Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍՆԱՑԵՔ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ՀՈՒՆԻՍԻՆ ՈՒ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Նոյեմբեր 25,2010 00:00

Հարսանիքի օրն էլ փռշտացեք, հարսին լացացրեք, բայց ոչ մի դեպքում ջրափոսերը մի ընկեք

Ասում են, որ ամուսնության օրն ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ դրանից է կախված երջանկությունդ… Ըստ սնահավատության այս կանոնների, եթե հարսանիքը կայանա մարտ ամսին, ամուսինն ու կինն անհավատարիմ կլինեն եւ պարբերաբար իրար կդավաճանեն, իսկ եթե հունվարին՝ կողակիցը նախատեսվածից շուտ կմահանա, փետրվարին էլ ամուսնանալով՝ կռիվ կընկնի նորաստեղծ ընտանիքում:
Չնայած Խորհրդային միությունում հարսանիքները հիմնականում կազմակերպվում էին մայիսյան տոներին՝ 1-ին, 2-ին, 9-ին, սակայն հենց այդ սովետական տարիներից էլ ազգային սովորույթ դարձավ այն, որ չի կարելի ամուսնանալ մայիսին, քանի որ այդ ամսին ամուսնացողները դժբախտ են լինում եւ նրանց ամբողջ կյանքն անցնում է տանջանքների մեջ: Ժողովուրդն ասում է, որ բարի մարդիկ այդ ամիս չեն ամուսնանում: Սակայն եկեղեցու հոգեւոր սպասավորները հավաստիացնում են, որ մայիսին ամուսնանալը չի խաթարի զույգերի երջանկությունը: Սնոտիապաշտները չեն ամուսնանում նաեւ հոկտեմբերին, քանի որ կարծում են, որ իրենց կյանքը դժվար, տանջալի եւ ծանր կլինի: Նրանք կարծում են, որ ապրիլին ամուսնանալով էլ ամուսնու հետ համատեղ կյանքը փոփոխական կլինի՝ մեկ լավ, մեկ վատ: Համեմատաբար ավելի մեղմ կյանք է սպասվում սեպտեմբերին ամուսնացած զույգերին, որոնք, ժողովրդական «բանահյուսության» համաձայն, միատոն եւ ձանձրալի օրեր կպարգեւեն միմյանց: Իսկ հուլիսին հարսանեկան տոնակատարությունն անցկացնելու դեպքում, «մասնագետները» նորապսակների համար գուշակում են ոչ հավասարակշռված կյանք, այսինքն՝ ապրելու եք միայն անցյալի հիշողություններով, նորերը՝ քիչ են ձեզ ուրախացնելու: Ստացվում է՝ տարվա մեջ ընդամենը 4 ամսվա ընթացքում կարելի է կազմակերպել երջանկաբեր հարսանիքներ՝ նոյեմբերին, դեկտեմբերին, հունիսին եւ օգոստոսին: Ժողովրդական «իմաստնությունն» ասում է, որ այդ ամիսներին ամուսնանալով՝ ե՛ւ սիրված կլինեք, ե՛ւ նյութապես ապահովված, ե՛ւ բուռն սեռական կյանք կունենաք:
Ժողովուրդը հոռետես է նաեւ շաբաթվա օրերի ու ամսաթվերի ընտրության հարցում: Օրինակ, համարվում էր, որ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին չի կարելի կազմակերպել հարսանյաց հանդիսություն, քանի որ այդ օրերն անհաջողակ են ամուսնության համար, բացառվում են նաեւ ամսվա 13-ին անցկացվող հարսանիքները՝ այդ օրն ամուսնացողները դժբախտ են լինում: Ժողովուրդը լավատես է ամսվա 7-ին ու 12-ին անցկացվող հարսանիքների պարագայում, որոնք, ըստ սնահավատների, կայուն եւ ավանդական հայկական ընտանիքների հիմք են դնում:
Պարզվում է, որ տվյալ օրվա եղանակն էլ իր մոգական ազդեցությունն ունի զույգերի հետագա կյանքի վրա: Եթե հարսանիքի օրը ձյուն կամ անձրեւ է տեղում, նախանշում է հարուստ ու երջանիկ կյանք: Արեւոտ եղանակն էլ ընտանիքում ջերմություն եւ ուրախություն է բերում: Եղանակային անբարենպաստ եւ բարենպաստ պայմանները, միեւնույն է, ձեզ երջանկություն են բերելու, դրա վրա սեւեռվել պետք չէ:
Ինչպես ամեն սովորություն, հարսանիքների համար հատուկ օր ընտրելն էլ իր տրամաբանական բացատրությունն ունի: Հնում բոլոր ժողովուրդները հարսանիքների համար ընտրել են աշնան եւ ձմռան ամիսները, որովհետեւ գարնանն ու ամռանը մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Նշենք, սակայն, որ ձմռանն անցկացվող հարսանիքը գերածախսերի պատճառ են դառնում, այդ ժամանակ ամեն ինչ թանկ է, հողի բանջարեղենն ու միրգն էլ քչություն են անում:
Բացի ամիսներից, ամսաթվերից ու եղանակից, սնահավատներն ունեն եւս մի քանի մտավախություն: Ըստ նրանց,  հարսանիքի օրը զույգերից ով առաջինը իրենց համատեղ բնակարան մտավ՝ նա էլ կլինի տան իշխողը: Սրան կա եւս մեկ տարբերակ՝ հարսը չպետք է մենակ անցնի նոր տան շեմից, ամուսինը պետք է նրան ձեռքերի վրա պահած տանի, այդ դեպքում նոր տանն ամբողջ կյանքում երիտասարդ կնոջը «կպահեն ձեռքերի վրա»: Սակայն եթե փեսան մինչեւ հարսի տուն հասնելն արդեն հասցնում է աղտոտել իր հարսանեկան կոստյումը, ապա նա լավ ամուսին եւ տանտեր չի լինի: Եթե փեսան չի ցանկանում հարսին շուտ հետ դարձնել, ապա հայրական տնից «վերցնելիս» պետք է հետ չշրջվի: Չնայած՝ փեսայի անվստահությունը կարտահայտեն նաեւ հարսանիքի օրվա ընթացքում նրա սայթաքումները կամ վայրէջքները: Նման ծիծաղաշարժ սնահավատությունները բազմաթիվ են. եթե փեսան ոտքը դնում է հարսի տան դիմաց գտնվող ջրափոսի մեջ, ինքը կամ հարսը հարբեցող կդառնան, եթե հարսանիքի  առավոտյան հարսն ու փեսան փռշտում են, նշանակում է ամուսնության մեջ երջանիկ կլինեն, կամ էլ եթե հանկարծ հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ  ափը, նշանակում է ապրելու է հարուստ, իսկ աջի դեպքում՝ տանը միշտ լինելու են բազմաթիվ հյուրեր ու ուրախություն: Եվս մեկ հետաքրքիր գուշակություն. որպեսզի ամուսինները լինեն երջանիկ, հարսը հարսանիքի օրը պետք է լաց լինի: Ինչ վերաբերում է ՔԿԱԳ (ԶԱԳՍ)-ին, ապա մեր տատական մեթոդների համաձայն, հարսին հայրական տնից հանելուց հետո, նրա եւ փեսայի հագուստը պետք է միացնել քորոցով, որպեսզի ոչ ոք նրանց միջով չանցնի ու այդպես ամրացված էլ նրանք պետք է գնան ՔԿԱԳ, բայց ոչ մի դեպքում զբոսանք չպետք է անցկացնեն, եւ նրանց ծնողներին էլ չպետք է հրավիրեն իրենց ամուսնության գրանցմանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել