Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալ եւ ծրագրեր

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Երեկ այս օրերին Երեւանում գտնվող ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը ՀՀ ԳԱԱ-ի կողմից պարգեւատրվեց Ոսկե մեդալով՝ ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման համար: Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ներկայումս Ռոստովի նահանգի գիտության կենտրոնների հետ ակտիվ համագործակցում են ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
Նահանգապետն ասաց, որ արդեն հանդիպել է ՀՀ նախագահին, վարչապետին, համայնքների ղեկավարներին, նախարարությունների ներկայացուցիչներին. «Բոլոր այս հանդիպումներն ուղղված են կոնկրետ համագործակցությունների ձեռքբերմանը: Համամիտ եմ այն մտքի հետ, որ համագործակցության մասին քննարկումները, հեռանկարները պետք է կոնկրետ գործողությունների վերածել պայմանագրերի տեսքով եւ կյանքի կոչել: Հայկական արմատները Ռոստովում խորն են, անցյալ տարի նշեցինք հայկական համայնքի ձեւավորման 230 տարին, իսկ այսօր շուրջ 200.000 հայ հաստատված եւ բնակվում է Ռոստովում: Մեր նահանգի հայերն աչքի են ընկնում գիտության եւ կրթության ոլորտում՝ առաջադիմությամբ»: Նահանգապետը համոզմունք հայտնեց, որ Ռոստովում հայերը հայոց լեզվի պահպանման խնդիր չունեն. «Մեզ մոտ 7 դպրոցներում դասավանդվում է հայոց լեզու: Գործում է Հայաստանի հյուպատոսությունը, ունենք հայկական մշակութային կենտրոններ, վերջերս էլ բացվեց Ռոստովում հայկական մշակույթի տուն, այսինքն՝ բոլոր բնագավառներում Ռոստովն ու Երեւանը կապված են»:
Վ. Գոլուբեւն ասաց, որ Ռոստովի եւ հայաստանյան բուհերի միջեւ ուսանողների փոխանակումները եւս ակտիվ են. «Այսօր Ռոստովի պետական բուհերում սովորում է Հայաստանի 165 քաղաքացի, իսկ ուսանողների փոխանակումը բուհերի միջեւ՝ տեղի է ունենում պարբերաբար: Գիտության ոլորտում Հայաստանի հետ մեր կապերը սկսվել են դեռ 2004 թվականից: Հենց այդ տարի էլ կնքվեց համաձայնագիր ՌԴ ԳԱԱ-ի հարավային գիտական կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ-ի միջեւ: Արդեն կարող ենք խոսել համագործակցությունների արդյունքների մասին, կան հստակ իրականացված ծրագրեր, օրինակ՝ Սեւանա լճի հայ եւ ռուս մասնագետների համատեղ կենսաբանական ուսումնասիրությունները եւ այլն»:
ՌԴ նահանգապետի փոխանցմամբ, ՀՀ նախագահի հետ քննարկվել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացման մասին. «5 տարի առաջ Ռոստովում անցկացրինք Հայաստանի օրեր, կարծում եմ, հիմա ժամանակն է՝ Ռոստովի մշակույթի օրեր անցկացնել Երեւանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել