Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԼԻՆԵՆՔ»

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Ասում է փաստաբան Կարեն Թումանյանը

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի վերջերս արած հրապարակային արտահայտությունների շուրջ նույն մարզի մի խումբ փաստաբաններ, իսկ այնուհետեւ ՀՀ դատավորների միության խորհուրդը իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին: Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մարտի 20-ի որոշումով մերժել էր Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Փաստաբանները պնդում են, որ 2011 թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել դատարանի վերը նշված որոշման վերաբերյալ՝ այդկերպ ազդելով վերաքննիչ դատարանի որոշման վրա: Մեր զրուցակիցը փաստաբան Կարեն Թումանյանն է.
– Ո՞րն էր պատճառը, որ փաստաբաններն ու դատավորները հանդես եկան հայտարարություններով:
– Փաստաբանների հայտարարությունը նպատակ ուներ առաջինը պաշտպանելու հենց իրենց շահերը՝ այն կապելով վստահորդի շահերի հետ: Վստահորդի շահերի պաշտպանությունն ուղղակիորեն կապված է մեր շահերի պաշտպանության հետ: Եթե մենք չկարողանանք պաշտպանել մեզ, որեւէ անձ չի վստահի մեզ, չի ցանկանա դիմել այն փաստաբանին, ով իրեն չի կարողանում պաշտպանել: Իսկ այս տեսակետից Լոռու մարզի դատախազի՝ որպես պաշտոոնատար անձի հայտարարությունը դատարանին էր ուղղված, ինչն էլ անուղղակիորեն անդրադառնում է մեր փաստաբանական գործունեության վրա: Այսինքն՝ եթե դատախազը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, որ նա անի այն, ինչ ինքն է ցանկանում, ապա այս դեպքում փաստաբանների դերը նվազում է, հետեւաբար փաստաբանի աշխատանքը ոչ ոք հաշվի չի առնի: Այս իրավիճակում փաստաբանները հիշեցրին, որ իրենք էլ գոյություն ունեն:
– Ի՞նչ հանգամանքներ դրդեցին այդ քայլին, արդյո՞ք դա կունենա դատախազության վրա զսպող ազդեցություն:
– Այսօր դատարանները ուղղակիորեն կախվածության մեջ են գործադիր իշխանությունից՝ ի դեմս դատախազության: Դատարանը փորձեց այդ կախվածությունից դուրս գալ եւ անկախ լինել: Սակայն անկախության քայլ արեց միայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Արեց այն, ինչ օրենքով, ՀՀ Սահմանադրությամբ լիազորված է: Բայց վերաքննիչ դատարանը այդ անկախությունը փորձեց սահմանափակել, որպեսզի «հեղափոխություն» տեղի չունենա: Իսկ դատարանի անկախությունը զսպաշապիկ է բոլոր մարմինների համար: Եթե այսօր դատարաններն իրենք են ձայն բարձրացնում, որ, այո, մենք անկախ չենք, կա արդեն լուրջ պահանջ այդ հարցով զբաղվելու: Այդ հարցով պետք է զբաղվի երկրի նախագահը:
Կարծում եմ, որ փաստաբանների հայտարարության վերաբերյալ դատախազական համակարգում պարտավոր են մտածել, եթե մինչ այդ չեն մտածել:
– Արդյո՞ք Գլխավոր դատախազը կարգապահական տույժի կենթարկի մարզի դատախազին:
– Մեզ պետք չէ, որ Լոռու մարզի դատախազին կամ որեւէ պաշտոնյայի կարգապահական տույժի ենթարկեն: Մեզ անհրաժեշտ են գործողություններ, որոնց արդյունքում նման դեպքերը կկանխվեն:
– Փաստաբանների ու դատավորների կողքին էլ ո՞վ պետք է կանգնի:
– Դատարանը կենդանի մարմին է: Նա անընդհատ զարգանում է, իսկ նման դեպքերը, ցնցումները դատարանին կարող է հիվանդացնել: Նա անընդհատ պահանջում է, որ իր նկատմամբ լինեն ուշադիր՝ եւ դրական, եւ բացասական առումով: Դատարանները, ի տարբերություն մնացած պետական մարմինների, իշխանական հսկողությունից պետք է դուրս լինեն: Դատարանի հսկողությունը կատարվում է միայն հասարակական կարգով: Այսինքն՝ հասարակությունը ներկա է լինում դատական նիստերին, ու, որպես անկախ դիտորդ, նայում է, թե ինչպես է դատարանն իրականացնում դատավարությունը: Այս եղանակով է հսկվում: Եվ որքան շատ լինի հսկողությունը, մարդիկ, ինչքան ուշադիր լինեն դատարանի աշխատանքի նկատմամբ, վերջինս կսկսի ավելի պրոֆեսիոնալ աշխատել, ավելի ճիշտ: Որ մարզում, որ քաղաքում փաստաբանները, հասարակությունը ակտիվ է, այնտեղի դատարանները լավ են աշխատում: Դատախազությունը սահմանադրական մարմին է, եւ պետք է զերծ մնա դատարանի նկատմամբ որեւէ ճնշում գործադրելուց: Իսկ եթե հնարավորություն չես տալիս աշխատելու, ապա դու իրավունք չունես քննադատելու: Եթե հասարակությունը հնարավորություն է տալիս, անընդհատ հայցադիմումներ է ներկայացնում, ներկա է լինում դատական նիստերին, ինքը կարող է քննադատել, ասել, որ դատարանը լավ չի աշխատում: Հասարակությունը դրա իրավունքն ունի, դատախազությունը՝ ոչ: Մեր նման երկրում դատախազական մեկ հայտարարությունը դատարանին հիվանդացնում է, մի քայլ հետ է տանում:
– Ձեր հետագա անելիքներն այն դեպքում, եթե այս հայտարարությամբ էականորեն ոչինչ տեղի չունենա:
– Կարծում եմ, որ փաստաբանների հայտարարությամբ որոշ բաներ տեղի կունենան, բայց ոչ ամեն ինչ: Ուղղակի պետք է հետեւողական լինել:
Ամենքն էլ պետք է իրենց դերը լավ կատարեն արդարադատության համակարգում, որպեսզի վերջինը կայանա, որովհետեւ ունենք արդարադատության թույլ համակարգ: Բավական է դատարանը ուժեղանա, բոլոր մարմինները կսկսեն ուժեղանալ: Եթե, օրինակ, դատարանը որոշում կայացնի՝ պարտավորեցնելով քաղաքապետարանին ճանապարհների որեւէ հատվածի վերանորոգումը կատարել, որպեսզի մարդիկ չընկնեն փոսերի մեջ, ուզեն-չուզեն բոլորը կսկսեն սարքել: Հասարակությունը պետք է ներկայացնի այդ մարդկանց, մարդիկ՝ դատարան, փաստաբաններն էլ պետք է ակտիվ լինեն, փնտրեն այդպիսի իրավիճակներ: Դատարանի մեկ արդարացումը տասնյակ հարյուրավոր գործերի վրա ուղղակի ազդեցություն ունի՝ դրական իմաստով:
– Ձեր փաստաբանական գործունեության ընթացքում քանի՞ գործ է եղել, որոնց դեպքում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, դրանցից քանի՞սն եք բողոքարկել:
– 5 տարվա մեջ 15-20 քրգործ եմ ունեցել, որոնց դեպքում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բողոքարկման արդյունքում միայն մեկի դեպքում է վերաքննիչ դատարանը խափանման միջոցը փոխել գրավով:
– Ի՞նչ կասեք մեղադրող կողմի՝ հանցագործությունների մեծ մասի դեպքում խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, արդյո՞ք մեր հասարակության անդամներն իրոք այդ աստիճան վտանգավոր են:
– Մեզ մոտ բացառիկ դեպքերում է ընտրվում ստորագրությամբ չհեռանալը կամ այլ խափանման միջոցներ: Սրա պատճառն այն է, որ ա) իրավապահ մարմիններն աշխատում են ոչ պրոֆեսիոնալ եւ խափանման միջոց կալանքով փորձում են ապացույցներ ձեռք բերել, իրենց սխալները ուղղել եւ բ) քննչական մարմինը չի կարող առանց դատախազության ցուցումի մարդ բերել կալանավորման: Համենայնդեպս, մեր մարզում քննիչները իրավունք չունեն ինքնուրույն մտածելու: Նրանց գործողությունները պետք է պայմանավորված լինեն դատախազի ցանկության հետ, ոչ թե մտքի, այլ ցանկության: Եթե քննիչը հանկարծ կալանքի չբերի, մեծ խնդիրներ կունենա: Իսկ եթե դատարանը փորձում է կալանք չտալ, միմյանց նկատմամբ կասկածի մթնոլորտ է ստեղծվում: Դատախազությունն էլ դա վերագրում է հասարակության կարծիքին՝ թե հասարակության մեջ կարծիք կա, որ սպանողը դուրս է եկել: Դատարանին պետք չէ հասարակության կարծիքը թելադրել, դատարանն ինքը հասարակության անմիջական հսկողության տակ է: Եթե հասարակությունն ընդունում է, որ մարդը մեղավոր չէ, պետք է արդարացվի, ապա հասարակության կարծիքի հետ պետք է հաշվի նստել, ոչ թե դատախազության: Ի վերջո, մարդը, եթե նույնիսկ հանցագործություն է կատարել, նա մնում է հասարակության մեջ, հասարակության ցանկությամբ: Պետք չէ հասարակության կամքին հակառակ հասարակության փողերով կալանավայրերում մարդ պահել: Չեն կարողանում ճիշտ աշխատել, կալանավորում են: Սա պետության համար մեծ բեռ է: Երբ մարդն ազատության մեջ է, դատարանն ավելի հանգիստ է գնահատում գործի հանգամանքները: Մեր հասարակության անդամները վտանգավորության տեսակետից այն աստիճան վտանգավոր չեն, ինչ մյուս երկրներինը: Ընդհակառակը, ավելի հանդուրժող են, մանավանդ իշխանության նկատմամբ:

Միայն հիշեցնենք, որ նույն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որը «անկախություն ցուցաբերելով» կալանքի  չենթարկեց մարդասպանության մեջ մեղադրվող Մաքսիմ Պետրոսյանին, նույնքան «անկախ» չգտնվեց, երբ ընդամենը 55 հազար դրամ կաշառքի համար «Աբովյան» ՔԿՀ «ուղարկեց» երկու բժշկուհիներին՝  Ֆիլոմենա Մոսոյանին եւ Գայանե Գասպարյանին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել