Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնները հայտնի են

Դեկտեմբեր 25,2010 00:00

ՀՖՖ-ն պաշտոնապես ամփոփեց ու եզրափակեց 2010 թվականը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած տոնական մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան ու մեծարվեցին մրցաշրջան 2010-ի լավագույնները:

\"\"
Կառլեն Մկրտչյան՝ լավագույն ֆուտբոլիստ:

\"\"
Վարդան Մինասյան՝ լավագույն մարզիչ:

Նախ ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թովմաս Գրիգորյանը ոսկե մեդալներով պարգեւատրեց ֆուտզալի չեմպիոն «Քախս» թիմին, ապա մրցանակի արժանացավ ֆուտզալի լավագույն ռմբարկու եւ լավագույն խաղացող Արմեն Գյուլամբարյանը: Այնուհետեւ, չեմպիոնական փոքր ոսկե մեդալներ ու պատվոգրեր ստանալու հերթը հասավ «Արարատին»՝ առաջին խմբի հաղթողին: Պարգեւատրվեցին նաեւ բարձրագույն խմբի առաջնության բրոնզե եւ արծաթե մեդալակիրներ «Ուլիսն» ու «Բանանցը»: Մեդալները հանձնեցին ՀՖՖ գործկոմի անդամներ Վիկտոր Դալլաքյանն ու Տարոն Մարգարյանը: Իսկ հերթական անգամ չեմպիոնական ոսկե մեդալները «Փյունիկի» ֆուտբոլիստներին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փյունիկը» «Բանանց-2»-ի հետ միասին արժանացավ նաեւ «Արդար խաղ» մրցանակին: «Ոսկե խաղակոշիկով» պարգեւատրվեցին առաջնության լավագույն ռմբարկուներ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոսը:

Երեկոյի ամենահետաքրքրող հարցն էր, թե ո՞վ է տարվա լավագույն ֆուտբոլիստը: ՀՖՖ գործկոմի անդամների, ակումբների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեց «փյունիկցի» Կառլեն Մկրտչյանը: Եռյակում նրա հետ միասին տեղ էին գտել նաեւ Գեւորգ Ղազարյանն ու Հրայր Մկոյանը: Անակնկալներ չեղան նաեւ տարվա լավագույն մարզչի ընտրության հարցում. ազգային հավաքականի ու «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս տարի մրցակցությունից դուրս է:

Լրատվամիջոցներն էլ հանձնեցին իրենց սահմանած մրցանակները: Panarmenian.net-ը մրցանակ հանձնեց նրան, ով ամենամեծ ներդրումն ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ նախորդ տարվա ընթացքում: Մրցանակը բաժին հասավ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի սահմանած «Տարվա հայտնություն» մրցանակը շնորհվեց «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանին, ում, ի դեպ, «Զարգացման հայկական բանկն» արժանացրել էր նաեւ «Լավագույն խոստումնալից ֆուտբոլիստ» մրցանակին: Իսկ Totalfootball.am-ի մրցանակը հանձնվեց «Փյունիկի» եւ ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ առաջնության խորհրդանշական հավաքականներում առավել հաճախ հայտնվելու համար: Մեր ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանին էլ շնորհվեց ՖԱՖ ֆան-ակումբի «FAF-ի համակրանք» մրցանակը: Լրատվամիջոցներն էլ առանց մրցանակի չմնացին. «Հայկական ֆուտբոլի լավագույն լուսաբանման համար» պարգեւը ստացավ «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդումը: Իսկ ահա ավանդական՝ «Տարվա լավագույն մրցավար» մրցանակն այս տարի հասցեատեր չունեցավ: Ինչպես եւ ակնկալվում էր՝ հայ մրցավարները 2010-ին պատժվեցին ամենայն խստությամբ ու զրկվեցին ոչ միայն լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի ընտրության, այլեւ՝ հենց իրենց շարքերում լավագույնին ճանաչելու իրավունքից:

Փոխարենը՝ առանց մրցանակ չմնաց Դոնեցկի «Շախտյորի» ու ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Գեղանկարիչ Կարեն Հովհաննիսյանը նրան իր աշխատանքներից նվիրեց՝ արտասահմանում ամենից շատ առաջընթաց գրանցելու համար:

Մրցանակաբաշխությունը եզրափակվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով: «Շնորհավորում եմ գալիք Ամանորի կապակցությամբ: Թող 2010-ը երջանկություն, խինդ եւ ուրախություն պարգեւի հայ երկրպագուներին: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, սփյուռքի հայերին, որոնք սպասում են 2011թ. հաջող ելույթներին: Դա իմ սիրելի թիմի հետ միասին պետք է պատվախնդրորեն կատարենք: Խնդրում եմ բեմ հրավիրել մեր հավաքականի ֆուտբոլիստներին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը ու հիշեցրեց, որ մեր ազգային առաջնությունն այս անգամ լարված պայքարում անցավ, իսկ եթե առաջնությունն ուժեղ լինի, ուժեղ կլինի նաեւ հավաքականը:

«Առավոտը» միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին, հույս հայտնելով, որ հաջորդ դեկտեմբերին առիթ կունենանք շատ ավելի արժեքավոր ու ծանրակշիռ հաղթանակներով ամփոփել տարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել