Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մի բզեք, մենք էլ կծափահարենք»

Մարտ 24,2011 00:00

Մեկնարկում է Անկախ ֆիլմերի համահայկական առաջին կինոփառատոնը

Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) նախաձեռնությամբ մայիսի 28-30-ը Երեւանում կանցկացվի Անկախ ֆիլմերի համահայկական առաջին կինոփառատոնը: Պարզվում է՝ հայաստանյան Անկախ ֆիլմերի փառատոնը համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության՝ UNICA-ի փառատոնի «նմանակումն» է:
Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի հիմնադիր-նախագահ Արտաշես Հովհաննիսյանի խոսքով, սա լիարժեք կրկնօրինակում չէ. «Մենք շարունակում ենք այն տրադիցիաները, որոնք դրվել էին Սովետական միության ժամանակ, երբ Հայաստանում շատ լայն էր ոչ պրոֆեսիոնալ կինոստուդիաների ցանցը: Մենք դեռ այն ժամանակ պետք է Հայաստանում գրավեինք մրցանակային տեղ, հետո մեկնեինք Մոսկվա, որտեղ նույնպես գրավեինք մրցանակային տեղ, նոր հնարավորություն ունենայինք մասնակցելու UNICA-ի փառատոնին»:
Ինչպես տեղեկացնում է CANC-ի հիմնադիր-նախագահը, Հայաստանն անցյալ տարի Շվեյցարիայում դարձել է UNICA-ի անդամ. «UNICA-ն ստեղծվել է 1931 թվականին եւ գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ամեն տարի անցկացնում է ոչ կոմերցիոն կամ հեղինակային  ֆիլմերի փառատոն: Իր մեջ ներգրավում է 36 երկիր: Այդ փառատոնին ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմ: Մրցանակներն են՝ UNICA-ի լավագույն ֆիլմ, լավագույն ուսանողական ֆիլմ, լավագույն երիտասարդական ֆիլմ, լավագույն ազգային կինոծրագիր: UNICA-ում Հայաստանը ներկայացնում է CANC-ը: Որպեսզի մենք էլ ունենանք մեր մասնակցությունը այդ փառատոնին, որոշեցինք այստեղ հիմնել մեր սեփական Անկախ ֆիլմերի փառատոնը, որի հաղթող ֆիլմերը կմեկնեն UNICA»:
Ա. Հովհաննիսյանը փաստում է, որ CANC-ին մասնակցող ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի մակարդակը բարձր է եւ անգամ որոշ պրոֆեսիոնալ ֆիլմերից ավելի հաջող են դրանք. «Կարող է յուրաքանչյուր ֆիլմարտադրող մասնակցել փառատոնին, կարեւոր չէ՝ ինչով է նկարահանված ֆիլմը, կարող է լինել նաեւ բջջային հեռախոսով: Մյուս կողմից չեմ կարծում, որ այդկերպ նկարահանած ֆիլմերը մրցանակային տեղեր կզբաղեցնեն, քանի որ UNICA-ի փառատոնին մեկնող ֆիլմերը, ըստ պայմանների, պետք է լինեն PAL, Mini DV կամ DVCAM ֆորմատներով»:
Անկախ ֆիլմերի առաջին համահայկական կինոփառատոնի ֆիլմերի հայտերը դեռեւս կընդունվեն մինչեւ մայիսի 15-ը:
Ա. Հովհաննիսյանը գտնում է, որ շատ ժամանակ հարկավոր չէ ֆիլմ նկարահանելու համար. «Ես, օրինակ, ֆիլմը նկարահանում եմ երկու օրում, այսինքն՝ 1-10 րոպեանոց ֆիլմ նկարելու համար տարիներ, մեծ գումարներ պետք չեն, կարեւորը ասելիքն է: Հենց սրանով ենք տարբերվում մյուս կինոփառատոներից՝ կախված չենք շուկայի քմահաճույքներից եւ խոսում ենք այն թեմաներից, ինչի մասին ուզում ենք: Մեզ ոչ ոք չի կարող թելադրել՝ ոչ շուկան,  ոչ էլ ինչ-որ մեկը»:
Հաղթող ֆիլմերը կմեկնեն Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 20-28-ը տեղի է ունենալու UNICA-ի 73-րդ համաշխարհային կինոփառատոնը: Ինչ վերաբերում է հովանավորներին, Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնը այս դեպքում լիովին անկախ է՝ ոչ մի հովանավոր չունի. «Դիմեցինք մշակույթի նախարարությանը, ինչպես նաեւ մի քանի գործատերերի, սակայն նրանք պատասխանեցին, որ գումար չկա, ասացին՝ մեզ մի բզեք, դուք արեք ձեր փառատոնը, մենք էլ կծափահարենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել