Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ, ԾԵԾՈՒՄ, ՀԱՅՀՈՅՈՒՄ

Նոյեմբեր 19,2010 00:00

Ոչ ոք չի կարող արգելել ծնողին, որ իր երեխայի համար «դաստիարակչական» այս մեթոդները չկիրառի

– Լակո՛տ, ականջդ կկտրեմ, եթե ինձ մի հատ էլ հակաճառես, վազի մի շիշ արաղ բեր:

– Չեմ բերի, դաս եմ անում:

– Արա, հորդ չե՞ս լսում, ընենց կքցեմ քացուս տակ ու ընենց կծեծեմ, որ էշին քեռի կասես:

Սա հայկական շատ ու շատ ընտանիքներում սովորական, նույնիսկ նորմալ երկխոսություն է՝ հարբեցող հոր եւ անչափահաս երեխայի միջեւ: Եթե որեւէ պետական աշխատող մտնի այդ ընտանիք ու նախատի ծնողներին՝ անչափահասի տարրական իրավունքները ոտնահարելու համար, նրա ձեռքից կբռնեն ու դուրս կշպրտեն՝ ուրիշի «օջախի» մեջ մտնելու ու ծնողական «դաստիարակությանը» խոչընդոտելու համար: Մեզ մոտ երեխային ապտակելը, ծեծելը սովորական դաստիարակչական մեթոդներ են: Եթե նույն ապտակը լինի դպրոցում, մանկապարտեզում՝ հայ ծնողներն իրենց բողոքներով մինչեւ կառավարություն ու նախագահական կհասնեն ու դաստիարակին պատժել կտան, բայց երբ իրենք են դա տանն անում՝ միանգամայն ընդունելի է:

Եվրոպական երկրներում, Ամերիկայում երեխաների իրավունքներն այն աստիճան են պաշտպանված, որ սոցիալական աշխատողը ժամանակ առ ժամանակ այցելում է երեխա ունեցող ընտանիքներ, շրջում է տան բոլոր սենյակներն ու ցուցումներ տալիս, թե երեխայի մահճակալը սխալ տեղում է, պատերի գույնը շատ ագրեսիվ է, երեխայի ճիշտ զարգացման համար լավ պայմաններ չկան եւ այլն: Ամերիկայում բնակվող ծանոթներիցս մեկը պատմում էր, որ ինքը, «հայի խասիաթի» համաձայն, փորձել է երեխայի համար ամեն ինչ առնել, ինչ խաղալիք ուզել է՝ գնել են, բայց երբ սոցիալական աշխատողն այցելել է, խստորեն նախատել է ծնողներին ու հորդորել անհապաղ խաղալիքների քանակը նվազեցնել: Վերջիններս հաջորդ օրն իսկ խաղալիքների մեծ մասը տարել են մանկատուն, հակառակ դեպքում, եթե սոցիալական աշխատողի պահանջը չկատարվեր՝ լուրջ տուգանքներ կմուծեին, նույնիսկ կարող էին զրկել ծնողական իրավունքից:

Հայաստանում, ինչպես պարզեցինք, սոցիալական աշխատողի հաստիք չկա, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե սոցիալական աշխատողը մտնի տնետուն ու տեսնի, թե ինչ պայմաններում են մեծանում հայ փոքրիկները: 2-3 տարեկան երեխաներ կան, որ հատակին՝ սառը բետոնի վրա են քնում, ուտում են՝ ինչ պատահի, խաղում են՝ ինչով պատահի եւ ապրում են խիստ հակահիգիենիկ պայմաններում: Եթե նույնիսկ սոցիալական խնդիրն էլ մի կողմ թողնենք, ընտանեկան բռնությունները բավարար են, որ հայ ծնողների մեծ մասը զրկվի իր իրավունքներից: Այս առնչությամբ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության «Արեւկա» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Մելիքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանում էլ այդ խնդիրը բարձրացվի ու այստեղ էլ գոնե մի մարմին զբաղվի երեխաների իրավունքների պաշտպանությամբ. «Մեր ընտանիքներում ամեն քայլափոխի երեխաները բռնության ու խոշտանգումների են ենթարկվում, ունենում են հոգեկան խանգարումներ ունեցող մայր, հարբեցող հայր, որոնք ծեծում են անչափահաս երեխային, նրան անընդհատ սթրեսի ենթարկում: Ու այդ երեխաների հարցն օդում կախված է մնում: Չկա մի մարմին, որը զբաղվի նրա խնդիրներով, չկա տեղ, ուր նա կարող է գնալ: Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ, ծնողներին շատ դժվար է զրկել իրենց իրավունքներից, իսկ քանի դեռ նրանք ունեն այդ իրավունքը, ոչ մեկն իրավունք չունի միջամտել ու, ասենք, այդ երեխային գոնե տանել մանկատուն»: Ըստ Ա. Մելիքյանի, այն հ/կ-ները, որոնք զբաղվում են երեխաների խնդիրներով, երբեմն բռնությունների ենթարկված ու վատ պահած երեխային բերում են իրենց կազմակերպություն, բայց նրանք ընդամենը մի քանի ժամ կարող են պահել, որից հետո նորից ստիպված են երեխային տանել իրենց տուն. «Մեր կազմակերպությունն էլ բազմաթիվ բողոքներ է ստացել: Հարեւանները, հարազատները՝ մորաքույր-հորաքույր երբեմն զանգում են ու խնդրում մեզ՝ միջամտել, որ հարբեցող ծնողները երեխային վնաս չտան: Մենք իրավաբանորեն չենք կարողանում որեւէ քայլ անել, որովհետեւ չկա նման օրենսդրություն: Լավագույն դեպքում հոգեբան ենք ուղարկում, որ զրուցի երեխայի, ծնողների հետ, բայց դա հարցի լուծում չէ»:

Նշենք, որ առողջապահության նախարարության մասնագետներն էլ են ահազանգում, որ Հայաստանի բնակչությունը ծերանում է, որ մեր երկրում երեխաների թիվը զգալիորեն նվազել է, հատկապես 0-ից 5 տարեկան երեխաների թիվը 2 անգամ կրճատվել է: Այդ տարիքի երեխաների 54 տոկոսն ապրում է աղքատ ընտանիքներում եւ ամեն օր ենթարկվում սոցիալական հողի վրա տարբեր խոշտանգումների:

Ի դեպ, երբ Հայաստանում ընտանիքներն ուզում են մանկատնից երեխա որդեգրել, մանկատան աշխատողներն այցելում են այդ տուն ու հիմքից ստուգում, թե քանի սենյականոց է, ինչ պայմաններ կան, տունն արեւկող է, թե ոչ, երեխային որ սենյակում են տեղավորելու, ուր են քնեցնելու, ծնողների աշխատավարձը բարձր է, թե ոչ: Եթե այս կողմերից մեկն էլ ապահովված չի լինում՝ մտածում են՝ արժե՞ երեխային տալ այդ ծնողներին, թե՞ պահել մանկատանը:

Ակամայից հիշեցի հարեւանիս երեխայի խոսքերը, երբ տեսավ որդուս օրորոցը. «Էս չե՞ք փոխի իմ օրորոցի հետ, հանգիստ կքնեմ»: Նա 10 տարեկան է: Երբ զարմացա, թե ինչպե՞ս է այդ տարիքի բավականին հասակ առած երեխան դեռ օրորոցում քնում, նա բացատրեց. «Շատ հեշտ, Հռիփսիմե քուրիկ, սենց ոտքերս ծալում եմ ու մտնում-քնում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել