Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր, մարդասեր, կատակասեր

Հունվար 22,2011 00:00

Առնո Բաբաջանյանը՝ արվեստագետների հուշերում

Երեկ լրացավ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը, որի կապակցությամբ կոմպոզիտորի հարազատները, արվեստի երկրպագուներն ու մտերիմները նախ ծաղկեպսակներ դրեցին հայ մեծանուն երաժշտի արձանին, այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կոմպոզիտորի շիրիմին: Միջոցառմանը, սակայն, ներկա չէր կոմպոզիտորի որդին: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը խոստովանեց. «Շատ եմ սիրում Առնո Արությունովիչին ոչ միայն նրա երաժշտության, երգերի, կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների, այլեւ նրա ափի ջերմությունը զգալու համար, ինչը վայելել եմ տասնամյակներ շարունակ… Այսօր էլ Առնոն մեզ հետ է՝ իր երաժշտությամբ, բոլորիս հիշողություններում… Նա մեծ մարդասեր էր, կատակասեր, որ ամեն ինչում էր դրսեւորվում»:
Կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը նշում է, որ ոչ միայն ճանաչել է Ա. Բաբաջանյանին, այլեւ բարեկամը եղել. «Հավատս չի գալիս, որ նա այսօր պետք է 90 տարեկան լիներ: Շատ ցավալի էր անձամբ ինձ համար եւ արվեստասեր ժողովրդի համար՝ Բաբաջանյանի կյանքից հեռանալը: Ուրախ եմ, որ ամեն ինչ արվում է նրա հիշատակը վառ պահելու համար, Առնոյի երգերը հնչեցնելու, պրոպագանդելու համար: Բաբաջանյանը որպես անձնավորություն եւ երաժիշտ՝ յուրահատուկ է եղել, ամեն ինչի մեջ ձգտում էր առաջնության, նույնիսկ երաժշտությունից դուրս, նարդի, շախմատ խաղալու մեջ ոչ մի կերպ չէր ուզում զիջել: Սաստիկ ազդվում էր, եթե որեւէ հարցում հաջողության չէր հասնում»:
Երգչուհի Ռաիսա Մկրտչյանը անկեղծանում է. «Այն բացառիկ երջանիկներից եմ, որ Առնո Բաբաջանյանի հետ եմ հարթել իմ կարիերան: Գուցե դա Աստծո կամքն էր, որ 17 տարեկանից ծանոթացա Առնո Արությունովիչին: Անչափ հպարտ եմ նաեւ, որ ձայնագրեցի նրա հետ մոտ 40 երգ: Նա մեծ դեր է խաղացել իմ՝ որպես երգչուհի կայացման հարցում»:
Նշենք, որ 90-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է բաբաջանյանական տարի:
Այդ կապակցությամբ սցենարիստ եւ պրոդյուսեր Մարկ Պետրոսյանը նկարահանել է «Մեր Առնոն… ու նրա մասին» խորագրով փաստագրական ֆիլմ՝ նվիրված Բաբաջանյանին: Ըստ նրա, ֆիլմը պատմում է կոմպոզիտորի մասին. «Նկարում Առնո Բաբաջանյանի մասին խոսում են հանրահայտ մարդիկ՝ Կոբզոնը, Եվտուշենկոն, Պախմուտովան, Միրզոյանը, Հարությունյանը, Օրբելյանը, ինչպես նաեւ կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը: Հիմքում ընկած է Առնոյի երաժշտական ունակությունների շեշտադրությունը: 50 րոպե տեւողությամբ ֆիլմում օգտագործված են արխիվային նյութեր: Այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները»:
Առնո Բաբաջանյանի արձանի մոտ կայացած միջոցառման ընթացքում Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի սաների կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները, սակայն հուշարձանի հարեւանությամբ գտնվող սահադաշտում հնչող բարձր երաժշտությունը խլացնում էր այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել