Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԾԻԾԱՂԵԼԻ՞ Է

Հունվար 22,2011 00:00

Կոմունիստական բոլոր կուսակցությունները շարունակում են ասել, որ հարկ է կոնսոլիդացվել

Ինչ է փորձում անել Տիգրան Կարապետյանը. սա այսօր հայաստանյան քննարկումների գլխավոր թեման է: Իսկապե՞ս Կարապետիչը փորձում է համախմբել ժողովրդական զանգվածները՝ ամենաարդար մղումներն իրականություն դարձնելու համար, թե՞ զբաղված է ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու պատրաստություններով: Այս հարցերի պատասխաններն առավել տեսանելի կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ, այնուհանդերձ, տարօրինակ է եւ տարակուսանքի տեղիք են տալիս նրա կողմից կազմակերպված մարդաշատ հանրահավաքները, որոնք լռությամբ հանդուրժում է իշխանությունը:  Գնալով ավելի են շատանում խոսակցությունները, որ Կարապետիչը, մեղմ ասած, վայելում է իշխանությունների համակրանքը: Այս օրերին քննարկման առարկա է իշխանության կողմից մշակված մի սցենար, որի գլխավոր դերակատարներից մեկը նույն ինքը՝ Տիգրան Կարապետյանն է: Խոսքն այն մասին է, որ Տիգրան Կարապետյանի սկսած շարժմանը միանալու են նաեւ ձախ-սոցիալիստական գաղափարախոսությամբ ուժերը: Իսկ մինչ Տիգրան Կարապետյանը ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկումն օգտագործելով իբրեւ պատրվակ՝ քաղաքական հավակնություններ է դրսեւորելու, ընթանալու է ձախ դաշտի համախմբում: Համախմբումը սկսվելու է կոմունիստական կուսակցություններից: Այն իշխանությունը, որը ժամանակին սիրով պառակտեց այդ ընդդիմադիր զանգվածը, հիմա փորձելու է համախմբել եւ առաջիկա ընտրություններում օգտագործել իբրեւ ընդդիմություն, քանի որ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանն այլեւս օգտագործելի չեն՝ ժողովրդի աչքին չափից ավելի վարկաբեկված լինելու պատճառով: Այս խոսակցությունների ֆոնին առավել հետաքրքրական են թվում 2010-ին Աշոտ Մանուչարյանի քավորությամբ մեկնարկած ձախ-սոցիալիստական դաշտի համախմբման գործընթացները, որոնք մինչ օրս, սակայն, տրամաբանական ավարտին չեն հասել: Արժեք է ստանում եւս մեկ իրողություն: Անցած տարեվերջին կայացած ավանդական կոմկուսի՝ ՀԿԿ-ի համագումարում հայտարարվեց, որ Վազգեն Սաֆարյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը դիմել է եւ խնդրել քննարկել ՀԿԿ-ի հետ միավորման հնարավորությունները:
Արդյոք իշխանական սցենարը սկսում է միս ու արյո՞ւն ստանալ: «Առավոտի» հետ այս թեմայի շուրջ զրույցում երեկ ՀՆԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանն այսպես ասաց. «Համագումարներում առաջնորդներին նամակներ գրելով կամ նրանց դափնիներով շրջապատելով՝ չենք օգնի մեր գաղափարախոսության կենսունակության պահպանմանը: Կոմունիստական-սոցիալիստական գաղափարախոսությունն այսօր, ցավոք, ցեխոտ լաթի նման ընկած է փողոցում: Պետք է տեր կանգնել, եւ եթե միավորումը մինչեւ հունիս ամիս տեղի չունենա, հաջորդ խորհրդարանական ընտրություններում մենք դարձյալ դատապարտված ենք ժողովրդի կողմից մերժման, եւ մեր էլեկտորատը փոշիանում է: Թովմասյանը հայտարարում է հանրապետական միավորում, մարդիկ էլ գալիս-նստում են ու խոսում, որտեղ էլ հստակեցվում է յուրաքանչյուր կուսակցության ճակատագիրը»: Իսկ Տիգրան Կարապետյանի հետ համագործակցության սցենարը նա ծիծաղելի է համարում: Կարապետիչին էլ խորհուրդ է տալիս մի կողմ դնել իր աթոռապաշտությունը եւ այդ նպատակի համար ժողովրդին փողոց չհանել:
ՀԱՄԿ ԿԿ առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանն էլ պարզաբանեց, որ իրենց քայլը պայմանավորված է կոմունիստական շարժման միասնականության անհրաժեշտությամբ: Իրենց պատկերացրած միավորումը լինելու է դաշինքային տարբերակով՝ կոմունիստական, ապա ձախ-հայրենասիրական ուժերի, որն առաջ պետք է մղի սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանվածության գաղափարները եւ որեւէ նեղ անձնական շահ չի պարունակում: Ձախ դաշտի կոնսոլիդացիան նա համարում է հասարակական-քաղաքական պահանջ եւ լուրջ չի վերաբերվում այդ դաշտում հնարավոր իշխանական սցենարների կիրառմանը:
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ «Առավոտին» ասաց, որ համագումարի որոշմամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովը կքննարկի Վազգեն Սաֆարյանի դիմումը եւ կենտկոմի բյուրոյին կներկայացնի այն բոլոր տարբերակները, որոնք միավորման հնարավորություն կստեղծեն կամ կմերժեն այն. «Դա լուրջ հարց է, քանի որ նախկինում այդ մարդկանց ու կուսակցությունների մասին եղել են եւ համագումարների, եւ պլենումների որոշումներ: Շտապելու կարիք չկա»: Իշխանական հնարավոր սցենարների մասին էլ ասաց. «Կուսակցության համագումարն արձանագրել է, որ Կոմկուսը երբեք չի համագործակցի այն կուսակցությունների հետ, որոնք բերում են նույն լիբերալ-ազատական գաղափարախոսությունը՝ թալանել, գռփել, ժողովրդին դնել ստրուկի տեղ: Այն ուժերը, որոնք կհայտարարեն, որ երկիրը կարող են տանել սոցիալիստական գաղափարախոսությամբ զարգացման՝ հանուն մարդու եւ մարդու համար եւ իրենց իշխանության դեպքում կերաշխավորեն ժողովրդից խլվածը ժողովրդին վերադարձնելու, երկրում սոցիալական արդարության սկզբունք հաստատելու մասին, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով ժողովրդին կվերադարձնեն ժողովրդի իշխանությունը, անվտանգ ու խաղաղ ապրելու ծրագրեր կառաջարկեն՝ ՀԿԿ-ն նրանց հետ կհամագործակցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել