Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՊԱՍՏԱԿԸ ԱՇՈՏՅԱՆԻ, ՔՈՒՇԿՅԱՆԻ ՈՒ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՐՏՈՎ Է

Դեկտեմբեր 15,2010 00:00

2011-ը որոշ պաշտոնյաների համար լինելու է աշխատանքի, ոմանց համար՝ հանգստի տարի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տարին ավարտվում է: Ինչպես գիտենք, 2010-ը վագրի տարի էր, եւ մեր երկրին «վագրային թռիչքներ» չբերած նախարարներն իրենց դիրքերը զիջելու են արդեն նապաստակներին կամ կատուներին: Ինչպես պարզեցինք, հորոսկոպով նապաստակի տարում է ծնվել նախարարներից միայն կրթության եւ գիտության ոլորտը կառավարող Արմեն Աշոտյանը: Թե 2011-ին որ կենդանու հատկանիշներով է նա մեր երկրի կրթությունն ու գիտությունը առաջ տանելու՝ դեռ հայտնի չէ, բայց, ընդհանուր առմամբ, այդ տարին, ըստ չինական հորոսկոպի, շատ հաջող է լինելու նրա համար: Չնայած նապաստակի տարում ծնվածներն առանց այդ էլ շատ բախտավոր են լինում ու իրենց ճարպկությամբ հասնում են նպատակներին, մասնագետները խորհուրդ են տալիս 2011-ին առավել հաջողությունների հասնելու համար Ամանորի գիշերը նապաստակի նկատմամբ բարեհամբույր գտնվել ու անել այն, ինչ նա է սիրում: Սա չի նշանակում, թե պարոն Աշոտյանից պահանջվում է ցատկոտել ու ողջ գիշեր միայն գազար ուտել, բավական է հագնել բրդյա կամ բամբակյա բաց գույնի հագուստ՝ բաց դեղին, կաթնագույն, երկնագույն կամ արծաթագույն: Հաշվի առնելով, որ աշխարհի շատ երկրներում ճագարը համարվում է պտղաբերության խորհրդանիշ, վատ չէր լինի, որ նապաստակի տարում ծնված պաշտոնյաները, եթե իրենց բնագավառում որեւէ լավ բան չանեն, գոնե երկրի ծնելիությունը խթանելու համար մտածեն երեխա ունենալու մասին:

Նշենք, որ պատգամավորներից շատերը նույնպես «նապաստակ» են՝ դաշնակցականներ Արթուր Աղաբեկյանը, Հրայր Կարապետյանը, հանրապետականներ Ռուբեն Հայրապետյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովն ու Կարեն Սարիբեկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, անկուսակցական Արայիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, որը Վայոց ձորի մարզպետն է: Չնայած նապաստակը, ճագարը վախկոտ կենդանիներ են, սակայն, ըստ հորոսկոպի, այդ տարում ծնվածները բնութագրվում են որպես հավասարակշռված, փառասեր մարդիկ, որոնց կյանքում բախտը միշտ բերում է: Նրանց բնորոշ է դիվանագիտությունը, ռոմանտիկությունն ու հավատարմությունը, այդ պատճառով էլ մասնագետները միշտ խրախուսում են սիրահարված զույգերին հենց նապաստակի տարում ամուսնանալ: Թե որքան ռոմանտիկ է իրականում Արթուր Աղաբեկյանը կամ Ռուբեն Հայրապետյանը՝ պարզ չէ, բայց կոնկրետ մեր երկրի համար առավել կարեւոր է նրանցից տեսնել նապաստակին բնորոշ կարգապահությունը, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու եւ արդյունավետ փոխզիջման գնալու կարողությունը:

Հաջող տարի սկսելու համար մեր մյուս պաշտոնյաները նույնպես պետք է որոշակի զիջումների գնան: Մասնավորապես, պահանջվում է տոնական սեղանին շատ խնձոր մատուցել, բանջարեղեն ու կանաչիներ, թեեւ պարզ է, որ նապաստակին գոհացնելու համար այս պահանջը որեւէ մեկը չի կատարի: Հատկապես պատգամավորների մեծ մասը, որը նախաճաշին, ճաշին ու ընթրիքին սովորաբար խորոված, քյաբաբ ու խաշլամա է ուտում, դժվար թե տոնական սեղանին մսեղեն չդնի կամ հրաժարվի, ասենք, խոզի ազդրից:

Հայտնի է, որ 2011-ի տարերքը մետաղն է: Սա տարբեր պաշտոնյաների կողմից կարող է յուրովի ընկալվել ու մեկնաբանվել. ոմանք, հնարավոր է, Ամանորի գիշերը իրենց մի քանի կիլոգրամանոց ոսկյա շղթաները, ապարանջաններն ու մատանիները լցնեն իրենց վրա, մինչդեռ դա բոլորովին այլ խորհուրդ ունի: Ընդամենը պետք է բնակարաններն ու առանձնատները զարդարել տարբեր մետաղյա իրերով՝ մոմակալներով, ծաղկամաններով, կոլաժներով:

Ինչ վերաբերում է 2011-ի կանխատեսումներին, այն բեկումային է լինելու տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի համար, որոնք հորոսկոպով ձուկ են: Հաջորդ տարի այս նախարարներն ավելի շատ ընտանեկան ջերմության կարիք կունենան, հնարավոր է՝ քաղաքից դուրս նոր անշարժ գույք գնեն ու բնակվեն այնտեղ: Սա վերաբերում է նաեւ Ռուբեն Հայրապետյանին եւ Դավիթ Հարությունյանին, որոնք նույնպես ծնվել են այդ նշանի տակ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին 2011-ը խոստանում է նախորդ տարվա բոլոր հոգսերի թոթափում, որովհետեւ եկող տարին ջրհոսների համար հանգստի տարի է, սա չի նշանակում, թե նրանք պետք է ոչինչ չանեն, պարզապես ցանկացած ձեռնարկած գործ շատ հեշտությամբ ու հաջողությամբ է ավարտվելու ջրհոսների մոտ ու, ընդհանուր առմամբ, տարին թեթեւ է անցնելու: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հորոսկոպով այծեղջյուր են: Մասնագետները վատ բան են կանխատեսել նրանց համար. նրանք, հնարավոր է, կտրուկ փոխեն իրենց շրջապատը: Սա նշանակում է, որ 2011-ին այս նախարարները, հնարավոր է, նույնպես հանձնեն իրենց աթոռները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի համար նապաստակի տարին չափազանց հաջող է լինելու, քանի որ, ըստ կանխատեսումների, երկվորյակները 2010-ին ունեցած բոլոր անհաջողությունները եկող տարի հաջողությամբ են ավարտելու: Տարին նրանց համար բարենպաստ է հատկապես կողակցի հետ հարաբերությունները բարելավելու եւ ընտանեկան երջանկության համար: Կառավարության ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորոսկոպով խեցգետին են: Նրանց սպասվում է ներդաշնակություն՝ հոգու, արժեքների եւ իմաստության: Նրանք ընդունելու են իրենց սխալները եւ փորձելու են շտկել դրանք: Սակայն կանխատեսվում է, որ ղեկավարությունը կգնահատի ավելի շատ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքը: Հորոսկոպով խոյ այս նախարարները նապաստակի տարվա ընթացքում կլուծեն իրենց նյութական պրոբլեմները, եթե, իհարկե, ունեն այդպիսիք: 2011-ը բարի է լինելու նաեւ բնապահպանության նախարար, առյուծ Արամ Հարությունյանի համար, որովհետեւ նրան սպասվում են դրական փոփոխություններ, ընկերների ու շրջապատի կողմից միայն տեսնելու է սեր, նվիրում ու հավատարմություն: Ի դեպ, Արամ Հարությունյանն այդ ամենը կստանա միայն այն դեպքում, եթե 2011-ին իսպառ արգելի Հայաստանում նապաստակի որսը: Ներկայումս, ըստ բնապահպանության նախարարության, 1 հատ նապաստակի որս անելու թույլտվությունն արժե 800 դրամ, բայց առավելագույնը կարելի է որսալ 2 նապաստակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել