Լրահոս
Օրվա լրահոսը

177 ՀԱԶԱՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ-ները պահանջում են հաշմանդամին հիշել մի՛շտ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն:

Սյունիքի մարզկենտրոն Կապանում 4300-ից ավելի հաշմանդամ կա, որից մոտ 40-ը սայլակավոր է, բայց քաղաքի փողոցներում սայլակով շրջող հաշմանդամների չես տեսնի: Հաշմանդամների համար, բացի հոգեբանական բարդույթը հաղթահարելը, նաեւ անհրաժեշտ պայմանների բացակայությունն է պատճառը, որ այսօր մեր հաշմանդամները մեկուսացված են հասարակությունից: Կապանի Հալիձոր թաղամասում ապրող 59-ամյա Յուրիկ Արզումանյանը 21 տարի առաջ ավտովթարի հետեւանքով է հաշմանդամացել: Բժշկությանը չհաջողվեց նրան կրկին ոտքի կանգնեցնել: Մայրաքաղաքում 6 ամսվա վերականգնողական բուժումներից հետո վերադարձավ Կապան եւ մինչեւ այսօր զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից: Օրերն անցկացնում է տանը՝ մահճակալին պառկած հեռուստացույց դիտելով: Տնից գրեթե դուրս չի գալիս, դրսի աշխարհի նորություններին ծանոթանում է կամ հեռուստացույցից, կամ իրեն այցի եկած ծանոթ-բարեկամներից: Արդեն մոռացել է, թե վերջին անգամ երբ է 4 պատերից դուրս եկել: Հաշմանդամների, մասնավորաբար ու հատկապես՝ սայլակավոր հաշմանդամների համար տեղաշարժվելու պայմանների՝ թեքահարթակների բացակայության պատճառով թե Յուրիկ Արզումանյանը, թե նրա բախտակիցները զրկված են արտաքին աշխարհի հետ շփվելու, ակտիվ կյանք վարելու հնարավորություններից: «Արդեն 20 տարուց ավելի է, որ օրերս նույն կերպ եմ անցկացնում: Դժբախտությունների կամ ուրախությունների դեպքում, եթե հազարից մեկ բարեկամներով գալիս են, մի քանի հոգով օգնում ինձ, տանում են, էդ ժամանակ դուրս եմ գալիս, թե չէ մնացած օրերը տանն եմ լինում, դժվար է 4 հարկ բարձրանալ-իջնելը, օգնող էլ չկա, որ ամեն րոպե իջնեմ մաքուր օդում զբոսնելու: Ցանկացած պահի, որ ուզենամ դուրս գալ, սայլակով մենակ չեմ կարող ինքնուրույն իջնել՝ պայմաններ չկան դրա համար», – ասում է զրուցակիցս:
Ոչ միայն Կապանի ծայրամասային Հալիձոր թաղամասում, նաեւ քաղաքի կենտրոնական փողոցներում, մայթերում եւ քաղաքի կառույցների մեծ մասում թեքահարթակներ չկան: Կապանի քաղաքապետարանը նույնպես թեքահարթակ չունի, իսկ մարզպետարանի թեքահարթակը կառուցվել է վերջերս: Մարզկենտրոնում նույնիսկ տոնական օրերին կազմակերպած միջոցառումների ժամանակ սայլակավոր հաշմանդամների չես հանդիպի: Կապանում գործող Սյունիքի մարզի հաշմանդամների «Ողջի» հ/կ նախագահ, մարզի հաշմանդամների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Կամո Դավթյանը սայլակավոր հաշմանդամներին քաղաքում չհանդիպելը պայմանավորում է թեքահարթակների բացակայությամբ: «Դա էլ է խանգարում հաշմանդամների ինտեգրմանը հասարակությանը: Թեքահարթակների առկայության դեպքում, չեմ կարծում, թե մեր հաշմանդամները չեն ցանկանա դուրս գալ, զբոսնել քաղաքում: Նրանք վատ են զգում, նեղսրտում են, որ ինչ-որ մեկին նեղություն տալով են տեղաշարժվում: Դրանից նրանք կոմպլեքսավորվում են, պարփակվում են իրենց մեջ, դուրս չեն գալիս տնից: Կարեւոր է, որ թեքահարթակներ կառուցվեն քաղաքի տարբեր հատվածներում, բազմաբնակարան շենքերում կամ այն տներում, որտեղ հաշմանդամներ են ապրում, ժամանցի վայրերում: Պայմանավորվածություն կա. մենք պետք է ճշտենք քաղաքում ապրող սայլակավոր հաշմանդամների հասցեները եւ ներկայացնենք մարզպետարան, որ թեքահարթակներ կառուցելու քայլեր ձեռնարկվեն: Կարծում եմ՝ շատ կարեւոր խնդիր է, բացի այդ, դրսից մարզկենտրոն եկած հյուրերը թեքահարթակների առկայությամբ կհասկանան մեր վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ, դա մեր ձեռագիրը կլինի»,- ասում է պարոն Դավթյանը: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքով՝ մարզպետարանը հետեւողականություն է ցուցաբերում, որ նոր կառուցվող շինություններում անպայման թեքահարթակներ լինեն: Սակայն, ըստ նրա, լինում են դեպքեր, երբ կառուցողները խոստանում են, բայց չեն անում, չեն կատարում օրենքի պահանջը:
Առօրյայում նման խնդիրների բախվելուց բացի, հաշմանդամները լուրջ խոչընդոտի առաջ են կանգնում նաեւ ընտրություններից ընտրություն, երբ ընտրատեղամասերում, որ առավելապես դպրոցներում, մանկապարտեզներում են տեղակայվում, բացակայում են թեքահարթակները, առավելեւս, երբ ընտրատեղամասը շենքի երկրորդ հարկում է լինում:
Նման պատկեր է ոչ միայն Կապանում, այլեւ՝ ողջ հանրապետությունում: Ըստ «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանի, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 177 հազար հաշմանդամներից շատ քիչ տոկոսն է կարողանում մասնակցել ընտրություններին՝ միայն մեկ՝ մատչելի պայմանների բացակայության պատճառով: Մատնանշելով նախորդ ընտրությունների արձանագրված փաստը, Սուրեն Օհանյանը նշեց, որ այն ժամանակ հանրապետության ընտրատեղամասերից 85 տոկոսը հաշմանդամների քվեարկության համար անմատչելի էր եւ միայն 15 տոկոսն էր ապահովված թեքահարթակներով: Այս օրերին Սուրեն Օհանյանը ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Մատչելի ընտրություն հաշմանդամ անձանց համար» ծրագրով այցելում է մարզեր, հանդիպում տեղի բնակիչներին, ծանոթանում ու ուսումնասիրում ընտրական տեղամասերի պայմանները, լսում առաջարկներն ու խնդիրները՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում հաշմանդամների համար քվեարկության մատչելի պայմաններ ապահովել՝ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ թեքահարթակներ կառուցել, առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ հաշմանդամների առաջարկությունները ներկայացնել պետական մարմիններին ու կուսակցության ղեկավարներին՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի չզրկվեն ընտրելու իրենց իրավունքից:
«Մեզ բախտ է վիճակվել այս ծրագիրը սկսել ընտրություններից 10 ամիս առաջ, նախորդ ընտրություններին մեզ ծրագիրը տվել են քվեարկությունից ընդամենը 2 օր առաջ եւ բացարձակ հնարավոր չէր այդքան կարճ ժամանակահատվածում որեւէ բան անել: Նախորդ ընտրության կազմակերպման եւ անցկացման համար պետբյուջեից 678 միլիոն դրամ է տրամադրվել, որից որեւէ լումա չի հատկացվել թեքահարթակ կառուցելուն: Մենք մարզերում իրավիճակն արձանագրելուց հետո հանդիպելու ենք պատգամավորների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ կառավարության ներկայացուցիչների՝ առաջարկելու ենք փոփոխություններ մտցնել «Ընտրական օրենսգրքում», որ ընտրությունը դառնա մատչելի նաեւ հաշմանդամի համար, ինչպես մեր հիմնական օրենքը եւ միջազգային իրավունքն է պահանջում: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: Ներկայիս ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ եղել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն ցավում եմ, որ քաղաքական կուսակցություններն այդքան էլ չեն կարեւորում այն, ինչը հաշմանդամներիս համար է կարեւոր: Ընտրական օրենսգրքի 7-8 հոդվածների վերաբերյալ առաջարկներ ենք ուղարկել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, բայց արձագանք չի եղել: Չենք կարծում, որ մեզ միանգամից կհաջողվի 100 տոկոսանոց մատչելիություն ապահովել, բայց մի բան պետք է արվի, որ տարիներ հետո գոնե կեսը մատչելի լինի»,- նկատում է հ/կ-ի նախագահ Սուրեն Օհանյանը, ով նաեւ հաշմանդամների հարցերով ազգային հանձնաժողովի անդամ է:
Եթե ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 54 հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ համապետական ընտրությունների ժամանակ բուժհաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ ընտրատեղամաս ինքնուրույն ներկայանալ չկարողացող քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու շրջիկ քվեատուփերի միջոցով, ապա տներում միայնակ, ծեր հաշմանդամների համար նման պայամաններ չեն նախատեսված, ինչը օրենքի խախտում է եւ խտրականության դրսեւորում՝ քանզի մեր հանրապետության սակավաշարժ քաղաքացիները զրկված են մնում ընտրելու իրենց իրավունքից:
Հաշմանդամների՝ հասարակությանը լիակատար ինտեգրման հարցերով զբաղվողները նշում են, որ հաշմանդամին՝ հատուկ կարիքներ ունեցող մարդուն պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել, ոչ թե հիշել ընտրությունից ընտրություն: Ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցելուց բացի, պետք է առաջնահերթություն տրվի շենքերի վերելակների հարմարեցմանը, մուտքերում թեքահարթակների կառուցմանը: Հաշմանդամը ազատ տեղաշարժվելու իրավունք ու հնարավորություն պիտի ունենա շաբաթը 7 օր եւ տարին 12 ամիս: Երբ կամենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930