Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում և Հայաստանում տեղի ունեցան հատուկ միջոցառումներ՝ ֆրանսահայ մեծանուն արտիստի և մարդասերի 100-ամյակի առթիվ

Մայիս 23,2024 15:08

Մայիսի 22-ին` Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ֆրանսահայ մեծանուն արտիստի և մարդասերի 100-ամյակի առթիվ նրա երկու հարազատ երկրներում՝ Ֆրանսիայում և Հայաստանում, տեղի ունեցան հատուկ միջոցառումներ։

Արտիստի 100-ամյա հոբելյանը նշանավորելու համար «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական բացօթյա համերգ։ Միջոցառման հատուկ հյուրը ֆրանսիացի անվանի դաշնակահար Էրիկ Բերշոն էր, ով տարիներ շարունակ նվագակցել էր Ազնավուրին։ Բեմում հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Ելույթ ունեցան նաև տեղացի արտիստներ, որոնք կատարեցին Շառլ Ազնավուրի հայտնի երգերը հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Համերգի գլխավոր անակնկալներից մեկը Ազնավուրի և Բերշոյի վիրտուալ զուգերգն էր։ Համերգը եզրափակվեց «Քեզ համար, Հայաստան» երգով, որը կատարեց հենց հանդիսատեսը։

Inauguration jardin Charles Aznavour

Նույն օրը Փարիզում՝ Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, դուստր Կատյա Ազնավուրը, ընտանիքի այլ անդամներ, ֆրանսիացի արտիստներ և հասարակական գործիչներ։ «Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի արտիստ և Հայաստանի ազգային հերոս»՝ այսպիսի ցուցանակով այգին այսուհետ կընդունի այցելուներին։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում ընդգծեց, որ շուտով այդ այգում կտեղադրվի նաև Շառլ Ազնավուրի արձանը։

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում տոնական միջոցառումներ են նախատեսված ողջ տարվա ընթացքում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և այլ երկրներում։ Երևանում հուլիս ամսին տեղի կունենա ֆոտոցուցահանդես, սեպտեմբերին մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կկարողանան մասնակցել Ազնավուրի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությանը, իսկ  հոկտեմբերին լույս կտեսնի Շառլ Ազնավուրի տարբեր հարցազրույցների հատվածներից կազմված գիրք։

ԱԶՆԱՎՈՒՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031