Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ «ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼՈՒՑ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՇԵՐ

Ապրիլ 05,2011 00:00

Մարզաբնակ երեխաների վրա անվճար մանկապարտեզները «չեն տարածվում»

\"\"

Ապրիլի 1-ից Երեւանի շուրջ 160 մանկապարտեզները ֆինանսավորվելու են Երեւանի քաղաքապետարանի կողմից: Սակայն ավագանում այս որոշումը տարածվելու է միայն այն երեխաների վրա, որոնց ծնողներից գոնե մեկը գրանցված է Երեւանում: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, յուրաքանչյուր երեխայի համար ամեն ամիս տրամադրվելու է 18000 դրամ եւ յուրաքանչյուր մանկապարտեզի՝ պահպանման եւ այլ կարիքների համար։ Մարզային գրանցում ունեցող ծնողները, փաստորեն, հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց երեխաներին «տեսակավորել» են, ինչի արդյունքում ծնողները ստիպված են վճարել 18000 դրամ՝ երեւանյան մանկապարտեզների պարագայում: Թեման բուռն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում, նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: Ընդ որում, «ֆեյսբուքահայերից» մեկի պնդմամբ, խնդրի մասին քաղաքապետարանին ոչ հաճո  բոլոր մեկնաբանությունները Կարապետյանի էջից ինտենսիվ ջնջվում են:
Ոմանք կարծում են, որ Երեւանի քաղաքապետարանը պարտավոր չէ  վճարել մարզաբնակ երեխաների համար: Ըստ Կ. Կարապետյանի ֆեյսբուքյան էջի քննարկման մասնակիցներից մեկի, այդ երեխաների համար էլ թող իրենց մարզերը գումար փոխանցեն Երեւան համայնքի բյուջե: Մեկ ուրիշն էլ, ով ապրիլի 1-ին երեք մանկապարտեզում է եղել, գրում է. «Մարդիկ ապշած են, աշխատողներով, տնօրեններով, տեղացի (այսինքն` Երեւանի գրանցում ունեցող) եւ օտար (այսինքն՝ մայրաքաղաքում ապրող եւ խտրականության ենթարկվող) ծնողներով: Սա ի՞նչ է, հատուկ ծրագի՞ր է՝ երեխաներին «սորտավորելու» համար, թե՞ վարձով ապրողներից փող պոկելու ձեւ: Երեւանի ավագանու որոշումը խայտառակություն է»:
Վիրտուալ տարածքում քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պարզաբանել է. «Քաղաքապետարանի աշխատակազմը տեղեկացված է բարձրացվող հարցի մասին: Ընդհանուր առմամբ, Երեւան քաղաքում հաշվառում չունեցող մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը կազմում է ընդհանուրի մոտավորապես 5%-ը: Ներկայումս քննարկվում է հարցը եւ առաջիկայում կառաջարկվեն լուծումներ»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը որոշում է ընդունել այդ երեխաների վարձավճարը դարձնել 8000 դրամ՝ ծախսվող 18000-ի դիմաց: Այսինքն, ըստ էության, մարզերում գրանցված երեխաների համար կվճարվի այնքան, որքան մինչեւ ապրիլի 1-ը:
Զանազան ֆորումներում հետաքրքիր դրվագներ կան մեծահասակների մանկապարտեզյան հուշերից: Օրինակ, akumb.am-ի Cassiopeia անունով այցելուն գրում է, որ ժամանակին սիրով է այցելել մանկապարտեզ. «Դա Հրազդանում ռուսական մանկապարտեզ էր…… Երգիչ Արսեն Սաֆարյանը մեր խմբից էր, նկարը դեռ կա: Խմբում հիմնականում ռուսներ էին ու մեջների «կյաժը» ես ու Արսենն էինք: Հիշում եմ, թե աղջիկ տեղով ո՜նց էի բոլորին ծեծում: Հետո Երեւանի 127-րդ մանկապարտեզն էի հաճախում… Մանկապարտեզի ջերմ հուշերից մնացել են պարերը: Շատ եմ պարել, օրինակ՝ «Դինամոյում», համալիրում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Մի ժամանակ Ծաղկի պարահանդես գոյություն ուներ, այդ պարահանդեսը համալիրում էր: Մենք կակաչներ էինք՝ դեղին ու կարմիր: Հիշում եմ՝ ոնց էինք ծաղկի թասակի ծանրության տակ գլուխներս հազիվ ձիգ պահած պարում…»:
Selene-ն էլ  հիշում է, որ տանել չէր կարողանում, երբ դաստիարակչուհին իր հետ հավասար արտասանում էր իր ոտանավորը, նաեւ գրում իր խմբի մի «դանդալոշ» տղայի մասին, որը դաստիարակների սիրելին էր, ինչ է թե հայրը այն տարիներին «Աուդի» մակնիշի մեքենա էր վարում:
Lilushik-ը հիշում է, որ առաջին անգամ մանկապարտեզում է սիրահարվել. «Այդ տղան էլ ինձ էր սիրում, ինձ ծաղիկներ (մոլախոտ) էր նվիրում…… Բայց հետո նա սիրահարվեց մեկ ուրիշ աղջկա, եւ ես շատ ծանր էի տանում այդ ամենը… Շատ մեծ էր մանկապարտեզս, երկհարկանի մի դղյակ՝ այգիներով, ճոճանակներով… Այժմ այդ շինությունը գնել է մի մեծահարուստ, պարսպապատել եւ երբեմնի զվարթ գույներով մանկապարտեզից մնացել է լոկ հիշողություն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել