Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՅՓԱՅԵ՛Ք ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Կոչ է անում կանադահայ կլառնետահար Համբարձում Ջամբուրյանը

Ունենալով բարձրակարգ երաժիշտներ, թե խորհրդային տարիներին եւ թե այսօր, հայաստանյան երաժշտական կյանքում հազվադեպ ենք հանդիպում փայտյա փողային նվագարանների (ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ֆագոտ) մասնակցությամբ համերգների: Մասնագետները դա բացատրում են մասնագիտական գրականության դեֆիցիտով: Ժամանակակից կոմպոզիտորներից, օրինակ՝ Յուրի Գալստյանը, Արամ Սաթյանը եւ այլք, այս թեմայով «Առավոտի» հետ զրույցներում հավաստիացրել են, որ թե իրենք, թե իրենց կոլեգաները ստեղծագործում են այս ժանրում, իսկ դեֆիցիտ կա միայն փողային նվագարանների տպագիր գրականության «մասով»:

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ռ. Ասատրյան) ելույթ ունեցավ կանադահայ կլառնետահար Համբարձում Ջամբուրյանը: Երաժշտի երկացանկը ընդգրկում է կլառնետի երաժշտության լավագույն օրինակներ՝ գրված արեւմտաեվրոպական, լատինաամերիկյան եւ հայկական միջնադարյան ու դասական կոմպոզիտորների կողմից, ինչպես նաեւ փոխադրումներ: Առաջին այցը հայրենիք՝ կայացել է 1999թ.: Իսկ թե ինչու այդքան ուշ, մեզ հետ զրույցում Ջամբուրյանը, շրջանցելով հարցը, միայն հայտնեց. «Երբեք չէի խմել հայրենիքիս ջուրը: Հիմա հենց վերադառնում եմ Կանադա, նույնիսկ դեռ օդանավակայանում արդեն ծարավում եմ… Ողջ կյանքիս ընթացքում ինձ համար մեծ արժեք են ներկայացրել հայազգի արվեստագետները: Ես հեռակա էլ շատ բան սովորել եմ նրանցից»: Մեր զրուցակիցը պատմեց, որ իր ուսուցիչը եղել է հայրը՝ պրոֆեսիոնալ կլառնետահար Քերովբե Ջամբուրյանը, հավելեց նաեւ, որ ինքը հանդես է գալիս նաեւ իբրեւ դուդուկահար, նշելով, որ իր դեպքում դա, այսպես կոչված, «մոդայիկ» բնույթ չի կրում: Հարցին՝ հավանաբար հա՞յրն է սովորեցրել դուդուկ նվագել, երաժիշտն ասաց. «Ո՛չ… Երբ 1958 թ. Կանադա հյուրախաղերի էր եկել Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, ես ընդամենը 7 տարեկան էի: Առաջին անգամ այդ ժամանակ լսեցի դուդուկի հնչյունները ու մինչ այսօր չեմ կարողանում բաժանվել այդ նվագարանից»: Շեշտեց, որ իբրեւ դուդուկահար Կանադայում համերգային շրջագայություն է ունեցել աշխարհահռչակ կիթառահար Ջեսի Քուքի հետ, մասնակցել Մոնրեալի ջազ-փառատոնին եւ այլն:

Կլառնետահարը համագործակցել է մեծանուն երգիչներ Ռաֆայել Փաքեթի (Ֆրանսիա), Յանուշ Վոլնի (Լեհաստան), կանադահայ Իզաբել Բայրաքդարյանի, անգլիացի դիրիժոր Անն Մենսոնի եւ այլոց հետ: Ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Վանկուվերի «Օրփեոս» թատրոնում, Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն», «Կարնեգի» սրահներում եւ այլուր: Մշտապես շփվում է հայ համայնքի հետ, օրինակ, անցյալ տարի մասնակցել է Նյու Բրասուիք նահանգի Մանքթոն քաղաքում համայնքի նախաձեռնությամբ անցկացված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված համահայկական փառատոնին: Ստեղծագործական կապեր է հաստատել վերջին տարիներին Հայաստանից Կանադա տեղափոխված դաշնակահարներ Գրիգոր Շահվերդյանի, Ռոբերտ Մարգարյանի, տրոմբոնահար Գագիկ Ավագյանի եւ այլոց հետ: Հետաքրքրությանը, թե արեւմուտքում հայտնված բոլոր մեր երաժիշտնե՞րն են «գտնում» իրենց, պարոն Ջամբուրյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, թե ինչու են հայ երաժիշտները, այդ թվում՝ բարձրակարգ, հեռանում հայրենիքից… Ցավով պետք է փաստեմ, որ ոչ բոլորն են կարողանում կայանալ «դրսում»: Թեկուզ բարձրակարգ արվեստով դժվար է զարմացնել Ամերիկան ու Կանադան»: Շարունակելով խոսքը, Ջամբուրյանն ասաց. «Փորձառու երաժշտիս համար հայտնություն էր վերջին տարիներին Հայաստանում ծանոթանալ նշանավոր կոմպոզիտորներ Ռուբեն Ալթունյանի եւ Ստեփան Շաքարյանի հետ: Ունենք հիանալի երաժիշտներ, փայփայել է պետք: Հենց նշածս կոմպոզիտորների միջնադարյան եւ ժամանակակից երաժշտության փոխադրումների շնորհիվ պատրաստվում եմ թողարկել հերթական CD-ն»:

Հ. Ջամբուրյանը օրերս հանդիպել է Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանին եւ ստացել նրա համաձայնությունը՝ իր հաջորդ գալստյանը վարպետության դասեր անցկացնելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930