անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ շաբաթներ առաջ հրապարակած տվյալներին, թե Հայաստանում կա 1,5 մլն ինտերնետ օգտագործող, Հ. Մուսայելյանը արձագանքեց. «Նման դեպքում հիշում եմ հայտնի անեկդոտը. հայկական ռադիոյին հարցնում են՝ ինտերնետ հարցման միջոցով Հայաստանում քանի մարդ է ինտերնետից օգտվում, պատասխանը ստացվում է՝ 100%»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել