Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ուժ ունեի գոռացի՝ Հայաստան»

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Հայերը՝ որպես ամերիկացիներ

Մի խումբ հայեր վերջերս հաղթահարեցին Արարատի բարձունքը: Զրուցակիցս խմբի լեռնագնաց-փրկարար Արման Սարգսյանն է:
– Ումի՞ց ստացաք հրավերը:
– Ես աշխատում եմ «iCON» ինտերնետային կազմակերպությունում: Հրավեր ստացա ամերիկահայ գործարար Ադամ Կաբլանյանից, որը նախկինում «iCON  communications»-ի  գործադիր տնօրենն էր: Իմանալով, որ նախկինում եղել եմ լեռնագնաց-փրկարար՝ Արտակարգ իրավիճակների վարչությունում, առաջարկեց մարզումներ անցկացնել Արագած լեռան վրա:
– Իսկ ինչո՞ւ Արագածի:
– Նախ՝ այն ՀՀ ամենաբարձր լեռն է, հետո Արագած գնալու առաջին նպատակը՝ սովորել մթնոլորտային ճնշմանը եւ ճիշտ քայլել սարում: Բարձրացանք երկու գագաթ՝ Հարավայինը եւ Հյուսիսայինը: Սրա իմաստը՝ ստուգել, թե խմբի անդամներից ով ինչի է ընդունակ: Հետո ուղեւորվեցինք Արարատ՝ 7 հոգուց բաղկացած խմբով: Խումբը գլխավորում էին Ադամ եւ Ռիտա Կաբլանյանները, մեզ հետ էին բժիշկ Ֆրանսուա Անտոնյանը, Վահե Սարգսյանը, Սուրեն Չիլինգարյանը եւ Արտուշ Խաչատրյանը:
– Երբ մտաք Արեւմտյան Հայաստան, ի՞նչ զգացողություններ ունեցաք:
– Առաջին զգացումը, որ համակեց ինձ, ափսոսանքն էր, որ այդ տարածքները վերածվել են անապատի: Սկզբում Արդահան մտանք, որը իմ պատկերացրածից ավելի վատ վիճակում էր: Հետո եղանք Բայազետում, որտեղ գիշերեցինք, իսկ հաջորդ օրը մեզ սպասում էր Արարատը: Փոքր-ինչ քաղաքակրթությանը մոտ էր Վանը:
– Ձեր գերագույն նպատակը Արարատ բարձրանալն էր: Ի՞նչ դժվարություններ եղան:
– Մեզ ուղեկցում էր երկու քուրդ: Առաջին օրը հաղթահարեցինք 3200 մետրը, երկրորդ օրը՝ 4200 մետրը: Մեզ զգուշացրին, որ թաքցնենք մեր ազգային պատկանելությունը՝ թուրքերի մոտ քրդերին վատ դրության մեջ չդնելու համար: Մեզ պատվիրեցին՝ հարցնելու դեպքում ներկայանալ որպես ամերիկացիներ: Իսկ դժվարություններ համարյա չեղան՝ չհաշված գագաթի ուժեղ քամին:
– Խմբի միակ լեռնագնաց-փրկարարն էիք, պատասխանատվության մեծ մասը ձեզ վրա էր, մեծացե՞լ էր անհանգստությունը:
– Բավականին: Արագածի իրավիճակը այլ էր, թեկուզ էլի մենակ ես էի փորձառու, բայց այն, որ Արագածում մի բան լինելու դեպքում մեզ կօգնեին, հուսադրող էր, իսկ Արարատում վախը ու պատասխանատվությունը շատ մեծ էր: Հետո Արագածը ինձ ծանոթ էր, իսկ Արարատը՝ ոչ: Երկու գիշեր անցկացրինք Արարատի տարբեր բարձրություններում: Երրորդ օրը գիշերով բարձրացանք: Գիշերով ճանապարհի հեռավորությունը տեսանելի չէ, նայում էինք միայն ոտքներիս տակ: Իսկ 4200մ-ից թեքությունը ավելի շատ է, դա նաեւ ժամանակի շահում էր: Ամենահետաքրքիրը արեւածագի դիմավորումն էր: Հետո էլ կեսօրին սառույցը հալչում է, եւ դժվար է բարձրանալը:
-Երբ հասաք գագաթ, ի՞նչ զգացողություններ կար:
-Առաջինը խմբից ես ոտք դրեցի գագաթին. շատ էի շտապում: Զգացողություններս անբացատրելի էին: Բարձրանալուն պես դեպի Հայաստանի կողմ քայլեցի ու ինչքան ուժ ունեի գոռացի՝ Հայաստա՜ն: Ուզում էի, որ ձայնս լսելի լիներ բոլորին: Ուրիշ ոչինչ չէի կարող գոռալ. մեզնից քիչ ներքեւ թուրքական ու իտալական խումբ էր գալիս: Պետք չէր ավելորդ աղմուկ: Դրոշ էինք վերցրել, ծածանեցինք ու թաղեցինք ձյան մեջ՝ մեզնից հիշատակ:
– Ձեզ հետ «Արարատ» կոնյակ էիք տարել: Ի՞նչ էր խորհրդանշում դա:
– Գաղափարը իմն էր: Մեր նվաճումը նշեցինք: Շիշն էլ թաղեցինք:
Եվ ընդհանրապես Արարատի մասին խոսելը ու տեսնելը տարբեր բաներ են: Արարատ բարձրանալը մեզ համար սեր էր, հաճույք: Տարբեր խմբեր կային՝ թուրքեր, բուլղարացիներ, պարսիկներ, բայց նրանք գալիս էին բարձր սար մագլցելու, իսկ մեզ համար դա մի վեհ բան էր: Արարատի ալեհեր գագաթը չէին զարդարում ամպերը, այն ամբողջովին բաց էր, կարծես դա նշան լիներ, որ նա էլ է ուրախ ու զգում է, որ իր իսկական տերերն էին իր մոտ: Մեծ հաջողություն էր մեզ համար ոչ միայն բարձրանալը, այլ նաեւ Մասիսը արեւածագին տեսնելն ու վայելելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել