Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու գողը հայե՞րն էին

Ապրիլ 26,2011 00:00

Թուրք իրավապահները բացահայտել են ապրիլի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած գողության աղմկահարույց դեպքը, որի ժամանակ հանցավոր խմբավորման անդամները գողացել էին 1,5 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն դոլար) արժողությամբ 20 կգ ոսկե սալիկներ: Ինչպես գրում է tert.am-ը, հղում կատարելով «Հաբերթուրք» թուրքական պարբերականին, գողությունը կազմակերպել են ծնունդով Լիբանանից Բրազիլիայի քաղաքացի Լաիթ ալ Սաիղը եւ Վենեսուելայի քաղաքացի Ժուան Ջեյմս Բարակոմենտեն: Իսկ բուն գործողությանը մասնակցել են նաեւ Անջել Բադիլո Գոմեսը եւ Ալեքսիս Վոլկան Մոլինան:
Իրավապահներին հաջողվել է բացահայտել գողությունը անվտանգության տեսախցիկների միջոցով:
Հանցախումբը նախապես տեղյակ է եղել, որ ապրիլի 12-ին Ստամբուլի ոսկու շուկայից տեղափոխվելու է 40 կգ ոսկի: Հանցագործները ոսկին տեղափոխող զրահապատ մեքենան հետապնդել են իրենց վարձած մոխրագույն մեքենայով: Երբ զրահապատ փոխադրամիջոցը հայտնվել է խցանման մեջ, վերջինիս մոտեցել է մի տաքսի, որի վարորդը սկսել է պատուհանից խոսել եւ զբաղեցնել զրահամեքենայի վարորդին: Այդ ընթացքում մի մոտոցիկլիստ մոտեցել է զրահապատ փոխադրամիջոցին եւ վնասել վերջինիս անվադողը, որից հետո ոսկի տեղափոխող մեքենան հետապնդող մոխրագույն ավտոմեքենայից դուրս են եկել 3 անձինք եւ հափշտակելով 20 կգ ոսկի՝ դեպքի վայրից դիմել փախուստի:
Գողությունից հետո Ժուան Ջեյմս Բարակոմենտեն հանդիպել է Իտալիայի քաղաքացի, ազգությամբ հայ Գեւորգ Պլոժիանի հետ: Վերջիններս 20 կգ ոսկին հանձնել են պոլսահայ ոսկերիչ Աբրահամ Օհանյանին, որն էլ իր հերթին ձուլակտորների է վերածել այն: Իսկ մեկ այլ թուրքական թերթ՝ «Սաբահը», գրում է, որ հանցագործությունը կազմակերպել է ոսկերիչ Աբրահամ Օհանյանն իր ընկերոջ՝ Իտալիայում բնակվող Գեւորգ Պլոժիանի միջոցով: Օհանյանն իր ծրագրերի իրականացման համար հատուկ Իտալիայից Ստամբուլ է հրավիրել Գեւորգին: Վերջինս էլ գողության կազմակերպման համար դիմել է Բրազիլիայի եւ Վենեսուելայի քաղաքացիներից բաղկացած հանցախմբին: Ըստ «Սաբահի»՝ հանցախմբում ընդգրկված են եղել նաեւ թուրքեր:
Գողությունից անմիջապես հետո հանցախումբը հեռացել է Ստամբուլից: Թուրքիայի տարածքը լքել է նաեւ Գեւորգը: Սակայն թուրք իրավապահները ձերբակալել են ոսկերչական արհեստանոցի սեփականատեր Աբրահամ Օհանյանին եւ նրա աշխատողներին՝ Կարապետ Բոդոդողանին, Սարգիս Քասափյանին, Մուստաֆա եւ Հալիլ Չելիքներին: Ձերբակալվել է նաեւ հանցագործությանը մասնակցած տաքսու վարորդը:
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ այժմ Թուրքիայի իշխանությունները բանակցում են Ինտերպոլի հետ հանցագործությանը մասնակցած Բրազիլիայի, Վենեսուելայի եւ Իտալիայի քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել