Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ»

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"Zham.am-ի բացառիկ հարցազրույցը Գագիկ Ծառուկյանի հետ

– Պարոն Ծառուկյան, «Единая Россия»-ի համագումարին Ձեր մասնակցությունը եւ Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների եւ կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:
– Ես, որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի «Единая Россия»--ի համագումարին ռուսական կողմի հրավերով, եւ այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետեւ Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր-կուսակցությունը Ռուսաստանում հենց «Единая Россия»-
ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանում ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը եւ ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:
– Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից եւ կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը՝ կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար՝ թե հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:
– Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որն, ի դեպ, չբացառեց նաեւ 2-րդ նախագահը՝ իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետեւություններ է անում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական եւ քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:
– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:
– Շատ նորմալ եւ աշխատանքային:
– Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը գնում է ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ:
– Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ եւ գործող նախագահին, եւ 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, եւ մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…
– Պարոն Ծառուկյան, երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, եւ այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:
– Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային եւ դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ եւ հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմամբ հարգանքի, բարգավաճման տարի:
– Իսկ ի՞նչ է պետք դրա համար:
– Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ՝ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչո՞ւ ենք մենք լրացուցիչ՝ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի՝ նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետեւ այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաեւ կրպակի տիրոջը, խանութի առեւտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան եւ իրենց հարկերով հարստացնեն նաեւ պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլեւս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:
– Ի՞նչ եք անում Դուք մարդկանց կյանքը թեթեւացնելու համար:
– Նախ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիր չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների եւ շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարեւոր եւ հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը՝ ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:
– Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:
– Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, եւ այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:
– Գալիք ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:
– Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին՝ ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից՝ ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը, եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:
– Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
– Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին ամիսներ առաջ կեսկատակ-կեսլուրջ պատասխանել եմ՝ «այդ մասին՝ հաջորդ դասին»: Պատասխանը մնում է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել