Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐԸ» ՀԵՐՔՈՒՄ Է «ՎԻՔԻԼԻՔՍԻՆ»

Դեկտեմբեր 09,2010 00:00

Ըստ «Երկիր» միության, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը: «Վիքիլիքս» կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց» մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում՝ արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են: «Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որեւէ առնչություն չունեն իրականության հետ եւ վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին, կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախքահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ անօրինական համակարգային հետապնդումների իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է եւ «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների եւ նամակների միջոցով, նաեւ անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսեւորումների վրա, սակայն՝ ապարդյուն: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում՝ հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա:
ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաեւ արտոնում է վրաց իշխանություններին՝ շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել