Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՆԺԴԵՀՈՎ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻՆ»

Նոյեմբեր 11,2010 00:00 Share

«Սարդարապատ» շարժման ակտիվիստներ՝ դերասան Երվանդ Մանարյանը եւ կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը երեկ հրավիրած ասուլիսին խոսեցին Սյունիքում գտնվող ուրանի հանքերի մասին: Արվեստագետները մտահոգված են երկրի հարավին սպառնացող վտանգների պատճառով եւ մասնակցելու են այսօր ուրանի հանքի հնարավոր շահագործման դեմ Կապանում կազմակերպված բողոքի հանրահավաքին: Դերասանը կարծում է, որ հանքավայրերը փոխանակ բարեկեցության երաշխիք լինելու, դարձել են սպառնալիքների աղբյուր. «Ինչո՞ւ ենք մենք այդտեղ ապրողներին այդպես արհամարհում, ոչ ոք չի ասում, որ ընդերքի հարստությունը պիտի հավիտյանս թաղված մնա, բայց դա հանելու կարգ ու կանոն կա, մեզ մոտ տպավորություն է, թե պարզապես սկսում ենք մեր ունեցածը քրքրել՝ գրպանները լցնելու եւ երկրից հեռանալու համար»: Խոսելով ուրան փնտրող մեքենայի այրման մասին՝ Տ. Խզմալյանը հայտնեց, որ որոշ բնակիչների տեղամասեր են ուղարկել եւ ստիպում են կատարվածի համար ցուցմունքներ տալ: Արվեստագետները կարծում են, որ մեքենայի այրման պատճառը կայծակն է: Ե. Մանարյանը հեգնանքով ասաց. «Հիմար պետք է լինել այդ հսկայական մետաղյա կառույցները Սյունիքի ձորերում տանել–դնելու համար։ Այո, հենց կայծակն է այրել։ Իսկ եթե չեք հավատում, ուրեմն՝ էդ ես եմ արել, ես էստեղից պուլտը վերցրել, սեղմել եմ, էնտեղ էլ վառվել է։ Դա՞ է ուզածը… Երվանդ Մանարյանն է արել, որովհետեւ ցավում է Սյունիքի համար»: Տ. Խզմալյանն էլ հավելեց, թե քանի որ «սեւ գործը» դերասանը միայնակ անել չէր կարող, ստեղծվել է մի «հանցավոր խումբ», «Սարդարապատ» շարժումը նախաձեռնել է նոր ստորագրահավաք. «Առաջին կորուստը կարող ենք ունենալ ո՛չ ազատագրված տարածքներում, առաջին թիրախն այժմ Սյունիքն է: Անգամ Կապանի ավագանին դեմ է նման խայտառակությանը, այն, ինչ կատարվում է՝ ցեղասպանություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Երկրի բնակչության 1/3-ը արդեն հեռացել է, եթե Սյունիքում հանքավայրը գործի, այնտեղ անմարդաբնակ գոտի է դառնալու: Այս ամենը արվում է մի կուսակցության եւ իշխանության հովանու ներքո, որի անդամները երդվում են Գարեգին Նժդեհի արձանի մոտ, նույն մարդիկ իրենց կեղծ կարգախոսների ներքո պատրաստվում են դավաճանել Սյունիքին, իրենց կուռք համարվող Նժդեհին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել