Լրահոս
Օրվա լրահոսը

IB ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մարտ 15,2011 00:00

\"\"Ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ սա այն մոդելն է, որին ձգտելու են հասնել

– Միջազգային բակալավրիատ կազմակերպության (IBO) տարածաշրջանային տնօրեն Ադրիան Քիարնին Ձեզ ուղղված նամակում չի բացառել, որ հայերենը կարող է լինել դասավանդման լեզու իրենց դպրոցներում՝ առավել չափով տարրական ու միջին տարիների ծրագրերում, իսկ դիպլոմային ծրագրում՝ մեծ վերապահությամբ: Եվ պայման էր նշել, թե ամեն դեպքում՝ քննությունները պետք է լինեն իրենց աշխատանքային երեք լեզուներից մեկով: Ուրեմն, ի՞նչ գործնական քայլեր եք մտադիր կատարել այս ուղղությամբ, որ Հայաստանի վերոնշյալ դպրոցներում դասավանդումը տեղի ունենա հայերեն:
– Եկեք տարբերակենք երկու խնդիր. առաջինը՝ IB համակարգի դպրոցների մեթոդաբանությունը, մանկավարժությունը, դասագրքերը, ծրագրերը, այսինքն՝ կրթության բովանդակությունը, եւ երկրորդը՝ կրթության կազմակերպման լեզուն: Բնական է, որ կրթության բովանդակությունը մեզ համար կարեւոր աղբյուր է. նաեւ որպես միջազգային լավագույն փորձերից մեկը՝ IB համակարգի փորձը, մեր հայկական մոդելները շտկելու, զարգացնելու համար: Չենք բացառում նաեւ IB համակարգի նվաճումներից օգտվելու խնդիրը թե տարրական, թե միջին դպրոցում՝ կրթության բովանդակության մասով:
Ուրիշ խնդիր է դասավանդման լեզուն, որը, ինչպես նշեցիք, ավելի խիստ է IB ավարտական փուլում՝ դիպլոմային ծրագրում: IB տարրական եւ միջին դպրոցների նպատակն աշակերտին պատրաստելն է դիպլոմային ծրագրի համար: Այսինքն՝ իմաստազուրկ է կտրել այդ աստիճաններն իրարից եւ առանձին վերցրած դիտարկել կրթական այդ աստիճանները՝ առանց ավարտական, վերջնական ծրագրի մասնակցության հնարավորության: Քանի որ IB ողջ համակարգն աշակերտին պատրաստում է միջազգայնորեն ճանաչված լավագույն բուհերում սովորելու համար:
Մենք չենք բացառում մարտավարական փոխառությունները IB համակարգից կրթության կազմակերպման՝ մեթոդական, բովանդակային եւ այլ մոտեցումների առումներով: Բայց ամբողջությամբ անցնել IB համակարգի տարրական կամ միջին դպրոցում՝ նպատակահարմար չենք համարում, մանավանդ որ՝ միջազգային նման փորձ էլ չկա, որ որեւէ երկիր ամբողջությամբ փոխառի այս կամ այն կրթական ցանցերի մոդելները:
– Սակայն կարծում եմ՝ չեք հերքի, թե կա միջազգային փորձ, որ կրթական ծրագրերը լավագույնս ընկալվում են եւ յուրացվում, երբ դրանք դասավանդվում են մայրենի լեզվով:
– Այդ թեզն աքսիոմատիկ է եւ ոչ ոք չի էլ վիճարկում: Բնական է, որ ոչ միայն կրթության որակի հետ կապված, այլ նախ՝ պետական լեզվի, ազգային ինքնության, մշակույթի, ավանդույթների պահպանման տեսակետից՝ մայրենին է մնում շատ երկրների հանրակրթության լեզուն: Մեր երկրում նույնպես այդպես է: Եվ այն մարդը, որը ձեռք կբարձրացնի այդ պոստուլատի, աքսիոմայի վրա՝ առաջինը կդատապարտվի մեր իսկ կողմից: Սակայն պետք է հասկանանք, որ ունենք նաեւ միջազգայնացման խնդիր եւ մայրենիի դասավանդմանը զուգահեռ՝ առհասարակ լեզուների իմացության խնդիր:
Ի դեպ, հայերենի՝ որպես առարկայի ընդգրկումն IB համակարգի լեզուների խմբի մեջ, նույնպես կարեւոր է մեզ համար: Հիմա մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի մշակեն հայոց լեզվի՝ որպես առարկայի, լեզվաիմացության չափանիշները IB համակարգի համար:
– Ձեր պատասխաններից հետեւո՞ւմ է, արդյոք, թե նպատակահարմար չեք համարում որեւէ քայլ անել նման դպրոցներում նաեւ դասավանդումը հայերեն կազմակերպելու ուղղությամբ:
– Ռազմավարական առումով՝ ես էլ եմ տեսնում հեռանկարը, թե կարելի է գոնե աշխատել այդ ուղղությամբ, որ հայերենը նույնպես երբեւէ ներառվի IB աշխատանքային լեզուների շարքում: Բայց սրա հավանականությունը, իրապես գնահատենք, բավական ցածր է: Կամ էլ կարող ենք փորձել ստեղծել այն մոդելը, որի մասին իրենք էլ են գրել, այսինքն՝ ունենալ հայերեն լեզվով IB համակարգի դպրոցներում դասավանդում, սակայն աշակերտների պատրաստվածության մակարդակը լինի այն աստիճանի, որ կարողանան մասնագիտական բոլոր առարկայական քննություններ հանձնել անգլերեն: Համաձայնեք, որ սրա համար պետք է շատ երկար ժամանակ: Եվ առաջին հերթին՝ այն դպրոցը, որը կփորձի կիրառել այս մոդելը՝ պետք է սերտիֆիկացվի IBO-ի կողմից: Իսկ այսօր մենք խոսում ենք IB համակարգին ընդամենը մեկ դպրոցի հավանական համապատասխանության մասին: Նայենք իրականության աչքերին՝ Հայաստանում IB համակարգի համար հնարավոր մասնակիցների թիվը բավական փոքր է: Հուսով եմ, «Քվանտ» վարժարանը հաջողությամբ կհաղթահարի վերջնական հավաստագրման բոլոր փուլերը, եւ արդեն սեպտեմբերից հնարավոր կլինի ձեւավորել նման առաջին դասարանը (փետրվարին մոնիտորինգային խումբ էր եկել IBO-ից եւ նրանց որոշումը ինձ դեռ հայտնի չէ): Հայերեն լեզվով կրթություն IB ծրագրով՝ անգլերեն ելքային քննություններով. սա այն մոդելն է, որին կաշխատենք հասնել: Եթե «Քվանտը» կարողանա այս մոդելը կիրառել, գոնե փորձարկել՝ մենք պատրաստ ենք աջակցել: Եվ երկրորդը «Դիլիջան» միջազգային դպրոցն է, որը նախատեսվում է բացել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին: Այս երկուսը, կարծում եմ, կհագեցնեն հայկական կրթական շուկայում համապատասխան ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը:
– Վստա՞հ եք, թե այդ դպրոցը բացվելու է: Չէ՞ որ «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողները Հանրային խորհրդին ուղղված «բաց նամակում» հայտնել էին, թե հոգաբարձուների խորհրդի «հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել»:
– Ես վերջերս եղել եմ Դիլիջանում, եւ ականատես եմ եղել, որ այնտեղ աշխատանքները շարունակվում են նույն թափով:
«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ հնարավորություն կա նաեւ ունենալ ավագ դպրոցների մակարդակում միջազգային կրթական ծրագրերի իրականացում: Այս պահին հետաքրքրություն են դրսեւորել մի քանիսը, եւ նախաբանակցային գործընթաց կա միայն Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատների հետ: Հիշեցնեմ, որ նման ավագ դպրոցները կարող են գործել միայն միջպետական պայմանագրերի հիման վրա, եւ Հայաստանն իր կողմից գումարներ չի ծախսելու պետբյուջեից:
– «Դիլիջան» դպրոցի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը վերջերս Gazeta.ru-ին ասել էր. «Կարծում եմ, որ Հայաստանում շատ կարեւոր է հայոց լեզվի իմացության պահպանումը, եւ դրա համար իսկապես պահանջվում են մեծ ներդրումներ: Ցանկացած լեզուն պատշաճ մակարդակում պահպանելը այս կամ այն երկրի վերնախավի խնդիրն է»: Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է անի այդ ներդրումները, եթե ոչ՝ մեր պետությունը:
– Պետությունը բավական մեծ ներդրումներ է անում այդ ուղղությամբ: Այլ հարց է, որ խոստովանենք՝ հայերենի իմացության մակարդակը ցածր է ոչ միայն դպրոցներում դասավանդման որակի անկման հետ կապված, այլ նաեւ փոխվել է լեզվաիմացության մակարդակի պահանջարկը: Եվ մեր կենցաղում, եւ եթերում, եւ քաղաքականության մեջ միշտ չէ, որ որպես կարեւոր հանգամանք դիտարկվում է մայրենիի որակյալ իմացությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել