Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԹՈՐԻԿ՝ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 07,2011 00:00

Երեկ մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչով է բացատրում «Վիկիլիքսի» վերջին շրջանի ակտիվացած «բացահայտումները», կոնկրետ Հայաստանի մասով ինչ խնդիր է լուծվում այս հրապարակումներով, բավականին մշուշոտ ձեւակերպում տվեց. «Ինձ թվում է՝ մի նոր փոթորիկ ստեղծել ընտրություններից առաջ՝ տարբեր ոտնահետքերի համար»:
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ «Վիկիլիքսին» ոչ կարելի է համարել վիշապ, ոչ կարելի է համարել հրեշտակ»: Լրագրողի հարցին՝ իսկ Փենինգթոնի՞ն, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Միշտ թվում է, որ  օտարալեզու մեկը իր կեցվածքով եթե մի բան է ասում, դա արդեն, ինչպես ասեմ՝ հրեշտակապատում է: Ես չեմ կարծում, որ որեւէ դեսպանության աշխատողներն այստեղ լրտեսներ են աշխատում, գնալուց հետո բացահայտումներ են անում: Դրանք ասեկոսեներ են, զրույցներ են: Նորանկախ Հայաստանի ցանկացած երեւույթի, ցանկացած միջոցառման ականատեսն ենք, ինչ-որ չափով մասնակիցն ենք եւ ճանաչում ենք մեր բոլոր քաղաքական գործիչներին, եւ «Վիկիլիքսը» չէ, որ պետք է բնութագրի, թե ովքեր են մեզ շրջապատող մարդիկ»: Ասուլիսում պարոն Սահակյանը «ձեռքի հետ» պաշտպանեց նաեւ ՀՀ առաջին նախագահին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես քաղաքական մրցակից (ես հակառակորդ չեմ համարում), ինձ համար ավելի մատչելի եւ ավելի օգտակար է, քան օտար ափերից եկած ինչ-որ ուղերձներ, որ պիտի մեր առաջին նախագահին անվանեն աղվես. դա ինձ համար վիրավորական է: Պարզապես հասցեատերը չկա, որ ես էլ վիրավորեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել