Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 12,2011 00:00

Հայաստանը դուրս է եկել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխվել 2-րդ խումբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Wikileaks» կայքի տեղեկատվության համաձայն, Հայաստանում ծաղկել է մարմնավաճառությունը, իսկ դրան օժանդակում են իրավապահ մարմինները: Ըստ նույն աղբյուրի, Երեւանում ԱՄՆ դեսպանի եւ դիվանագետների հետ հանդիպել են թրաֆիքինգի զոհերը, տուժողները հայտարարություններ են արել:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռեւս 2005թ. հունիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում՝ մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը: Սակայն դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետեւանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվեց ՀՀ ոստիկանության տարածքային եւ համայնքային քննչական բաժիններում:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ՝ 30.11.2007թ. հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որի վրա էլ դրվեց թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը:
Հայաստանն այսօր դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխել 2-րդ խումբ:
«Առավոտի» հարցին, թե դիվանագետներին մարմնավաճառները հայտնել են անուններ, մասնավորապես, դատախազության աշխատակից Ա. Երեմյանի, որը թույլ է տվել օրինախախտումներ, գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «այդ բոլոր հայտարարությունների իսկությունը ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել են ծառայողական քննություններ եւ դրանց արդյունքներով ու միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ թրաֆիքինգի զոհերի հայտնած հաղորդումները չեն հիմնավորվել»:
 ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը կազմակերպել է Երեւանի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունը «Հարավային Կովկասում հ/կ-ների եւ կառավարության համագործակցությունը կանանց եւ երեխաների թրաֆիքինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Հույս եւ օգնություն» հ/կ-ի կողմից հունվարի 23-24-ը եւ հունվարի 30-31-ը Երեւանի «Ավիատրանս» հյուրանոցում կայացած վարժանքներին: Համատեղ միջոցառումներ են կազմակերպվել համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ-ի «ODIHR», «Հույս եւ օգնություն» հ/կ-ի եւ «Եվրոպական հանձնաժողովի» հետ:
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը կազմակերպել է Երեւանի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունը ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» /UMCOR/ հ/կ-ի Հայաստանի գրասենյակի կողմից՝ «Ի պատասխան մարդկանց թրաֆիքինգի խնդրի իրավապահ մարմինների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված նիստերին եւ մի խումբ փորձագետների հետ հանդիպումներին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչը Թբիլիսիում մասնակցել է «Անչափահասների հարցերով արդարադատության» թեմայով ուսուցմանը:
Մարդկանց առեւտուրը՝ թվերով
2008թ. մարդու առեւտրի հետ կապված հանցագործությունների փաստով 15 քրեական գործ է քննվել, դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ով կայացվել է մեղադրական դատավճիռ. ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման՝ մինչեւ 7 տարի 6 ամիս ժամկետով:
2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ՝ 16 անձի նկատմամբ, 8 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ՝ մինչեւ 13-14 տարի ազատազրկում ժամկետներով:
2010թ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազական հսկողություն է իրականացրել ՀՀ քրեական օրենսգրքի 132 (Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) եւ 132.1 (Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության, կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը) հոդվածներով հարուցված 13 քրեական գործերի նախաքննության նկատմամբ: Այս գործերից 4-ը՝ 6 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան՝ 2-ի վարույթը կասեցվել է, 3-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել է 9 կին:
ՀՀ դատախազությունից նաեւ հավելեցին. «ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հրապարակայնորեն ներկայացրել է կատարված աշխատանքները, դրանց արդյունքները, եւ եթե դիվանագիտական պրակտիկայում ընդունված է զրուցակից կողմին ասել մի բան, հայտնել շնորհակալություն կատարված աշխատանքի համար, իսկ զեկուցագրերում նշել բոլորովին այլ բան, այդ հանգամանքը դուրս է դատախազության մեկնաբանության ոլորտից»:

Երեկ տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը: Բացառիկ մանրամասները կարդացեք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել