Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴՊՐՈՑԸ ՇՈՒԿԱՅԻ ՖԻԼԻԱԼ ԷԼ ՉԷ»

Հոկտեմբեր 20,2011 00:00

Անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում

\"\"
Է. Թումանյանը՝ թիվ 42 դպրոցի պոտենցիալ տնօրենն է:

Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում կրքերը եռում են. նոյեմբերի 1-ին էլ դպրոցի տնօրենի ընտրություններ են լինելու: Նախկին տնօրեն Զեմֆիրա Պողոսյանը վաստակած հանգստի է անցել, ու օգոստոսի 5-ից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կուսակից եւ Գագիկ Բեգլարյանի կադրերից՝ Էլեոնորա Թումանյանը, ով աշխատել է Պուշկինի անվան դպրոցում, Կենտրոն թաղապետարանում, եղել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի վարչության պետ: Նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է այս տարվա փետրվար ամսին՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով:
Թիվ 42 ավագ դպրոցի որոշ մանկավարժներ պնդում են, որ տիկին Թումանյանը քամահրանքով է խոսում իր ստորադասների հետ, սպառնում աշխատանքից ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր իր ճաշակով չեն եւ տեմպին չեն դիմանա: Նշենք, որ Է. Թումանյանը դեռեւս չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, եւ այսօր պետք է համապատասխան քննություն հանձնի: Բայց դա չի խանգարել, որպեսզի նա հավակնի դպրոցի տնօրենի պաշտոնին, որովհետեւ հուսով է՝ անպայման ընտրվելու է. «Դե, ես շատ վաղուց եմ այդ բնագավառում, բոլորը ԿԳ նախարարությունում ինձ ճանաչում են, ասում են՝ ի՜նչ լավ է, էդ դպրոցը վերջապես կփրկվի»: Դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիանա Ավագյանն ու որոշ մանկավարժներ, սակայն, այլ կարծիքի են: Տիկին Ավագյանը համոզված է, որ Է. Թումանյանը հովանավորվում է «վերեւից», դրա համար էլ նրա քննության օրը համակարգիչը «պատահականության սկզբունքով» է հարմար օր ընտրել՝ հոկտեմբերի 21-ը: Լ. Ավագյանը հայտարարում է, որ եթե քննությունը 26-29-ը լիներ, տիկին Թումանյանը չէր հասցնի հայտ ներկայացնել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին. վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է: Փոխտնօրենը հավելում է նաեւ, որ Է. Թումանյանին ԿԳ նախարարությունը հատուկ «կտրվածների» հետ է գցել քննության, որտեղ ավելի կարճաժամկետ են վերապատրաստվում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ծիծաղելի որակեց մանկավարժների այս պնդումը, նշելով, որ ամեն ինչ համապատասխանում է օրենքի տառին: Ինչ վերաբերում է Է. Թումանյանին, Ն. Հովհաննիսյանի խոսքով, նա արժանավոր թեկնածու է եւ իրականությանը չեն համապատասխանում այն մեղադրանքները, թե ինքը հովանավորում է Թումանյանին:
Փոխտնօրեն Լ. Ավագյանը, ով նույնպես թիվ 42 դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներից է, մտավախություն ունի՝ երբ Թումանյանն ընտրվի, իրեն ազատելու է աշխատանքից, բոլոր հարցերը լուծված են, նույնիսկ ընտրվելու առիթով կազմակերպվելիք խնջույքի տեղն է որոշված: Տնօրենի պաշտոնակատարն ասում է, որ ոչ մեկին էլ չի ազատելու աշխատանքից. «Ես այդքան խելք ունեմ, որ այդպիսի բան չանեմ»:
Էլեոնորա Թումանյանը հերքում է մանկավարժների՝ իր հասցեին արված բոլոր մեղադրանքները, թվարկելով սեփական արժանիքները՝ ունի 35 տարվա ստաժ, որից 27-ը մանկավարժական է, 20 տարի էլ անընդմեջ աշխատել է Պուշկինի անվան դպրոցում, նույնիսկ Մոսկվայից են մասնագետներ եկել, որ իր աշխատաոճին ծանոթանան. «Կոլեկտիվի 88 տոկոսը եւ ծնողական համայնքը երջանիկ է, որ ես այստեղ եմ, այս քաղաքում բոլորը ինձ ճանաչում են… Շատերն ուրախացել են, որ հիմա դպրոցում կան խստություն, պահանջներ, թե չէ՝ շա՜տ վայրիվերո վիճակ էր»:
Լ. Ավագյանը այս «մասով» էլ է հակառակ կարծիքի՝ առաջվա տնօրենի օրոք էր ամեն ինչ կատարյալ, իսկ հիմա. «Մեր դպրոցը նույնիսկ շուկայի ֆիլիալ չէ… Տնօրենն էլ բոլորին ասում է «բոմժեր», ասում է՝ էս ինչ քոսոտ ուսուցչանոց է»: Է Թումանյանը, իր խոսքով, որոշել է իրեն կոռեկտ պահել ու չնկատելու տալ իր դեմ եղած նման «ակցիաները»: Նա ասում է, որ նախարար Աշոտյանն իրեն վստահել է որպես կուսակցի եւ որպես ոլորտում մեծ փորձ ունեցող կադրի. «Նոյեմբերի 1-ին ընտրությունների օրն է: Եկեք տեսեք, թե պատրաստվածության ի՜նչ մակարդակ է լինելու: Սա էլ անցնեմ, վերջացնեմ, դպրոցաշինությամբ եմ զբաղվելու, իսկ իրենք ինչով ուզում են՝ թո՛ղ զբաղվեն… Համ էլ առանց աշխատանք չէի էլ մնալու, ուղղակի արդեն սկզբունքի հարց է դարձել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել