Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ ջութակահարուհին մեծ բեմում

Մայիս 12,2011 00:00

\"\"Մանկահասակ կամ սկսնակ կատարողների մենահամերգները սովորաբար մարդաշատ դահլիճներում չեն ընթանում, ունկնդրելու են գալիս հարազատները, ուսուցիչները, հասակակիցները: 12-ամյա Արեւիկ Իվանյանի պարագայում պատկերն այլ է. նրա յուրաքանչյուր ելույթը՝ մրցութային կամ համերգային, դահլիճ է «բերում» հետաքրքրված եւ նրա ջութակի հիասքանչ հնչյուններին արդեն ծանոթ ունկնդրին: Ինչո՞ւմ է այս դեռահաս աղջկա գաղտնիքը: Թե՛ մասնագետների եւ թե՛ «սովորական» ունկնդրի վկայությամբ՝ նրան, ջութակը ձեռքին, անհնար է ընկալել որպես սոսկ երեխայի կամ անփորձ աշակերտուհու, բեմում հասուն մի երաժիշտ է՝ խոր ներաշխարհով, մաքուր եւ նուրբ զգացողություններով, հիանալի տեխնիկայով եւ իր տարիքին ոչ բնորոշ պրոֆեսիոնալիզմով: Հավելենք նաեւ նրա էությունն ու բնավորությունը արտացոլող ներքին լույսն ու համեստությունը՝ եւ անմիջապես պարզ կդառնա, թե Արեւիկն ինչով է գրավում ունկնդրին:
Օրերս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ արդեն յոթ տարի սովորում է Արեւիկը, տեղի ունեցավ նրա մենահամերգը: Երկու մասից բաղկացած համերգն անցավ լեփլեցուն դահլիճում: Արեւիկը ներկայացրեց բարդ, կատարողական առումով դժվարհաղթահարելի, հասուն եւ կայացած ջութակահարին համապատասխան նվագացանկ, համերգի առաջին բաժնում մեկ շնչով կատարեց միանգամից երեք սոնատ՝ Բախի, Մոցարտի, Տարտինիի, իսկ երկրորդ բաժնում՝ Մոցարտի թիվ 4 ջութակի կոնցերտը, Պագանինիի «Կապրիսը» եւ Վենյավսկու «Պոլոնեզը»: «Բնությունը նրան շռայլորեն է օժտել». այս կարծիքին է Արեւիկի ուսուցիչը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանը, ում ծննդյան 60-ամյա հոբելյանին էլ, ի դեպ, Արեւիկը նվիրել էր մենահամերգը: Այդուհանդերձ, չնայած հերթական լուրջ հաջողությանը, համերգից հետո փոքրիկ ջութակահարուհին անհամբերությամբ չնետվեց դեպի իրեն շնորհավորելու եկած մարդկանց բազմությունը. նա, կողմ քաշված, սպասում էր իր ուսուցչին, որպեսզի հարցնի, թե կատարումներում ի՞նչն է պետք շտկել:
Արեւիկը սովորում է Երեւանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցում, առաջին համերգն ունեցել է 5 տարեկանում: Նրա առաջին ուսուցիչը մայրն է՝ ջութակահարուհի եւ մանկավարժ Մարիամ Իվանյանը: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, Էմին Խաչատրյանի անվան պատանի ջութակահարների հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան հանրապետական մրցույթ-փառատոնում՝ 1-ին մրցանակ, Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան մրցույթներում՝ հատուկ մրցանակ եւ դափնեկրի կոչում: Նա վարպետության դասեր է առել արտերկրի հեղինակավոր մասնագետների դասարաններում, մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Այժմ Արեւիկը պատրաստվում է մասնակցել Իտալիայում հուլիսին կայանալիք՝ ջութակահարների միջազգային մրցումի 2-րդ փուլին: Նա երազում է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել այդ մրցույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել