Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐ ԵՎ ՔԻՉ ԱՂՄՈՒԿ

Ապրիլ 26,2011 00:00

Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ժամանակն է, որ Հայաստանում էլ քննությունների շուրջ աժիոտաժը վերանա

2010-ին դիմորդների ընդհանուր թիվը՝ ներառյալ ԼՂՀ-ն, 17 655 էր, ինչը 2009-ի դիմորդների թվից պակաս էր 1510-ով: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց, որ ինչպես եւ ակնկալվում էր, այս տարի դիմորդները սակավաթիվ են՝ հայտագրման առաջին փուլում՝ ընդամենը 1209: Պատճառը հայտնի է բոլորին՝ շրջանավարտներ չկան եւ քննություններն էլ անցկացվելու են նախորդ տարվա շրջանավարտների համար: Նա տեղեկացրեց, որ, օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությանը, որ սովորաբար ամենախոշորամասշտաբն է, այս տարի կմասնակցի ընդամենը 609 հոգի, անցյալ տարվա 11 162-ի փոխարեն: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 544 շրջանավարտ, նախորդ տարվա 9 290-ի փոխարեն եւ այսպես շարունակ: Իսպաներենից էլ քննություն է հանձնելու ընդամենը մեկ հոգի, իսկ 2010-ին այս առարկայից քննություն հանձնողները 18-ն էին: «Քննություններին նախապատրաստվել ենք դեկտեմբեր ամսից, հանձնաժողովներ ենք ձեւավորել, որոնք կաշխատեն ընդունելության քննությունների թեստերի վրա, մեծ մասը պարտաճանաչ հասցրել է ժամանակին կատարել այդ աշխատանքները եւ արդեն նախնական թեստերը մենք ունենք»,- ասաց ԳԹԿ տնօրենը:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ բարդության են լինելու քննական թեստերը: «Քանի որ այս տարի դիմորդների թիվը քիչ է, նաեւ բուհերը խնդիր ունեն համալրելու իրենց կազմը, այսինքն՝ սոցիալական խնդիր կա լուծելու, փորձելու ենք այնպես անել, որ այս ընդունելությունը մի քիչ հեշտանա: Հաշվի առնենք, որ այդ դիմորդների մի մասը բանակ զորակոչվելուց հետո է գալիս եւ արդեն հասցրել է ինչ-որ բաներ մոռանալ կամ եթե նախորդ տարիներին չի ընդունվել, ուրեմն այդքան ուժեղ չի եղել: Թեստ գրողներին պատվերն այսպիսին է եղել՝ կազմել թեստեր, որպեսզի անցողիկ շեմը, խոսքը վերաբերում է 7,5-8 միավորին, հեշտ հաղթահարելի լինի, բայց միաժամանակ պահպանվի նախորդ տարիների ոգին: Անցողիկ շեմի հեշտ լինելը ինչ-որ առումով պայմանական է, որովհետեւ, եթե դիմորդը թույլ է, որքան էլ փորձես մատչելի թեստ կազմել, այդ մատչելին էլ կարող է իր համար հաղթահարելի չլինել»,- պատասխանեց պարոն Խաչատրյանը:
Մեր դիտարկմանը՝ եթե թեստերը այդքան մատչելի լինեն, համարյա բոլոր դիմորդները կընդունվեն, մանավանդ բուհերը դիմորդի խնդիր ունեն, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ մեծ մասը կհաղթահարի դրանք, մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, որ հիմա բանակում այնպիսի երեխաներ կան, որ անգամ իրենց անուն-ազգանունը գրել չգիտեն: Պատկերացրեք, եթե նմանների մտքով անցել է քննություն հանձնել, կկարողանա՞ն, ինչքան թեթեւ թեստ լինի»: Մեր զրուցակիցը փաստեց, որ վարչապետի մոտ կայացած մի խորհրդակցության ժամանակ կրթության ոլորտի ներկայացուցիչները «ընդհանուր հայտարարի» են եկել՝ բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը՝ դժվար. «Շատ երկրներում հասարակությունը ավելի հանգիստ է վերաբերվում ընդունելության պրոցեսին, ժամանակն է, որ Հայաստանում էլ աժիոտաժը վերանա, կրքերը այդքան չլարվեն»:
ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում նախատեսված են ինչ-ինչ բարեփոխումներ, այդ համատեքստում դրանցից մեկն էլ այն է, որ 2012թ.-ից պետք է ներդրվեն թեստերի քննական շտեմարաններ, որոնց հիման վրա էլ ստեղծվեն թեստերը։ ԳԹԿ տնօրենից հետաքրքրվեցինք՝ ժամանակին հրաժարվելով շտեմարաններից, ինչո՞ւ կրկին որոշեցին վերադառնալ դրանց: Մեր զրուցակիցը հարցին փիլիսոփայական պատասխան տվեց՝ պատմությունը պարույրաձեւ է զարգանում, հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ անց նույն ելակետին մոտենալ՝ մի քիչ այլ մակարդակով: Նա նշեց, որ ԳԹԿ-ն մինչ դա էլ ուներ բազայի՝ շտեմարանի ստեղծման խնդիր, ինչի համար ամեն տարի կառավարությունը որոշակի գումար է հատկացնում: Նա տեղեկացրեց, որ արդեն ունեն բավականաչափ թեստեր եւ առաջադրանքներ, որոնք կազմում են այդ շտեմարանի հիմքը, գործածության մեջ կան նաեւ մասնագիտական քննարկումներ անցած ժողովածուներ, որոնք եւս կարող են համալրել շտեմարանները: ԿԳ նախարարի հրահանգով դպրոցները եւս պետք է համապատասխան առաջարկներ ներկայացնեն, առաջին թղթապանակը ստացվել է Լոռու մարզից: «Այսպիսով՝ կունենանք կանխատեսելի քննություններ եւ աղմուկից հեռու կմնանք»,- մեկնաբանում է Գ. Խաչատրյանը, հավելելով, որ երեխային չպետք է զրկել մտածելու ունակությունից, ինչին բերում է, օրինակ, պատասխանի ձեւաթղթում մեխանիկական խաչեր դնելը:
Եթե այս տարի փոքր քանակությամբ թեստեր են անհրաժեշտ, արդյո՞ք բավականաչափ ծախսեր կարվեն թեստերը նախորդ տարիների նման Անգլիայում տպագրելու համար: ԳԹԿ տնօրենն ասում է, որ իրենց տպարանը մի քանի ժամում ի վիճակի է այդ գործընթացն իրականացնել, եւ Անգլիա հասնելու հարկ չկա: Նրա խոսքով, անցյալ տարի էլ թեստերի որոշակի քանակություն իրենց մոտ է տպագրվել:
Իսկ եթե թեստերի արտահոսք լինի, ինչը պատահեց նախորդ տարի: Պարոն Խաչատրյանը հավաստիացնում է, որ տպագրությունից մինչեւ փաթեթավորում վերահսկվելու է անձամբ իր, անվտանգության մարմինների եւ թեստերի հեղինակների կողմից: ԳԹԿ տնօրենից տեղեկացանք, որ թեստ գրող թիմերը, որոշ բացառություններով, փոխվել են, եւ որպեսզի թեստը մոտ լինի դպրոցական իրականությանը, ներգրավել են մասնագետներ ոչ միայն բուհերից, այլեւ դպրոցներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930