Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈԼԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 06,2011 00:00

Բնանկարիչը շարունակում է  Գ. Բաշինջաղյանի ավանդույթները

\"\"

Երեկ Երեւանի քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:
«Առավոտը» տարբեր առիթներով անդրադարձել է նկարչի բնանկարներին, որոնք ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Այս ցուցահանդեսում ներկայացված էր 27 աշխատանք, որոնցում, ինչպես միշտ, արվեստագետը իրեն հատուկ վառ գույներով արտահայտում է ունեցած ապրումներն ու հիացմունքը դեպի բնությունը, անմահացնելով վերջինի գեղեցկությունը, բազմազանությունն ու հարստությունը: Նկարչի յուրաքանչյուր գործ՝ լինի մեծ կտավ թե էտյուդ, կազմում է բովանդակալից տրամադրությամբ բնանկարի ռեալիստական սկզբունքը:
Մենք ականջալուր եղանք երկու նկարչի խոսքուզրույցին, ավելի ուշ նրանք խնդրեցին իրենց անունը չհրապարակել, ինչն անում ենք նրանց արվեստի հանդեպ ունեցած հարգանքից: Արվեստագետներից մեկը ցանկություն էր հայտնում, որ Նիկոլը քիչ ավելի խնամք տաներ գծագրության նկատմամբ, հավասարեցնելով այն իր գույների զմայլելի ճշտության հետ եւ հետո սկսել պճնել աշխատանքները մարդկանց կամ կենդանիների ներկայությամբ, ինչն ավելի շատ կենդանություն կտար նկարին: Աղաբաբյանի մյուս ավագ վրձնակիցն էլ համակարծիք լինելով, շարունակեց, որ կենդանի էակների բացակայությունը, ինչը կարծես միօրինակություն է հաղորդում շքեղ բնապատկերներին, կրտսեր կոլեգան կարող է զգալ միայն տարիներ անց:
Մինչ ընթանում էր այս արվեստագետների երկխոսությունը, ներկաները հիշում էին հայ ազգային ռեալիստական պեյզաժային նկարչության հիմնադիր Գեւորգ Բաշինջաղյանի բնապատկերները, ինչ-որ տեղ զուգահեռներ անցկացնելով Նիկոլի գործերի հետ, շեշտելով բաշինջաղյանական հանգստությունն ու աղաբաբյանական գունեղությունը, նշվում էր նաեւ նկարիչներին հատուկ նուրբ ճաշակը, սուր դիտողականությունը ու տպավորական ուժեղ հիշողությունը:
Ն. Աղաբաբյանին փոխանցեցինք այդ նկատառումները, նա նախ նշեց, թե իր համար մեծ պատիվ է համեմատությունը, հետո էլ ժպտալով ասաց. «Լավ է, որ առանձին եք ասում, թե չէ կոլեգաներիս ու հյուրերի ներկայությամբ հնարավոր էր նման հաճոյախոսությանը չդիմանայի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել