Լրահոս
Օրվա լրահոսը

Լոգոսի նահանջը

Սեպտեմբեր 25,2026 12:30 Share

Ժամանակակից սոցիոմշակութային և քաղաքական դիսկուրսի ստրուկտուրալ ճգնաժամը, որն արտահայտվում է հանրակրթական ինստիտուտների ֆունկցիոնալ անկմամբ և միջազգային վիճակագրական զեկույցներում  ցածր նշաձողի արձանագրմամբ, հանդիսանում է ոչ թե լոկ մեթոդաբանական կամ տեխնիկական ձախողումների հետևանք, այլ արդի հայեցակարգային իրականության գոյաբանական վակուում։ Գրագիտությունը, դասական փիլիսոփայական պարադիգմում, դիտարկվում է ոչ թե որպես տառաճանաչության կամ տեքստային ինֆորմացիայի մեխանիկական վերարտադրության գործիքակազմ, այլ որպես Լոգոսի՝ բանականության, ստրուկտուրալ կարգի և իմաստաստեղծման ինչպես սուբյեկտիվ ,այնպես էլ ՝ օբյեկտիվ դրսևորում։ Տեքստի ընկալման, վերլուծության և սինթեզի կարողությունների ատրոֆիան հանգեցնում է իմացաբանական կառուցվածքների փլուզման, ինչի արդյունքում անհատը զրկվում է արտաքին աշխարհը սիմվոլիկ համակարգերի միջոցով կոնցեպտուալիզացնելու հնարավորությունից՝ վերածվելով բացառապես աֆեկտիվ, էմոցիոնալ-զգայական ազդակներով կառավարվող օբյեկտի։ Սույն իմացաբանական դեգրադացիան անխուսափելիորեն ոչնչացնում է հանրույթի կոլեկտիվ քննադատական իմունիտետը մանիպուլյատիվ տեխնոլոգիաների հանդեպ, քանի որ քաղաքական դատողությունների ռացիոնալիզացիան ուղղակիորեն դետերմինացված է լեզվամտածողության խորությամբ և հասկացութային ապարատի բարդությամբ։ Երբ լեզվական սուբյեկտը դադարում է տեքստը տրանսֆորմացնել իմաստային կատեգորիաների, տեղի է ունենում նշանակյալի և նշանակիչի խզում, ինչը հանգեցնում է հանրային գիտակցության մասնատման։ Այս վիճակում ցանկացած բարդ մտային կոնստրուկտ, որն իր մեջ պարունակում է պատճառահետևանքային բազմաշերտ հարաբերություններ, ընկալվում է որպես թշնամական կամ անհասանելի աղմուկ, ինչը սոցիալական ատոմիզացիայի և կոլեկտիվ բանականության կազմալուծման առաջնային ազդակն է։

Խորհրդային տոտալիտար կրթական մոդելից, որը համենայնդեպս ապահովում էր էնցիկլոպեդիկ գիտելիքի և տեքստակենտրոն մշակույթի ուրույն իներցիոն կապիտալ, դեպի պոստմոդեռնիստական տեղեկատվական վակուում անցումը ձևավորեց արժեքաբանական (ակսիոլոգիական) խզում։ Անցումային շրջանի սոցիալ-տնտեսական տրանսֆորմացիաները և թվային տեխնոլոգիաների անվերահսկելի ներթափանցումը արմատապես փոխեցին կոգնիտիվ ընկալման մեխանիզմները՝ առաջացնելով անցում գծային-խորքային մտածողությունից դեպի կլիպային-մակերեսային գիտակցություն։

Քանակական փոփոխությունների՝ ընթերցանության մերժման, ուսուցչի սոցիալական ստատուսի դեվալվացիայի և կրթական ինստիտուտների ֆինանսական սահմանափակումների դիալեկտիկական կուտակումը հանգեցրեց որակական նոր ճգնաժամի, որտեղ կրթական համակարգը դադարեց գործել որպես սոցիալական մոբիլության և էլիտարացման ֆունկցիոնալ գործիք՝ կորցնելով իր տելեոլոգիական (նպատակաբանական) հիմնավորումը սերնդափոխության գործընթացում։ Այս փլուզումը չունի լոկ լոկալ բնույթ. այն արդյունք է գլոբալիզացիոն այն միտումների, որոնք արժեզրկում են ֆունդամենտալ գիտելիքը՝ փոխարինելով այն արագ կիրառելիության տեխնոկրատիկ հմտություններով (skills)։ Սակայն, ի տարբերություն զարգացած հանրույթների, որտեղ ինստիտուցիոնալ ամրությունը հակակշռում է այս միտումներին, հայաստանյան տրանսֆորմացիոն սոցիումում այս անցումը տեղի ունեցավ մշակութային իմունիտետի բացարձակ բացակայության պայմաններում։ Գիտելիքի նպատակայնության վերացումը հանգեցրեց նրան, որ դպրոցական և բուհական միջավայրերը դադարեցին ձևավորել քաղաքացիական սուբյեկտայնություն՝ վերածվելով դիպլոմների և վկայականների մեխանիկական բաշխման սառը կոնվեյերների, ինչն էլ ավելի խորացրեց էպիստեմոլոգիական վակուումը։

Այս կործանարար սոցիոմշակութային տիպաժների նախատիպերը մարգարեական ճշգրտությամբ արտացոլված են հայ դասական գրականության մետաֆորիկ համակարգում։ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» որպես սոցիոլոգիական հերմենևտիկ կոնստրուկտ հանդիսանում է հանրային պարազիտիզմի և պատահականության կառավարման խորքային այլաբանություն։ Հուռիի կերպարը, ով ունակ չէ տարբերակելու իլիկն ու մակոքը, և ում կենսագործունեությունը սահմանափակվում է  «Մաստակ պիտի,
որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ» ֆիզիոլոգիական ցիկլով, հանրային կուրության և քննադատական դատողության բացակայության պայմաններում տրանսֆորմացվում է «ոսկեձեռիկ» հերոսուհու «լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի»։

Այս միֆոլոգիզացված դիալոգն արտացոլում է այն մեխանիզմը, երբ ֆունկցիոնալ դատարկությունը՝ սիմուլյակրը, հանրային ցածր գիտակցության պայմաններում ստանում է բարձրագույն սոցիալական և քաղաքական կարգավիճակ։ Սա զանգվածային հոգեբանության այն ախտանիշն է, որտեղ տգիտությունը ոչ թե պարսավվում է, այլ կոլեկտիվ ցանկությունների հիման վրա վերածվում է սրբացված առասպելի։ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի էպիստեմոլոգիական հիմքը բացահայտում է հանրույթի մետաֆիզիկական կուրությունը, որտեղ ռացիոնալ, գիտական ու քաղաքական վերլուծությանը փոխարինելու են գալիս միֆոլոգիզացված, պսևդո-հայրենասիրական լոզունգները։ Մազութի Համոյի աֆեկտիվ կոչերի շուրջ հավաքված նաիրյան ամբոխը մարմնավորում է այն պատճառահետևանքային կապերից զուրկ զանգվածը, որի կոգնիտիվ սահմանափակումները հանգեցնում են պետականության աշխարհագրական ու ֆիզիկական կործանմանը.

— ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս… Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի— ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը։

Չարենցը հանճարեղորեն ցույց է տալիս, որ նաիրյան կուրությունը ունի կառուցվածքային բնույթ. այնտեղ չկա տեքստի ըմբռնում, այնտեղ կա միայն կույր հավատ բառի հանդեպ, որը զուրկ է օբյեկտիվ ծածկույթից։ Սույն համատեքստում Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» վեպը ներկայացնում է դեմագոգիկ պոպուլիզմի կատարյալ անատոմիան. «Ու ալ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտըվնե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կորոտար ընկերային անիրավությանց դեմ»  կոնցեպտուալ դատարկություն ունեցող, սակայն մակերեսային-ակուստիկ էֆեկտներով զինված թեզերը հեշտությամբ սուբորդինացնում են տեքստի դեկոդավորման ունակությունից զրկված հանրությանը, որը կուրորեն կրկնում է նրա «Հանուրին օգուտին համար» սին լոզունգները, նույնիսկ այն ժամանակ, երբ Ծապլվար գյուղը հիմնահատակ կործանվում է այդ գաղափարախոսության հարվածների ներքո։

Լեզվամտածողության ատրոֆիան ժամանակակից տեղայնացված միջավայրում ստանում է ընդգծված ենթամշակութային ստրուկտուրավորում, ինչը հնարավոր է վերլուծել Լյուդվիգ Վիտգենշտայնի լեզվափիլիսոփայական դրույթի՝ «իմ լեզվի սահմանները իմ աշխարհի սահմաններն են» համատեքստում։

Քաղաքային և գավառական «քյառթուական» ու կրիմինալ-օլիգարխիկ, նաեւ՝ գողական ենթամշակույթների գերիշխանությունը հանրային տարածքում պայմանավորված է լեզվական բառապաշարի էքստրեմալ աղքատացմամբ, ինչը բացառում է վերացական գաղափարների՝ իրավագիտակցության, քաղաքացիականության և պետականության կոնցեպտների ձևավորումն ուղեղում։ Բանական դիսկուրսի սահմանափակումը հանգեցնում է հաղորդակցության պրիմիտիվացման, որտեղ ֆիզիկական ու հոգեբանական ագրեսիան դառնում է սոցիալականացման միակ հասանելի կոդը՝ բակից ու դպրոցից տրանսֆորմացվելով քաղաքական հարթակներ։ Այս ենթամշակույթների ներկայությունը դպրոցական նստարանից սկսած ստեղծում է մի իրավիճակ, որտեղ կրթված լինելը, գրական հայերենով խոսելը կամ գիտական միտք արտահայտելը ընկալվում է որպես թուլության կամ «օտարության» նշան։ «Գողական» կոդեքսը, որն իր էությամբ հակաինստիտուցիոնալ է և հակապետական, փոխարինում է իրավական գիտակցությանը, քանի որ այն առաջարկում է հարաբերությունների պարզեցված, նախնադարյան-տոհմացեղային կառուցվածք։ Երբ դպրոցը ձախողում է իր հիմնական՝ անհատին քաղաքացի դարձնելու առաքելությունը, բակային ենթամշակույթը ստանձնում է արժեքային համակարգի ձևավորման գործառույթը՝ արմատավորելով ուժի պաշտամունքը և ինտելեկտի մերժումը։

Սույն դեգրադացիոն սխեման կատարելապես համադրվում է Ջորջ Օրուելի «1984» վեպի «Նովոյազի» (Newspeak) տեսության հետ, որտեղ լեզվի միտումնավոր կրճատումն ու պրիմիտիվացումն ուղղված էր քննադատական կատեգորիաներով մտածելու հնարավորության իսպառ բացառմանը։ Օրուելյան Սայմը (Syme)՝ բառարանի վրա աշխատող մասնագետը, բացահայտում էր այս մեխանիզմը. «Մի՞թե չես տեսնում, որ Նովոյազի ամբողջ նպատակը մտածողության սահմանները նեղացնելն է։ Վերջում մենք միտքը կդարձնենք բացարձակապես անհնարին, քանի որ չեն լինի բառեր այն արտահայտելու համար»։ Նույն սկզբունքն է գործում նաև «Անասնաֆերմա» վիպակում, որտեղ ինտելեկտուալ առումով անգիտակից կենդանիները՝ ոչխարները, ընդունակ չլինելով սովորել Յոթ պատվիրանները, սահմանափակվում են միայն մեկ պրիմիտիվ, կլիպային լոզունգի անդադար կրկնությամբ. «Չորս ոտքը լավ է, երկու ոտքը՝ վատ»։ Սույն մեխանիզմով ամբոխը զրկվում է անալիտիկ կարողությունից և հեշտությամբ ընդունում իշխող խոզերի ցանկացած մանիպուլյատիվ փոփոխություն, օրինակ՝ «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները»։

Լեզվի այսպիսի ամուտացիան հանգեցնում է պատմական հիշողության կորստի, քանի որ անցյալի տեքստերն այլևս անընթեռնելի են դառնում նոր սերնդի համար։ Ի տարբերություն օրուելյան տոտալիտարիզմի, հայաստանյան իրականության մեջ այս գործընթացն ընթանում է ներքևից եկող կրթական վակուումի և կրիմինալ ենթամշակույթի լեգիտիմացման միջոցով, ինչը հանգեցնում է Ֆեոդոր Դոստոևսկու «Դևեր» վեպում նկարագրված սոցիալական նիհիլիզմին։ Պյոտր Վերխովենսկու կերպարը, ով ձգտում էր համատարած քաոսի և արժեքների փլուզման, ձևակերպում էր տգիտության վրա հիմնված կառավարման կատարյալ բանաձևը. «Մենք կխեղդենք ամեն մի հանճար իր օրորոցում, ամեն ինչ կբերենք մեկ ընդհանուր հայտարարի՝ կատարյալ հավասարության… Մեզ պետք է հլու, անգրագետ զանգված, որը կհետևի առաջնորդին առանց հարցերի»։ Դոստոևսկին ցույց էր տալիս, որ մշակութային ու կրթական հենարանների նահանջը ծնում է մարգինալ մի զանգված, որի հիմնական մոտիվացիան բարձր էլիտարության մերժումն ու ամեն ինչ սեփական ցածր մակարդակին հավասարեցնելու ռեսենտիմենտն է։ Այս ռեսենտիմենտը վերածվում է քաղաքական ուժի, երբ տգիտությունը սկսում է ընկալվել որպես բարձրագույն առաքինություն և արդարության չափանիշ։

Այս իմացաբանական վակուումը և արժեքաբանական անկումը նոր, առավել տեսանելի դրսևորում են ստանում բարձրագույն կրթության ոլորտում, որտեղ մասնավոր քոլեջների ու համալսարանների քանակական աճը հանգեցրել է ակադեմիականության կատարյալ դեվալվացիայի։ Ակադեմիական գիտելիքի և ինտելեկտուալ որոնման նախկին կենտրոնները վերածվել են սոսկ առևտրային հաստատությունների և կարգավիճակի սիմուլյացիայի դաշտերի, որտեղ հիմնական ատրիբուտը ոչ թե հետազոտական կապիտալն է, այլ սպառողականության ֆետիշացումը՝ արտահայտված ուսանողների թանկարժեք մեքենաներով ու մոդայիկ հանդերձանքով։ Բովանդակության տոտալ դատարկումը փոխարինվել է արտաքին փայլի և նյութական ցուցադրականության կուռքով, ինչի հետևանքով բարձրագույն կրթության դիպլոմը ոչ թե միտք է հղկում, այլ սոսկ լեգիտիմացնում է նույն այն մակերեսային-ենթամշակութային զանգվածին, որն անցել է բակի ու փողոցի հակաինտելեկտուալ ֆիլտրերով։ Բուհերի բակերը վերածվել են սոցիալական սիմուլյակրների ցուցադրության հարթակների, որտեղ ինտելեկտուալ բանավեճերը փոխարինվել են նյութական ստատուսների մրցավազքով։

Ուսանողական այս զանգվածը, որը հաճախ չի տիրապետում սեփական մասնագիտության տարրական հասկացություններին, ձևավորում է նոր սերնդի այն «էլիտան», որն օժտված է սպառողական բարձր պահանջներով, բայց կոգնիտիվ զրոյական մակարդակով։ Սա արժեքների տոտալ շրջումն է (Ումբերտո Էկոյի ձևակերպմամբ՝ «տգետների արշավանքը»), երբ գիտական աստիճանը կամ բուհական պատկանելությունը դադարում է լինել մտավոր որակի երաշխիք՝ վերածվելով շուկայական ապրանքանիշի, որը կարելի է գնել առանց որևէ մտավոր ճիգի։

Ֆունկցիոնալ անգրագիտության և սպառողական սնամեջության սիմբիոզը հանդիսանում է պոպուլիստական իշխանության լեգիտիմացման հիմնարար դետերմինանտը։ Գյուստավ Լը Բոնի և Խոսե Օրտեգա-ի-Գասետի ամբոխների հոգեբանության տեսությունների պրիզմայով դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ բանական սուբյեկտայնությունից զրկված, կոլեկտիվ անգիտակցականով առաջնորդվող զանգվածը կատարելապես կառավարելի է դառնում պրիմիտիվ բառային կոդեր կիրառող առաջնորդի համար։ Օրտեգա-ի-Գասետի նկարագրած «մասսայական մարդը», մերժելով փորձագիտական գիտելիքն ու էլիտարությունը, սեփական տգիտությունը հռչակում է որպես նոր ժողովրդավարական բացարձակ ճշմարտություն, իսկ պոպուլիստական իշխանությունը, լինելով սույն զանգվածի հայելային արտացոլումը, միտումնավոր կերպով վերարտադրում է այդ տգիտությունը՝ կրթական համակարգի նվաստացումը ներկայացնելով որպես էգալիտար (հավասարության) նվաճում։ Պոպուլիստական տեխնոլոգիաների հաջողությունը հիմնված է այն իրողության վրա, որ առաջնորդի խոսքը չի պահանջում ինտելեկտուալ վերծանում. այն հղված է անմիջապես աֆեկտներին՝ վախին, ատելությանը, նախանձին և սին հպարտությանը։ Երբ հասարակության մեջ վերանում է տեքստի քննադատական ընթերցանության ավանդույթը, քաղաքական դաշտը վերածվում է թատերականացված շոուի, որտեղ հաղթում է ոչ թե առավել արդյունավետ ռազմավարություն ունեցողը, այլ նա, ով առավել բարձր է գոռում և ավելի պարզունակ պատասխաններ տալիս բարդագույն աշխարհաքաղաքական հարցերին։ Տգիտությունը դառնում է քաղաքական կապիտալ, իսկ կրթվածությունը՝ կասկածելի հանգամանք, որը դիտվում է որպես դավաճանություն «ժողովրդական պարզության» հանդեպ։

Այս սոցիոմշակութային դեգրադացիայի հետևանքները պետականության համար ունենում են էկզիստենցիալ բնույթ, քանի որ պետությունը՝ որպես բարձրագույն քաղաքական կազմակերպվածություն, պահանջում է կառավարման բարձր ինտելեկտուալ նշաձող և ինստիտուցիոնալ հիշողություն։ Երբ ֆունկցիոնալ անգրագիտությունը դառնում է իշխանության ձևավորման հիմնական գործիք, որոշումների կայացման համակարգ են ներթափանցում մշակութային և գիտական կապիտալից զուրկ դերակատարներ, ինչի հետևանքով երկիրը կորցնում է իր սիմվոլիկ կապիտալն ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը՝ վերածվելով արտաքին շահերի սոսկ օբյեկտի։ Ինստիտուտների փլուզումը սկսվում է այնտեղ, որտեղ պրոֆեսիոնալիզմը զիջում է հավատարմությանը, իսկ գիտական անալիզը՝ լոյալությանը։

Պետական ապարատի որակազրկումը բերում է նրան, որ ռազմավարական որոշումները կայացվում են ոչ թե հեռանկարային հաշվարկների, այլ կարճաժամկետ պոպուլիստական էֆեկտների հիման վրա։ Սա հանգեցնում է անվտանգային, տնտեսական և դիվանագիտական համակարգերի տոտալ կոլապսի, քանի որ արտաքին աշխարհի բարդ ստրուկտուրաները հնարավոր չէ կառավարել փողոցային ենթամշակույթի կանոններով։

Պատմական դիալեկտիկան փաստում է, որ Լոգոսի նահանջն ու տգիտության հաղթանակը անխուսափելիորեն կարող են հանգեցնել պետականության ապամոնտաժման և ինքնակործանման, ինչը պահանջում է արմատական կրթական ու արժեքաբանական կատարսիս՝ որպես ազգային գոյության միակ հնարավոր երաշխիք։ Պետության փրկությունը, հետևաբար, գտնվում է ոչ թե սոսկ քաղաքական դեմքերի փոփոխության, այլ կրթության սրբագործման, Լոգոսի վերադարձի և ինտելեկտուալ էլիտարության լեգիտիմացման տիրույթում, առանց որի ցանկացած ինստիտուցիոնալ վերակառուցում դատապարտված է ձախողման։

Սլավի-ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել