Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կմասնակցի հրաժեշտի արարողությանը

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կմասնակցեն պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի հրաժեշտի արարողությանը:
Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Հրաժեշտի արարողությունը, նախատեսվածին հակառակ, տեղի չի ունենա Օպերայի շենքում, չնայած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ հանրահավաքում հայտարարել էր, թե իրենք խոստացել են իրենց հավաքով որեւէ խոչընդոտ չհարուցել, թեեւ  հրաժարվել էին մի քանի ժամով հավաքել Օպերայի մուտքի հարակից տարածքում, Ազատության հրապարակում տեղադրված մի քանի տասնյակ վրանները: Խանամիրյանին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու Ֆիլհարմոնիկի դահլիճում:
Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տեւական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից՝ դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունը այլ անձանց համար:
Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու վերաբերյալ կառավարական հանձնաժողովի որոշումը: Սույն արարողության պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության բանակցությունները հավաքի կազմակերպիչների հետ արդյունք չտվեցին:
Դրսեւորելով հանդուրժողականություն եւ պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետեւողականորեն բանակցելու որդեգրված սկզբունքը՝ ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսեւորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց՝ ապավինելով հավաքի կազմակերպիչների ողջամտությանը:
Միաժամանակ, անօրինական հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել